HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիացիների նման ստիպված ենք պատանդ վերցնել դպրոցում կրթության գործընթացը տապալողներին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է գրել ՀՀ վարչապետին Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում կրթության գործընթացը տապալելու վերաբերյալ: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը:

«Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գեւորգյանի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանն իմ հարցին, թե ավարտվե՞լ է արդյոք Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի վերանորոգումը, բանավոր ասաց` այո: Դեկտեմբերի 19-ին  այցելեցի Արագածոտնի մարզի թիվ 2 միջնակարգ դպրոց, համոզվելու համար, որ սույն թվականի նոյեմբերի 30-ին ավարտվել է դպրոցի հիմնանորոգումը: Միանգամից ասեմ, որ  չի ավարտվել ոչ առաջին եւ երկրորդ մասնաշենքերի հիմնանորոգումը, որը պետք է ավարտվեր ս.թ. օգոստոսի 30-ին, ոչ էլ ամբողջությամբ: Երեխաները սովորում են անթույլատրելի հակասանիտարական պայմաններում, պարզապես շինարարական աղբի մեջ ու սառնամանիքի պայմաններում: Այցելությանս ժամանակ պարզվեց առնվազն երկու խախտում` առաջին, մարզպետի եղբայրը, ով հիմնանորոգվող դպրոցի կապալառուն է, խախտել է հիմնանորոգման ժամկետներն ու  շինարարությունն իրականացվում է խախտումներով, եւ ոչ մեկը դրանով չի մտահոգվում: Ավելին, ամիսներով դպրոցի գործունեությունը տապալած կապալառուն, չեմ կասկածում, մեծ շուքով կարմիր ժապավենը կտրելու համար կհրավիրի բարձրաստճան որեւէ պաշտոնյանի, ով օրինախախտ կապալառուի հասցեին կշռայլի գովեստի խոսքեր, իսկ այնտեղ կանգնած ուսուցիչներն ու աշակերտները հերթական անգամ կմտածեն.«Էսքան անօրեն երկիր կինի՞, որ մերն է»: Ունեմ նաեւ քաղաքաշինության նախարարության տեսչության կողմից գրված արձանագրությունն այդ շինարարության ժամանակ գրանցված խախտումների մասին, որի հետեւանքը հայտնի չէ:

Երկրորդ խախտում. դպրոցում կրթության կազմակերպման գործընթացը տապալված է, որի անմիջական պատասխանատուն տնօրենն է: Այդ դպրոցում եղել եմ նաեւ օգոստոսի 30-ին, ժամը 16.30-ին, որտեղ ոչինչ չէր ազդարարում նոր ուսումնական տարվա սկիզբը, ոչ մի մաքուր անկյուն կամ առավել եւս մաքուր դասասենյակ, որտեղ սեպտեմբերի 1-ին պետք է ընդունեին աշակերտներին, չկար: Այս մասին տեսանյութերը շուտով կդիտեք civilnet.tv կայքէջում:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն`  10-օրյա ժամկետում պատասխանել հետեւյալ հացերին.

  1. Ո՞վ է երկրում հսկում  կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով ամրագրված աշխատանքների որակն ու ժամկետները:
  2.  Ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու պայմանագրային ժամկետները խախտած կապալառու կազմակերպության ղեկավարը, ով մարզպետի եղբայրն է:
  3. Գնահատվո՞ւմ է արդյոք ծախսերի արդյունավետությունը: Ինչպե՞ս է գնահատվելու վերոնշյալ դպրոցին պետբյուջեից 156.640 հազար դրամ հատկացված գումարի ծախսը:
  4. Տրամադրեք խնդրում եմ այն կապալառուների «սեւ» ցուցակը, որոնք պարբերաբար խախտում եւ անարդյունավետ են ծախսում հարկատուներիս միջոցներով գոյացող պետական միջոցները: Ցուցակը կազմելիս կարող եք օգտվել ՎՊ-ի հաշվետվություններից:

Վերջում ուսուցչուհիներից մեկը, որպես լավ լուր, հայտնեց, որ իրենք պատրաստում են  հիմնանորոգված դպրոցի բացման միջոցառում, որին կհրավիրեն նաեւ ինձ:

Աշակերտներն ու ես անհամբեր սպասում ենք այդ օրվան, պարոն վարչապետ եւ փոխվաչապետ»:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Ոնց եմ սիրում նման հարցադրումները: Առավել սիրում եմ հարցերի պատասխանները և չեմ կարծում, որ ՀՀ Վարչապետը իրավասու է խախտելՀՀ օրենքը և չպատասխանել նշված հարցադրումներին: Հետք-ին խնդրում եմ ՀՀ Վարչապետի պատասխանը նունպես տեղադրել կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter