Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Կով պահող նկարչության ուսուցչի մոտ ո՞վ կգա, քաղաք կգնան»,- ասում է Եղեգիս տեղափոխված նկարիչը


«Ես սիրում եմ Երևանը, բայց այնտեղ ապրելը չեմ սիրում»,-ասում է նկարիչ Սոս Բաբումյանը: Հետո պատմում է, թե ինչպես է կնոջ հետ Երևանից տեղափոխվել Վայոց ձորի Եղեգիս գյուղ ու սկսել զբաղվել անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: «Մարդիկ մտածում են, որ Երևանում ամեն ինչ լավ է, կյանքը բարեկեցիկ է: Ինձ համար էստեղ ավելի բերեկեցիկ է»,-ասում է նկարիչը: Հետո ավելացնում է. «Սովորելու տարիներին էլ սիրում էի գյուղը, ես էլ եմ գյուղում ծնվել, բայց երբ երիտասարդ ես, ուզում ես քաղաք գնալ»:

 «Պատուհանից դուրս ես նայում, տեսնում ՝ ծառը ծաղկել է. ի՞նչը կարող է ավելի շատ հուզել մարդուն»: (ժպտում է-հեղ.):

Նկարիչը եղել է  Հակոբ Հակոբյանի կրտսեր ընկերը: Հիշում է, թե ինչպես են միասին գյուղերով, տեսարժան վայրերով շրջագայել ու նկարել: Հիմա ասում է, երկար ճանապարհ անցնելու կարիք չկա, տնից դուրս գալով՝ կարելի է նկարել. «Թղթերս վերցնում եմ, գնում ձորը: Հիմնականում վրձինով եմ նկարում, հետո տանը յուղանկարներ անում»:

Տան անկյուններում նկարչի աշխատանքերն են, կտավները, վրձինները, ներկերը: Պատից կախված է նկարչի  նոր և մի քանի տարի առաջ պատկերված կտավները:

Շրջանակի մեջ քսան տարի առաջ արված կնոջ դիմանկարն է, փակցված է սենյակի   կենտրոնական պատից: Նկարչի կինը՝ Գոհար Եդիգարյանը հիշում է՝ ուսանող տարիներին է նկարել: Ասում է՝ ինքը Սոս Բաբումյանի առաջին բնորդուհին է եղել. «Նստեցնում էր ժամերով, ասում ՝ մի շարժվի: Ես էլ հոգնում էի, բայց լուռ նստում»:

Տիկին Գոհարը մասնագիտությամբ դաշնակահար է, ասում է, որ երբ գյուղում տուն են գնել, նպատակը որպես ամառանոց օգտագործելն է եղել: «Ուզում էինք մի տեղ լիներ, ամառները գայինք, հանգստանայինք, Սոսն էլ նկարեր: Հետո Սոսը որոշեց էստեղ մնալ, ես էլ համաձայնեցի»,-պատմում է Գոհարը:

Հիմա նկարիչն ունի սեփական այգի՝ խնձորի, տանձի, ընկույզի ծառերով, ազնվամորու, լոլիկի թփերով: Պատմում են, որ բերք մշակելու համար գրքեր են կարդում, խորհուրդներ լսում տեղացիներից: Նկարիչն ասում է, որ աշխատող մարդը գյուղում արագ կկարողանա հարստանալ. «Հողը բերրի է, ձմռանը ձյան վրա լավ երևում են ծառերից թափված շագանակները, բայց բերքը իրացնելն է դժվար»:

Բացի հողագործությունից, ընտանիքը նաև մեղուներ, նապաստակներ ու կովեր է պահում: Զույգի լավագույն ընկերն իրենց շունն է: Սոս Բաբումյանը մեղվի փեթակներ գնելով շատ է ուրախացել, հետո պարզել է, որ մեղվի խայթոցից ալերգիա ունի. աշխատանքը վստահել է կնոջը:

Սոս Բաբումյանը գյուղում նկարչության դասեր է տվել, բայց  չի շարունակել: «Կով պահող նկարչության ուսուցչի մոտ ո՞վ կգա, քաղաք կգնան»,-ծիծաղով ասում է նա:  


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Գագիկ Խաչատրյան16:28 - 19 հոկտեմբերի, 2017
Հարգելի Ամալյա Մարգարյան և Դավիթ Բանուչյան, որքան որ հասկաց նյութի հեղինակները Դուք եք։ Ձեր կողմից պատրաստված նյութի հերոսը իմ կողմից շատ սիրված և հարգված Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցի 1985-87թթ․ի իմ կերպարվեստի ուսուցիչն է։ Իհարկե դպրոցն ավարտելուց հետո առիթ եղել է հանդիպել ընկեր Բաբումյանին, բայց ցավոք կոնտակտային տվյալները այժմ չունեմ։ Եթե Դուք ունեք հեռախոսահամար, որով հնարավոր է կապնվել իմ ուսուցչի հետ, ապա խնդրում եմ տրամադրել․․․․ Կանխավ շատ շնորհակալ եմ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։