HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրելուն վարժվել պետք չէ

Զրուցակիցս գրող Արամ Թարվերդյանն է՝ արդեն 11-րդ տարին անցկացվող ամերիկաբնակ վաղամեռիկ բանաստեղծուհի Իրինա Գյուլնազարյանի  անվան մրցույթի հաղթողը։ Թափառող թեմաներից շատ խոսեցինք, հաղթանակից՝ ոչ այնքան։

Արամից՝ Նեմրութ, կամ սերը սարերի հանդեպ          

Անունի ընտրությունը՝ որպես այդպիսին, շատ վաղուց է  տեղի ունենցել։ Սկզբում այս անունն ուղղակի հավանեցի, խոսակցականում շատ էի շոշափում՝ ի սկզբանե կապված Արեւմտյան Հայաստանում գտնվող մեկ ուրիշ Նեմրութ լեռան հետ․ Վանի մոտակայքում  է։ Առհասարակ, սարեր բարձրանալ շատ-շատ եմ սիրում։ Լեռան անունով մի քանի գործեր գրեցի, անունը հոգեհարազատ դարձավ։ Որոշեցի՝ կարող են ինձ այդպես անվանել։ Ժամանակի ընթացքում դա ‹‹կպավ›› ինձ, շատ մարդիկ ինձ հենց այդպես են ճանաչում։

Գրական միջավայրը հարազատ չդարձավ

Շատ փոքր տարիքից  չէ, որ գրում եմ, ու գրական գործունեությանս  սկիզբն էլ գրողների ազդեցությամբ չի պայմանավորված։ Այսինքն՝ այդ միջավայրում չեմ մեծացել․ սա առաջին՝ բնական պատճառն է։ Բայց կա նաեւ երկրորդը․ հետագայում,  երբ փորձում ես  ինչ-որ ձեւով ծանոթանալ այդ ամենին, գրողներին, իրենց անցուդարձին, աստիճանաբար սկսում ես հասկանալ, որ դա քեզ պետք  չէ․ ահավոր շատ են ինձ համար տհաճ երեւույթները․ միմյանց փառաբանելը, կամ ‹‹իրար հետեւից խոսելը››՝ մանավանդ գրական  չափանիշների անհստակության պայմաններում։ Հասկացա՝ չեմ ուզում այդ ամենի մեջ լինել, հատկապես՝ գրական ‹‹թայֆաներում›› հայտնվել,  ստիպված հարմարվել շատ բաների։ Ես՝ այստեղ, իրենք՝ այնտեղ. միմյանց տալու կամ առնելու բան չունենք:

Գործը խնդիր կարող է լուծել

Գրելու իմաստներից մեկը, բացի ինքդ քեզ ու մտքեր արտահայտելը, նաեւ խնդիրները մաքսիմալ լուծելն է՝ գրական, լեզվաբանական եւ շատ ուրիշ։ Հենց սա էլ, գոնե ինձ համար, կարող եմ համարել գրելու հիմնավորումներից մեկը։ Իսկ խնդիրները շատ են՝ հատկապես հայերենում։ Ինչքանով ծանոթ եմ ժամանակակից հայ գրականությանն ու պոեզիային՝ մեծ մասն իրենց առջեւ նման նպատակ չեն դնում, պարզապես արտահայտում են մտքեր, որոնք կարեւոր են համարում։ Չնայած  կան մի քանի լավ գրողներ, որոնց գործերից էլ զգացվում է՝ գիտակցում են իրենց դերը լեզվի ու մնացած հարցերում՝ փորձելով խնդիրներն իրենց ձեւերով եւ տարբեր հաջողություններով լուծել։

Նոր հայը․․․

Պոստմոդեռնիստական հայի կերպարը, որ ձեւավորվել է իմ գրածներում, ցանկացած դեպքում սուբյեկտիվ է, բայց փորձում եմ հնարավորինս իրական  ներկայացնել։ Նման հային նկարագրելու կարիքն ինձ մոտ առաջացել է ժամանակների ակնհայտ փոփոխությունից․ փոփոխություն մարդկային որակի մեջ, նոր սերնդի մեջ։ Այս ամենը հին  մտածելակերպի, ձգտումների մեջ չի տեղավորվում։ Նոր հային ինչ-որ ձեւով պետք է բնութագրել՝ որն է իր ձգտումը, իր երջանկությունը, ինչով է նա ապրում, ինչ է նրա համար Հայաստան ասվածը։ Եթե ավելի ընդհանրացնենք՝ որն է հայրենասիրություն ասվածը նոր սերնդի համար, եւ այլ՝ նեղ անձնական ու ընդհանրական, ասել է թե ազգային հարցեր։ Ինձ համար հայրենասիրության չափանիշ չկա, այն պարզապես ինչ-որ բան ճանաչելն ու սիրելն է կամ չսիրելը՝ սկսած բնությունից ու սարերից մինչեւ մշակույթ, անգամ ապրելու համար ոչ այնքան հարմար միջավայրում։ Սիրելուն վարժվել պետք չէ։

Ամենաքաղաքը՝ իր փոքր քաղաքն է

Փոքր քաղաքի բնակիչները, ցանկացած դեպքում, կրում են քաղքենիության որոշակի էլեմենտներ․ դա վատ կողմն է։ Դրա հետ մեկտեղ պարզություն է գալիս մարդկանցից։ Միգուցե տակտի զգացողությունը շփման մեջ քչանում է, բայց շատ ավելի ոգեղեն մի բան է ավելանում՝ հատուկ  փոքր քաղաքներին։ Եթե գումարենք, որ ծնվել ես այդ փոքր քաղաքում, հատկապես, մանկությունդ այնտեղ է անցել, շատ սուբյեկտիվ բաներ են հայտնվում, որ քեզ սիրել են տալիս այդ քաղաքը։ Ամեն դեպքում՝ ես հավանում եմ փոքր քաղաքները։ Այն, ինչ կամ՝ մեծավ մասամբ այս քաղաքի արդյունքն է․ ինչ-որ բան տվել է ու շարունակում է տալ։ Եթե ավելի լայն շրջանակների դեպքում քննարկենք, փոքր քաղաքում ռեալիզացումը շատ դժվար է, հատկապես, եթե ստանդարտ մտածելակերպով չես, շատ խնդիրներ են առաջանում․ բարդ է։ Ես, ամեն դեպքում, կնախընտրեմ ապրել Սեւանում. Երեւանում տուն չունեմ դրա համար (ծիծաղում է)։ Ի՞նչ է պետք մարդուն․ փոքր քաղաք, տուն, անցուդարձ։ Ինձ շատ ավելի հարմար եմ զգում փոքր քաղաքում՝ մեծ ջրերի կողքին։

Փոքր քաղաքներում անծանոթին 

բարեւում ես ամեն դեպքում՝

Դուրս չգա ծանոթ է։

Իսկ հաղթանա՞կը․․

Հաղթանակը ինձ տվեց 500 դոլար․ կարող  էր ավելի շատ լինել (ծիծաղում է), (միայն դա՞,-հեղ․): Ի՞նչ կարող է տալ հաղթանակը։ Զուտ հաճելի է, որ մարդիկ գնահատում են։ Սա այն դաշտը չէ, որտեղ կարելի է հաղթել կամ պարտվել։ Ուզում ես մրցել՝ գնա վազիր։ Այս գործում օբյեկտիվ չափանիշներ գրեթե չկան, նամանավանդ երբ համեմատությունը կատարվում է լավ գործերի միջեւ։

Մտքեր վերջից առաջ։

-   Կան, բայց  հիմա այդքան խմած չեմ։

Զրուցեց՝ Մարիամ Մկրտչյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter