Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Չեմ մտածել հարստանամ, էնքան ուրախ եմ, որ էսքան էրեխա կա իմ կողքը կանգնած»,- ասում է 9 զավակների հայրը


Աբոն 16 տարեկան է: Առավոտյան ժամը 6-ին գյուղացիների անասունները տանում է դաշտ: Օրվա վերջում 10 հազար դրամ է ստանում: Գործն ամեն օր չի լինում: 108 կով կա նախիրում, մենակ է նայում իր 5 շների հետ: 3 օրից նախիրը եղբայրը՝ 14-ամյա Դավիթն է տանելու: Նրանց հաճախ միանում է կրտսեր եղբայրը՝ Հայկը: Երեքն էլ դպրոցական են: Երբ նախիր չեն տանում, դաշտեր են գնում՝ կարտոֆիլ հավաքելու:

Տղաների հայրը՝ Ապարանի Քուչակ գյուղի բնակիչ Հովհաննես Երվանդյանը, 9 երեխա ունի: 48 տարեկան է: Ամուսնացել է հարևան գյուղից Թեհմինե Խաչատրյանի հետ: Վերջինիս տատն ու Հովհաննեսի մայրը մտերիմներ են եղել, Մռավյանում (այսօրվա Եղիպատրուշ գյուղն է) հաց թխելիս մայրն ասել էր, թե մի լավ տղա ունի, որ չի ամուսնացել, տատն էլ, թե՝ ես էլ մի լավ թոռ ունեմ: Մի քանի օր հետո Հովհաննեսին տարել են Մռավյան՝ բարեկամի տուն, հետո՝ Թեհմինեենց տուն: Այդպես ծանոթացել են: Հովհաննեսն ասում է՝ երջանիկ մարդ է: Երբ դեռ չէր ամուսնացել, որոշել էր, որ 9 երեխա է ունենալու՝ 8 աղջիկ ու մի տղա: Հիմա 6 աղջիկ ու 3 տղա ունի:

4 աղջիկներն ամուսնացել են, մյուս 5 երեխաները դպրոցական են: Հովհաննեսն արդեն 9 թոռ ունի:

«Չեմ մտածել հարստանամ, էնքան ուրախ եմ, որ էսքան էրեխա իմ կողքը կանգնած ա: Իրենց տենալով մոռանում եմ՝ սոված եմ, թե կուշտ»,- սա ասում է տան բակում, երբ նախիրն արածեցնող Ալբերտի մոտ դեռ չէինք գնացել:

Տունը, որտեղ ապրում են, կառուցել են Հովհաննեսի պապն ու հայրը. մոտ 50 տարվա պատմություն ունի: Անձրևների ժամանակ տանիքից կաթում է, պատերը խոնավ են:

Վառարանի մոտ մանուշակագույն տաշտակի մեջ ցան՝ աթար կա: Գազ չունեն, եթե գումար լիներ, ասում են, գազ կանցկացնեին: Թեհմինեն դստերը՝ Արմինեին, ասում է, որ կրակը թեժացնի: Դրսում արև է, բայց տան ներսում խոնավ է ու ցուրտ: Արմինեն այսօր կարտոֆիլ «քանդելու» պիտի գնար, բայց նախորդ օրվա անձրևը խանգարել է, հողը թաց է: Մայրն ասում է, որ կարտոֆիլ հավաքելով դուստրը դասագրքերի գումարն է աշխատել: Օրավարձը 5 հազար դրամ է:

Իրենց տնամերձում կարտոֆիլի մեծ մասն արդեն հավաքել են: Դավթի հետ քայլում ենք բակում: Քիչ է խոսում: Բերքից եմ հարցեր տալիս, ասում է՝ բերքը քիչ էր էս տարի: Հետո մեզ միանում է Հովհաննեսը, որդուն հանձնարարում է բահը բերել, Արմինեին կանչում է՝ «վեդրոն, վեդրոն վերցրու, արի»: Հովհաննեսը ևս ասում է, որ բերքն այս տարի քիչ է: Պատճառն, ըստ նրա, անձրևների սակավությունն էր, ոռոգման ջուրն էլ բավարար չէր:

Դավիթը բահի լայն ափը խրում է հողի մեջ, կարտոֆիլներից մի քանի հատ վնասվում են՝ կիսվում են, Հովհաննեսի աչքից չի վրիպում, որդուն խորհուրդ է տալիս զգույշ վարվել: Տղան չի առարկում հորը:

«Էս կարտոլին պարարտանյութ չենք տվել, 1 կիլո քանդեմ, տարեք»,- ասում է  Դավիթը: Ես ժպտում եմ, ինքը շարունակում է, թե լուրջ է ասում: Շնորհակալություն ենք հայտնում, որ դժվար կլինի տանելը, հիմա էլ ինքն է ժպտում:

Հովհաննեսն անթաքույց հպարտությամբ է նայում երեխաներին: Իրենց տարեկիցներից ավելի լուրջ, ընտանիքի հոգսերը կիսող են: Դասարանում, ասում են, միայն իրենք են, որ աշխատում են, բացակայություններ լինում են, բայց աշխատանքից գալուց հետո սովորում են բաց թողածը:

Արմինեն ասում է, թե պիտի սովորեն, հիմա որ չսովորեն, հետո դժվար կլինի: Երազանքները շատ են, բայց դրանց մասին չի խոսում: Միայն ասում է, որ վարսավիրություն է ուզում սովորել, ինտերիերի դիզայն, բայց ընտանիքի հնարավորությունները քիչ են:

Դավիթն էլ ցանկանում է ավտոմեխանիկ դառնալ, հայրն ասում է՝ 14 տարեկան է, բայց ձեռքից ամեն ինչ գալիս է:

Հովհաննեսը 12 տարի պայմանագրային զինծառայող է եղել: 2015-ին առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել բանակից, բայց հիմա, ասում է, եթե առաջարկ լինի, կվերադառնա:

41-ամյա Թեհմինեն միանում է մեր զրույցին: Օրեր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել: Բժիշկները նորագոյացություն են հայտնաբերել: 4 տարի գյուղապետարանում հավաքարար է աշխատում: Ասում է՝ երբ հիվանդանոցում պառկած էր, Արմինեն էր իր փոխարեն հավաքարարություն անում, որ հանկարծ չկորցնի աշխատանքը: Առհասարակ տան գործերի մի մասն Արմինեն է անում, ամուսնացած 4 քույրերն էլ հաճախ են գալիս, օգնում: Արմինեն նաև պատարագներին երգում է եկեղեցու երգչախմբում: «Երբ ժամերգություն կամ պատարագ է լինում, գնում ենք, Դավոն վազում, առաջին շարքում է նստում»,- ասում է մայրը:

Նրա պատմելով՝ Հովհաննեսը երիկամների խնդիր ունի, տղաները գիտեն այդ մասին, դրա համար էլ չեն թողնում, որ ամբողջ բեռը նրա ուսերին մնա: Արմինեն հաստատում է մոր ասածը:  

«Գյուղից ոչ մի բան չենք վերցրել, սոված էլ էղնենք, ոչ մի հարևան չի իմացել էդ մասին, մենք ցույց չենք տվել: Էրեխեքը թեկուզ նոր շոր չեն հագել, բայց միշտ մաքուր հագուստով են գնացել դպրոց: Մաքրությունը կապ չունի դժվարությունների հետ»,- ասում է Թեհմինեն, հետո ավելացնում, թե կարող ենք հարցնել գյուղացիներին ու համոզվել, որ ճիշտ է ասում: Ընտանիքն ամսական 38 հազար դրամ նպաստ է ստանում, բայց ինչպես մայրն է ասում, փոստից չեն էլ հասցնում գումարը տուն բերել, պարտքերն են մարում: Հովհաննեսի, Թեհմինեի, 3 որդիների ու 2 դուստրերի հետ ապրում է նաև 81-ամյա Սրբուհի տատը՝ Հովհաննեսի մայրը:

Հովհաննեսն ասում է, որ իրենք Քուչակում ու նույնիսկ Ապարանի տարածաշրջանում 9 երեխա ունեցած միակ ընտանիքն են: «Որ ասեք՝ Հովո, կասեն՝ ի՞նչ Հովո: Պիտի ասեք՝ Բեղլու Հովոն, որ իմանան, Բեղլուն պապիցս ա եկել, բեղեր ա ունեցել, էդպես գալիս ա ածականը»,- ասում է բազմազավակ հայրը:

Ընտանիքի փոքրերը՝ Լուսնինեն ու Հայկը, մեր այցելության ժամանակ դեռ դպրոցում էին: «Հիմա որ Լուսինեն տանը լիներ, կասեր՝ շատ կուզեի, որ Ձմեռ պապու տոնածառ լիներ, էդ ա էդ էրեխու երազանքը, Ձմեռ պապի գա մեր տուն, տոնածառ ունենանք… Դե, մտածում ես էրեխեքին մի քիչ միրգ առնես, տոնածառին ի՞նչ փող տաս»,- ասում է Թեհմինեն:

Համագյուղացի Կառլենի «ԳԱԶ-21»-ով գնում ենք չայիր (դաշտ)՝ Ալբերտի մոտ: Հովհաննեսն ասում է, թե ինչքան էլ դժվարություն ու խնդիրներ ունենան, միևնույնն է՝ իր հարստությունը երեխաներն են, նրանցից ամեն մեկը գանձ է իր համար, իսկ դժվարությունները ժամանակավոր են:

Դեղին դաշտում արածող կովերը հեռվից սև կետերի են նմանվում: Կառլենը ճանապարհի մոտ կանգնեցնում է մեքենան, մենք ոտքով գնում ենք դեպի նախիրը: Մինչև Աբոն ընդառաջ կգա, շներն են հասնում: Դավոն գալիս է, խաղում է շների՝ Արջուկի, Չալոյի ու Ջամբոյի հետ: Ասում է՝ ամենաուժեղը Արջուկն է:

Աբոն մեզ բարևում է, ժպտում: Հայրն ասում է, թե կարատեի էր գնում, կիսատ թողեց, հետո պարի գնաց, էլի կիսատ թողեց, բայց շեշտում է, որ Աբոն լավ պարող է: Իսկ թե տղաներն ինչ մասնագիտություն կընտրեն, ըստ հոր, պարզ կդառնա բանակից վերադառնալուց հետո:

Առաջին լուսանկարում՝ Դավիթն ու Արջուկը

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Այս թեմայով

... կարդացեք ավելին «Աղքատություն» թեմայով
Մեկնաբանություններ (3)
1. Շատ ապրես Մարինե!08:11 - 14 հոկտեմբերի, 2017
Ո՜վ վաճառականներ ու դղյակատերեր, նախանձեք սրանց, որովհետեւ իրենք ձեզնից շատ - շատ հարուստ են: Նրանք հողի աղն ու երկրի սյունն են եւ վարձ չեն ուզում, իսկ դուք անհագ սպառողն եք ու դժբախտ եք լինելու միշտ, քանզի երբեք չեք բավարարվելու:
2. Peter Jones20:07 - 17 հոկտեմբերի, 2017
Dear Hetq your reader's comments are very noble , I agree to be content and avoid engaging in rat race is admirable characteristics to follow , how ever it will be very selfish of us to try and present Marine's life as adequate, never mind something desirable. Life in Armenian villages ( like any third world country villages ) is a very harsh life , one can look at statistics survival rate of newborn babies , number of mothers dying during giving birth ,number of high quality university graduates compare to urban dwellers and so on, you and me take as granted that, come winter we turn on our hot water tap and we get hot water , we switch on our central heating and we have warm rooms , or if we feel slightly unwell we see doctors immediately and adults have sufficient space for privacy to exchange their intimate feeling without being stressed or hindered I wish ( and I admit my shortcomings //hypocrisy that my wish alone is not going to be helpful at all !!!!) a day to come when city dweller will go and live in villages in simple life manners and by that time the heart of our village compatriots will not be corrupted by the effects of struggle for unlimited material ownership Peter Jones
3. GB04:38 - 18 հոկտեմբերի, 2017
It is a beautiful life!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։