HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզպետը խոստանում է 2018-ին 240 մլն դրամի կապիտալ վերանորոգում իրականացնել Ալավերդու ներհամայնքային ճանապարհներին

Ամեն տարի Ալավերդու ներհամայնքային ճանապարհներին միլիոնավոր դրամների փոսանորոգումներ են կատարվում: «ՀՀ կառավարության 7 հրատապ ծրագրերի  շրջնակներում Լոռու մարզպետարանին ճանապարհաշինության ոլորտում աշխատանքներ իրականացնելու համար հատկացվել է 2 մլրդ  81 հազար դրամ: Դրանից Ալավերդի համայնքին ճանապարհաշինության համար հատկացվել է 177,1 մնն դրամ»,-այս տարվա հուլիսին «Հետքին» հայտնել է Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:

Կառավարության հրատապ ծրագրով այս տարի Ալավերդիում մրցութային կարգով 15 մլն դրամի փոսանորոգումներ է կատարել Երևանում գրանցված «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն:  Ալավերդցիները դժգոհում են այս ընկերության աշխատանքի որակից։ 

«Ով գիտի` սրանց դզած փոսերն ինչքան կգնան: Մի րոպե, ես վախում չեմ, եթե ոչ մեկն էլ ա  սրանց արածների համար չխոսա, էնդով էլ  ավելի վատ բաներ են անում:  Դե էս ճամփեն ճամփա չի:  էս ինչ կրկատան են անում, այ մարդ: Դե մի հետուց  անում ես, կարգին գործ արա: Էս ինչ ղայդա ա: Օրական մի ավտոյի կալպակ եմ կորցնում»,-ասում է  վարորդ Գագիկ Դավթյանը: 

Գագիկ Դավթյան

Գագիկն ասում է` սխալ է, որ Ալավերդու ճանապարհները վերանորոգում է դրսի կազմակերպություն։ «Ինչու պտի դրսի շինարարական ընկերությունը սարքի մեր ճանապարհը, մեր Մուկուչը շատ լավ էլ տղա է (խոսքը Թումանյանի «Ճանշին» տեղամասի պետ Մուկուչ Տիտանյանի մասին է), ասֆալտի լավ էլ մասնագետներ ունի, ժողովրդին էլ սիրող տղա է, խի չի նա քաղաքի ճանապարհներն ասֆալտում: Էս ասֆալտ անողնին էս ովքեր են, որ եկել են էսենց խայտառակ փոսանորոգում են անում մեր  քաղաքում»,- ասում է  Գագիկը:

«Փոխանակ փոսերի կողքերքը մազութ լցնեն, հետո խիճ լցնեն, նոր ասֆալտ, էնա փոսի մեջ մի հետից քանդած հին ասֆալտ են լցնում, վրիցն էլ մի լպատկա ասֆալտ են շպրտում ու վերջ: Էտենց ասֆալտ են անո՞ւմ»,- ասաց Գագիկի ավտոմեքենայում նստած մեկ այլ վարորդ: 

«Քաղաքի ճանապարհների փոսերի էս ասֆալտը որ արվում ա, մինչև ձմեռ, մինչև ցրտերը չի դիմանալու: Ձյունն եկավ, մարոզ արավ, էս փոսերում մի կտոր ասֆալտ չի մնալու: Ես պարզ եմ  խոսում, էդա լավ գիտենք` ինչ ա կատարվում, փոսանորոգում անելու համար ընդամենը 5 սմ էլ չի փորվում, արդյո՞ք էդ ասֆալտը կպահի»,- ասաց վարորդ Յաշա Վարդումյանը: 

Յաշա Վարդումյան

«Ալավերդի քաղաքի փողոցներում 15 մլն դրամի փոսանորոգումներ ենք կատարել: Մենք մեր նորմաներից ավելի շատ փոսանորոգում ենք արել»,-ասաց «Գևորգյան եւ Ներսիսյան» ընկերության տնօրեն Եղիշե Թադևոսյանը: Թե ինչու 2-3 ամիս կատարված փոսանորոգումների շինարարական աղբը դեռ կուտակված է Ալավերդու Էնգելս, Փիրուզյան, Թումանյան և մյուս փողոցներում, Եղիշե Թադևոսյանը պատասխանեց. «Երեկ այդ աղբը արդեն հանել ենք»:

Ե. Թադևոսյանին հարցրինք Ալավերդու փողոցների վարորդների ասած անորակ փոսանորոգումների մասին: «Դուք շինարա՞ր եք, որ ինձ էդպիսի հարցեր եք տալիս»,- ասաց տնօրենը: Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը հեռախոսով հայտնեց, որ  քաղաքապետարանը նույնպես դժգոհ է «Գևորգյան եւ Ներսիսյան» ընկերության`  Ալավերդիում կատարած փոսանորոգումներից։ «Մեր քաղաքի այս տարվա փոսանորոգումները կատարվում են կսռավարության հրատապ ծրագրերով, պատվիրատուն Լոռու մարզպետարանն է, մենք  փոսանորոգման որակի վերահսկման որևէ իրավունք չունենք: Այնուամենայնիվ, Ս./Սարահարթ թաղամասի հրապարակի այդ ընկերության անորակ փոսանորոգումը ես մի քանի օր առաջ արգելել եմ շարունակել»,-հայտնեց քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը:

Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանը տեղյակ էր այս տարվա Ալավերդիում կատարված անորակ փոսանորոգումներից: «Մեր հանձնարարությամբ այս պահին Ալավերդիում կատարված փոսանորոգումների չափումներ են արվում: Նախնական տվյալներով` «Գևորգյան եւ Ներսիսյան» ընկերությունը նախատեսված ծավալից ավելի շատ փոսանորոգում է կատարել»,- ասաց մարզպետը:

Վերադառնալով փոսանորոգումների որակին՝ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ մարզպետարանը մասնագիտական լաբորատորիա է հրավիրել Ալավերդիում այս տարի կատարված փոսանորոգումների որակը ուսումնասիրելու համար: Թե դեռ որքան պետք է փոսանորոգումները Ալավերդու ճանապարհներին շարունակվեն, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Մենք 2018թ. Ալավերդու ներհամայնքային ճանապարհներին պետք է իրականացնենք 240 մլն դրամի կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հուսով եմ, այդ ժամանակ ալավերդցիները գոհ կլինեն  նաև կատարվող աշխատանքների որակից»:

Մեկնաբանություններ (5)

Վիգեն
240 մլն դրամը բավականին մեծ գումարա,բայց չմոռանանք որ 2018 թ-ին Ալավերդին խոշորացված համայնքա լինելու և այդ գումարներով վերանորոգվելու են ոչ միայն Ալավերդի քաղաքի ճանապարհները,այլ նաև նրան միացաց Հաղպատի,Սանահինի,Աքորու ճանապարհները:Իսկ եթե հիշեն, որ նորոգման կարիք ունեն Ակների,Կաճաճկուտի և Ջիլիզայի ճանապարհները,պարզա դարնում որ էտքան էլ մեծ հույսեր չկան որ վիճակը կարա փոխվի:Մարզպետի հայտարարած 240 մլն դրամը ընդամենը նախկինում առանձին,բայց 2018-ից մի համայնքի մեջ միավորված 9 համայնքերի համար նախատեսած ընդհանուր գումարնա ու էս դեպքում հեչ էլ մեծ գումար չի:Լավ կլիներ լրագրողը պարզաբաներ էտ գումարները ինչպես են բաշխվելու ըստ բնակավայրերի որ ավելի հասկանալի լինի,թե չե անտեղի ժամանակից շուտ ուրախանում ենք,որ եկող տարի էս նույն ժամանակ նորից հիասթափվենք ու հերթական ձախողման նոր պատճառներ փնտրենք:
Աննա
մարզպետը ինչ ունի մտածելու.ավտո ա էլի հո մի մեծ բան չի:Ինքը դրանք կարա փոխի թաշկինակի պես:Էնքան դիզել ա էս տարիների ընթացքում խեղճ ժողովրդի հաշվին.ինչ էր ինչ դառավ:Հիմա էլ հեքիաթ ա պատմում ' կսարքեք բա չեք սարքի:Ալավերդցին էլ թող նստի թախտին սպասի բախտին:
AramO
խոստումներին էլ չենք հավատում, իսկ ընկեր Փարեմուզյան, մի նյութ էլ արեք. տենանք զավոդը ինչ ա խոստանում, ասում են Ալավերդի դզված վիճակ ա ըլնելու, ինչ փոսեր, ինչ սոցիալական վատ վիճակ, երկնքից էսա մանանա ա թափվելու ալավերդցոց վրա խաբար չկա
Marine
Շատ ճիշտ ա, որ նորից ընտրություն ա ու նորից խոստումներ:Ուզում եք փոս լցրեք,ուզում եք ծակ կռիշեքը կարկատեք մեկ ա: Մի քաղաքապետը դեռ չաշխատած մի ուրիշին են կապում ողովրդի վզին, էս մեկին ինչքան ե՞ք մտադիր պահել, էս մե՞կն ի/նչ ալավերդի ա կառուցելու: Ձեզ ոչ մեկիտ էլ ժողովուրդը կամ նրա ասֆալտն ու ապրելակերպը պետք չեն, ոչ էլ խոսք տվեք, հազիվ զբաղվաց եք նոր քաղաքապետին կլեյելու գործով, գնացեք էդ գորերով էղեք, հերիք են ձեր խոստումները
Gohar
Նոր փոսալցումներ նոր ընտրություն երի կապակցությամբ:Կեցցե մեր մարզպետը,ուռա՜:Տենաս հիմի ինչ ակնկալիքներ ունի ալավերդցիներից հիմի ումա ուզում քաղաքապետ սարքի: Չհավատաք թե ինչ որ բան կանեն թոզ են փչում մեր աչքերին:Ալավերդին մոռացված ա բոլորի ու ամենքի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter