Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Բալկոնում Արմեն Գասպարյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Արմեն Գասպարյանն է (կենսաինժեներ, «Դարակ» հրատարակչության համահիմնադիր, մենեջեր)

Արմեն Գասպարյանը` երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երբ ասում եմ «ինքը», ուզում եմ գնալ դեպի սկիզբ։ Ինքը հիշողություն ունի, որը որ չես պոկի իրենից, ու ինքը կա, քանի կա այդ հիշողությունը։ Ու այդ հիշողության մեջ հետաքրքիր բաներ կան, որոնք իրեն այստեղ են բերել։

Չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ (սեր բառը չեմ ուզում գործածել), բայց «կյանքի գործի», «մասնագիտության» հանդեպ այդ «սիրո» զգացողության պակասը կամ բացակայությունը, շատ բեկումնային է։

Ինքը հասկացավ, որ դպրոցն անտանելի վայր է դպրոցն ավարտելուց շատ հետո, երբ մի քանի դպրոցներ էր փոխել ու արդեն 200-ից ավելի դասընկեր ուներ։ Սիրո բացակայության հետեւանքը այդ փոփոխությունների արդյունքում երեւաց։ Իր համար կային հետաքրքիր առարկաներ, որոնց մի քիչ ժամանակ էր տրամադրում ու վերջ։

Հետո, երբ համալսարան ընդունվելու շրջանն էր (էլի սեփական ցանկություն չէր) նորից հասկացավ, որ կոնկրետ ինչ-որ բան լինելու, դառնալու ձգտումն էլ է բացակայում։ Ու ինքը վերածվում է մեկի, ում մասին խոսելիս հենց այս «բացակայության» հիշողությունները պետք է մեջբերի։

Բայց․․․ Ինքն իրեն միշտ հետաքրքիր է, ու իր միջավայրերի փոփոխություններն էլ է իրեն շատ հետաքրքիր, որովհետեւ մարդկանց տեսակների բազմազանությունը նոր շերտեր է բացում իր համար, ու քո այս «երրորդ տարածությունն» էլ այդպիսի էֆֆեկտ ունի։

Իրեն ամենից շատ սազում է այն «բռնաբարված» բնութագիրը, որ փնտրտուքների մեջ է կամ մոլորության։ Ինքը հաշտ է դրա հետ, որպես իրողություն ու իրականություն է ընդունում ու չի նեղվում բացարձակ։ Ինքը չգիտի՝ ուր կլինի, ում հետ կլինի, ովքեր կլինեն իր ընկերները։ Ինքը ոչինչ չունի՝ ոչ մի սեփականություն, ինքն ազատ է ընտրելու ու համերաշխ ապրելու իր հիշողության հետ (ծափահարում է ինքն իրեն)։

Երբ քեզ հրավիրեցի «Բալկոն», հարցրեցիր՝ որպես ինչ պետք է գաս, ինչ պետք է խոսես։ Ու մինչեւ գալդ մի քանի անգամ կրկնեցիր այս հարցերը։

Հիմա պատասխան տալու համար պետք է հեռվից գամ։

Որտեղից  որ ուզում ես, արի։

Տե՛ս՝ մանկական նվիրական երազանքներ կան, չէ՞, ինչպես օրինակ, դառնալ դերասան, տիեզերագնաց կամ մի ուրիշ բան։ Իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա․ ինչ-որ բան դառնալու միտք չի եղել, ավելին՝ տարիների ընթացքում զարգացավ հենց ինչ-որ մեկը «չդառնալը»․․․ Սա դարձավ կենսական անհրաժեշտության նման մի բան, օրինաչափությունն էլ ամեն բան տեղը գցեց։

Ինչեւէ, ընդունվեցի համալսարանի մի ֆակուլտետ, որը շատ պատահական որոշում էր՝ բանակից ժամանակավորապես խուսափելու համար, եւ փաստորեն մի կերպ ավարտեցի, փաստացի ունեցա կենսաինժեների փաստաթուղթ, բայց բնականաբար, չզբաղվեցի դրանով։

Այդ նույն պատահականությամբ հայտնվեցի բժշկության ոլորտում ու չգիտեմ՝ ոնց եղավ, որ չորս տարի աշխատեցի, մեկ այլ պատահականությամբ ավելի ուշ հայտնվեցի գրական դաշտում․․․ Վերլուծություններ հետո փորձում ես անել, հասկանալ՝ ինչու հայտնվեցիր, ինչի արդյունքում եղավ, բայց մեծ հաշվով չես հասկանում, թե ոնց պատահեց հայտնվելդ։

Փաստորեն ես կոնկրետ պաշտոն, դեր չունեմ, որի շուրջ կարող եմ խոսել, ծավալվել, ու հարց էր առաջանում, թե ինչու պետք է լինեմ այստեղ, զրուցեմ հետդ։

Երբ գալիս էիր, մտածում էի՝ ոչ մի բառ չի գրվելու անուն ազգանունիցդ առաջ։

Ահա եւ կարեւոր հարց է՝ ինչ է գրվելու, այդ մարդն ո՞վ է, ինչո՞վ է զբաղվում։ Արվեստագետները շատ են մտածում, զրույցների ժամանակ արդեն վերլուծում են որոշ բաներ, ստեղծագործ մարդկանց միտքը տարբեր տարածություններում է, տարբեր բաներ են բերում այդ տարածություններից։ Ես չեմ ստեղծագործում, աշխատանքս անընդհատ փոխվում է, ու, իրոք, հետաքրքիր է դառնում, թե ինչու ես ինձ հրավիրել։

Հենց այդտեղից էլ սկսենք։ Քանի որ որպես «ինչ-որ» մեկը ներկայանալու հարցը դժվարանում է, ինչպե՞ս ես այլ տեղ ներկայանում առհասարակ։ Հարցեր չե՞ն առաջանում։

Հարցեր առաջանում են, իհարկե, մեկ-մեկ պատասխանում եմ այնպես, ոնց ինձ հարմար է։ «Հրատարակիչ» շատ բարձր է հնչում․ երբեք այդ եզրույթը չեմ գործածել, որովհետեւ երկու-երեք գիրք հրատարակելով հրատարակիչ չես դառնա։ Համենայնդեպս, իմ պատկերցումներն այնքան այլ են այս ոլորտի մասին, որ իմ գործունեության հետ կարող են նույնիսկ չհամապատասխանել։

Ո՞րն է այս ոլորտի պատկերացումդ։

Շատ երկար պրոցես է ենթադրում, դիրքորոշում է ենթադրում, ուղղվածություն, գրող-հրատարակիչ կապ, ընթերցող- գրող-միջնորդ հարաբերություն է ենթադրում, որը շատ բազմատարր աշխատանք է․ ժամանակ, ռեսուրսներ, ծավալներ, տարածություններ են պետք, որպեսզի ասպարեզում շարժ ապահովես։ Դրա համար ինքս ինձ երբեք այդպես չեմ անվանում։ Երբ, իրոք, հարց է առաջանում, թե ով եմ մասնագիտությամբ, կես-կատակ կես-լուրջ, ամեն դեպքում, ասում եմ՝ կենսաինժեներ եմ։

Արմեն, հիշում եմ՝ երբ դու բժշկության ոլորտում էիր, անընդհատ հետազոտությունների մասին էիր խոսում։ Ասում էիր՝ շատ կարեւոր է, պետք է անպայման հետազոտվել եւ այլ նման բաներ։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ համոզելու պրոցեսը էության հա՞րց է, թե՞ «մարկետինգ» էիր անում։

Առաջին պլանում հենց ռացիոնալ մտածողությունն էր․ ջատագովն էի հետազոտությունների, բայց մյուս կողմից, հա, խոսում, պատմում էի անընդհատ, որովհետեւ ինձ համար գործն անընդհատ է։ Եթե կամ որեւէ տեղ, աշխատում եմ, ուրեմն դրա մասին խոսում եմ աշխատավայրում, աշխատանքից դուրս այլ միջավայրերում։

Եվ իրոք, որովհետեւ չգիտեմ՝ հիմա հիշում ես, թե չէ, բայց ինձ այդ խորհուրդը փաբում ես տվել։

Հա, այդպիսինն եմ ու չեմ կարող ամբողջությամբ չթաթախվել այն գործի մեջ, որտեղ կամ։ Չորս տարի այդ ոլորտում աշխատեցի․․․ Հետո այնպես ստացվեց, որ նորից ոլորտ փոխեցի, ինչպես դպրոցների դեպքում էր։ Եվ այսպես՝ բժշկական ոլորտից անցա գրական դաշտ։ Ինձ համար անչափ հետաքրքիր մի անցում։ Տեսակների կտրուկ փոփոխություններն ու նոր բացահայտումներն ինձ անընդհատ են հետաքրքիր։

Ամեն դեպքում այդպիսի անցումները շարժառիթներ կամ պատճառներ ենթադրում են։

Շատ անկեղծ եմ ասում, երբ նշում եմ «պատահական» բառը։ Ինքս ինձ որ սկսեմ նկարագրել, առաջինը հենց անորոշության նկարագրությունն է․ ոչ մի հստակ ու կայուն որոշում չունեմ։ Գրական դաշտ անցնելն էլ պատահական էր այսկերպ․ պարզապես ծանոթացա մարդկանց հետ, իրենց հետ կապ պահելու իմ ցանկությունը մեծացավ, այնքան մեծացավ, որ հասկացա իրենց հետ պարտադիր պետք է համատեղ մի բան անել։

Գրողնե՞ր էին։

Հա, կոնկրետ Աշոտ Գաբրիելյանի հետ էի ծանոթացել, ում միջոցով էլ ծանոթացա մի քանի այլ մարդկանց հետ, ու միտքն ինքնուրույն եփվեց, եփվեց, ու վերածվեց «Դարակ» հրատարակչության։ Հիմա կասես՝ պատահական բառը շատ եմ ասում, բայց նույնիսկ «Դարակ» անունն է, որպես այդպիսին, պատահականություն։ Երբ անվան քննարկումն էր, Աշոտի աղջիկը միջանցքով անցնում էր ու ասեց՝ «Դարակ» դրեք անունը, ասեցի՝ ճիշտ ես, ու այդպես դրվեց։

Չնայած տարբեր ոլորտներին, գուցե մեկ բառով ասենք, որ «մենեջմենթ» ես իրականացնում։

Իրականում շատ դժվար է ձեւակերպելը։ Մի ժամանակ մտածում էի՝ «մենեջերի» աշխատանքը որպես միտք ձեւակերպելու մասին, որովհետեւ բժիշկների մեջ անընդհատ աշխատել ու չլինել բժիշկ, գրականության ոլորտում անընդհատ աշխատել ու չունենալ գրականության հետ կապ (լինել զուտ ընթերցող), ունի մեդալի հակառակ կողմը։

Երբ ամուր հեղինակային խոսք ասելու համար քեզ թվում է՝ հենքեր չունես, հանկարծ հասկանում ես, որ գրականագետների ու բժիշկների պես էլ կարող ես խոսել, բայց դու ոչ այն ես, ոչ մյուսը, ուղղակի եզրով քայլողն ես․․․

Մենեջմենթ է էլի։ Եզրով քայլում ես, որ ոչ մի բժիշկ ու ոչ մի գրող չընկնի․․․

Հա, ու որ ինքդ էլ չընկնես, որովհետեւ վտանգի տակ նախ դու ես։ Դրա համար մենեջերի աշխատանքը շատ եմ սիրում, որովհետեւ «բռնացնում» ես պահը, ասում ես՝ այս մի բանը ես քեզնից ավելի լավ գիտեմ կամ, թե ա՜յ այստեղ չափազանցնում է։

Ինչպե՞ս է ստացվում, որ այդքան փոփոխությունների մեջ «տեղդ» չես փոխում։

Ո՞նց փոխեմ, ու՞ր գնամ։  Շատ տեղերում չեմ էլ եղել, բայց շատ եմ լսել տեղը փոխածների պատմությունները։ Չգիտեմ․․․ Ամեն դեպքում չեմ բացառում (գուցե գնալու պատահականությունը դեռ չի ստացվել (ծիծաղում է)):

Քո ու Հայաստանի հարաբերությունները:

Առհասարակ հարաբերությունները միշտ փոխադարձ են չէ՞․ լինեն անձնական, գործնական կամ այլ հարաբերություններ։ Ինձ թվում է՝  իմ ու Հայաստանի հարաբերությունները մասամբ են փոխադարձ, բայց ինձ հարմար եմ զգում այստեղ։ Ասենք այսպես՝ նման հարաբերություն ձեւակերպված չկա, փոխարենը մարդիկ են հարաբերությունները։

Ովքե՞ր են այդ մարդիկ, ովքե՞ր են քո ընկերները։

Շատ տարբեր են։ Այսօր մեր միջավայրում մեծ «ռեզերվի» խնդիր ունենք։ Համբերության «ռեզերվ», օրինակ, շատ քչերն ունեն, նույնկերպ ինքներս մեզնով զբաղվելու ժամանակի «ռեզերվ» չունենք։

Տեսե՞լ ես բարձր գոռացող մարդու հայացքը անմիջապես գոռալուց հետո․ ապշած է, ինքն իր վրա երեխայի պես զարմանում է, թե ոնց հենց նոր գոռաց կամ խփեց ինչ-որ մեկին, որովհետեւ չի ճանաչում ինքն իրեն, ժամանակ չկա, հոգեվիճակ չկա կամ համբերությունը, որ իրենով զբաղվի, հղկի իրեն։

Անցած օրը ոստիկանը մեքենայից ծխախոտի դատարկ տուփը շպրտեց։ Չալարեցի, հետեւից երկու կանգառ գնացի, կանգնեցրի, ու շա՜տ մեղմ, առանց խիստ մոտեցումների ասեցի՝ իզուր գցեցիր, առաջարկում եմ՝ գնանք, վերցնենք։

Այդ մարդու հուզմունքը մինչեւ հիմա դուրս չի գալիս մտքիցս, այնքան վատ վիճակի մեջ հայտնվեց, ու գիտես՝ ինչու․․․ Որովհետեւ մտավախություն ունեցավ, որ հենց հիմա իր ճակատագիրն իր ձեռքից կխլեն, որ իրեն, հնարավոր է, այս միջադեպի համար հեռացնեն աշխատանքից, որին այդքան կպած է։

Ես ինձ վատ զգացի, որ նման բան եմ արել։ Հասկանու՞մ ես՝ այնքան անհանդուրժողականություն կա, սխալվելու հնարավորություն չեն տալիս մարդկանց։ Չկա համբերության «ռեզերվը», չկա սխալի պատասխանը տալուց մի վայրկյան մտածելու «ռեզերվը»։ Արքմենիկն ինձ մի օր հարցրեց՝ վերջին անգամ երբ եմ երկնքին նայել։ Շատ կարեւոր մի հարց, որի համար էլի ժամանակ չունենք։

Հայաստանում ամեն վայրկյան խոսք-զրույցը վիճաբանության պոտենցիալ ունի․ չգիտես՝ ոնց դիմես, ոնց նկատողութուն անես, որ հանկարծ վատ չզգաս, որ վիճաբանություն չդառնա։ Ու դրա համար քննադատություն գրեթե չկա, որովհետեւ, եթե կա էլ, առողջ չի լինում։ Եթե հանկարծ լինում էլ է, առողջ «ֆիդբեքն» է պակասում։

Գուցե մասշտաբի հարց էլ կա մեկը մեկին ճանաչում է, մեկը մեկին քիչ թե շատ գիտի․․․

Չեմ կարծում հարցը դրանում է, որովհետեւ ծանոթ լինելու դեպքում հոգատարություն էլ պետք է լինի, չէ՞։ Վերջերս ֆեյսբուքում համատարած մասսայական ծաղրուծանակ է։ Չգիտես՝ ինչ անես։ Ասմունքող աղջկա օրինակը հիշեցի, որ միջադեպ ունեցավ ոստիկանության հետ։

Մի օրինակ ասեմ մեր հրատարակչության հետ կապված (առաջին անգամ եմ խոսում սրա մասին)․ մեր հրատարակած առաջին գրքի` Վուլֆի «Սեփական սենյակ»-ին է վերաբերում։ Գիրքը բազմաթիվ թարմանչական խնդիրներով ստացվեց, որի համար մեծ ցավ ապրեցինք նախ մենք, հետո հասկացանք, որ առաջ պետք է շարժվենք, ու սա որպես փորձ պիտի ընկալենք։

Գրքի այդ խնդրի վերաբերյալ քննարկումներ շատ կային՝ հատկապես մարգինալ խմբերում։ Ինձ սկսեցին հղումներ ուղարկել։ Մտա, կարդացի, որովհետեւ անչափ հետաքրքիր էր ու․․․ Միանգամից փակեցի։ Ուզում էի մի տեղ փախչել, ոչ մեկ չիմանա, որ ես կապ ունեմ այդ գրքի հետ, որովհետեւ ծայրահեղ բեւեռված քննադատություն էր՝ հայհոյախառն խոսակցությունների մակարդակի։

Հա՜, սխալվել էինք, բայց քննադատությունը այդ սխալդ լուրջ մակարդակի քննարկումներով պետք է վեր հանի, այնպես, որ «քլնգելուց» առաջ միշտ մտածես, որ ինքդ ցանկացած պահի կարող ես հայտնվել այդ տեղում։

Ո՞րն է այս նշածդ վերաբերմունքի, անհանդուրժողականության, նման մթնոլորտի հիմնական պատճառը։

Այս տեսակի հարցերի վերաբերյալ խոսելիս հաճախ անցնում են պատճառահետեւանքային կապեր որոնելուն, բայց չեմ կարծում՝  իրավիճակը շտկելու կամ բարելավելու ամենաարդյունավետ ձեւն է։

Բազմաթիվ են պատճառները՝ տարբեր շերտերով եւ տարբեր խորություններով։ Մարդն ինքն իր վրա աշխատելու խնդիր ունի, որը չգիտես՝ ինչու այսօր անկարեւոր է դարձել․․․ Մանրուքներից ուրախանալու եւ ստացված արդյունքներից ոգեւորվելու խնդիր ունի։ Սկանդինավյան երկրներում մի բառ կա, որ հաճախ են կիրառում՝ «հյուգե»-ն։ «Հյուգե» են ասում բոլոր կարճ ակնթարթներին, որոնք կենցաղում միշտ պատահում են (օրինակ՝ մի գավաթ սուրճ խմելը), ու մարդը դրանից երջանկանում է։

Դու քո լուծումները, «ռեզերվներն» ունե՞ս։

(Ծիծաղում է) Մտածելու համար փորձում եմ ժամանակ գտնել։ Երբեմն աշխատելու ընթացքում դադար եմ տալիս ու մտածում․ այդ պահերին վերլուծություններ չեմ անում, պատճառներ ու հետեւանքներ չեմ պարզում։ Այս «մտածելը» ճանաչողական բնույթի աշխատանքի է վերածվում։

Կարդու՞մ ես։

Ավելի քիչ, քան նախկինում։ Հիմա ավելի շատ կարդում եմ գրքերի վերնագրերը՝ գրատանն աշխատելու հետեւանքով։

Հիմա էլ գրատու՞ն․․․

Հա, Երեւանին հետաքրքիր վայրերը պակասում են։

Քեզ որտե՞ղ կարելի է հաճախ տեսնել։

Շատ քիչ տեղերում՝ ինչ-որ փաբում կամ իմ արհեստանոցում։

Ի՞նչ արհեստանոց։

Որտեղ աշխատում եմ փայտի հետ։ Սա վերջին հետաքրքրություններից է, որից շատ եմ ոգեւորված։ Հա՜, փայտից կահույք եմ սարքում։

Քաղաքում ի՞նչ է պակասում։

Մարդիկ են պակասում․․․

Գնացողների՞ն ի նկատի ունես։

Եղածների մեջից շատերը պակասում են։ Գնացողներն էլ հետը։ Հիմա հեշտ չի ընկերներ ունենալը, շրջապատի փոփոխություններին գնալը, հեշտ չի նույնիսկ աշխատակից գտնելը։

Երեւանյան պարադոքս է․ կա գործազրկություն, եւ կա «կադրային սով»։ Գրախանութի համար խորհրդատու վաճառողներ ենք փնտրում, ու չկան մարդիկ։ Կա 300-ից ավելի դիմում-հայտ, հանդիպել եմ մոտ հիսունի հետ․․․ Ու հարցերը, որոնք վերաբերում էին ժամանակակից հայ գրականությանը, կրճատվեցին, դարձան մեկ հարց՝ ժամանակակից մեկ գրողի անուն տվեք։

Տվեցի՞ն։

Դե կան գրողներ, ում անունը կարելի է միշտ տալ։

Հիմա ես քեզ հարցնեմ՝ ժամանակակից հայ գրողի մեկ անուն տուր։

Եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույց լիներ, երկար կթվեի։ Իսկ եթե ուղղակի որպես ընթերցող, ապա Արամ Պաչյան։ Իմ ամենասիրելի հեղինակներից՝ ոչ միայն ժամանակակիցների շարքում։

Երբ ծառայում էի, բացարձակ անտեղյակ էլ ժամանակակից հայ գրականությունից, բայց շատ էր հետաքրքրում՝ ով է իմ ժամանակակից գրողը ու ինչ է մտածում։ Դե սկսեցի որոնել, քանի որ ազատ ժամանակ ունեի բանակում։ Սուրեն Ստեփանյանին գտա, խոսեցի հետը, հարցրեցի ժամանակակից գրողներից ու Արամի անունը տվեց։ Ստորագրված գիրքն ուղարկեց ինձ․ «Ցտեսություն, ծի՛տ»-ն էր։ Կարող ես պատկերացնել, թե ծառայության շրջանում ինչ ազդեցություն կունենար։

Արմեն, այսքան խոսեցինք քո փոփոխական տրամադրություններից, կտրուկ անցումներից, այնուամենայնիվ, կա՞ դաշտ, ոլորտ, որտեղ քեզ չես պատկերացնում։

Եթե ոլորտ լինի, որի մասին այդպես մտածեմ, նշանակում է պլանավորում եմ։ Իսկ ես «պատահական» պլանների մեջ եմ հայտնվում։ Դրա համար չեմ բացառում որեւէ ոլորտ։

Պատկերացնենք՝ մի օր քաղաքական գործիչ ես։

Ի՞նչ վատ կլինի որ․․․ Նորմալ պետական գործիչ։ Ես կլինեմ այն հազվադեպ պետական գործիչներից, ով կգիտակցի, որ ուղղակի աշխատում է ու պետք է լավ աշխատի, «իշխան» չի լինի, ինքը կլինի․․․ Չնայած իշխանությունը մարդուն շատ բնորոշ բան է, հարմար միջավայրում մի տեսակ բանեցնելու բնազդ է առաջանում, որովհետեւ հաճույք է պատճառում։ Այսինքն պետք է ներսից զսպել իշխելու հակումը։ Ես միշտ փորձում եմ զսպել ներսս։

Երբ երրորդ դեմքով խոսեցիր քո մասին, ասեցիր՝ «ինքն իրեն հետաքրքիր է»։ Միգուցե միջավայրերի անընդհատ փոփոխությունը հենց սրա՞ հետ է կապված՝ ինչպիսին կլինեմ այստեղ, այնտեղ․․․ Այս եւ այլ նման հարցադրումնե՞րն են անընդհատ փոփոխության տանում։

Իհարկե, իրեն հետաքրքիր է՝ ինչ դուրս կգա դրանից․ արդյունքն է կարեւորում։ Միշտ կա մտավախութունը, որ եթե չես հստակեցնում քեզ, անուն չես տալիս որպես մասնագետ, ուրեմն ի՞նչ ես անելու, ո՞նց ես աշխատելու։

Բայց իմ գլխում այդ հարցադրումների փոխարեն հավաքված գիտելիքների բազա կա, ինքնակրթվելու շրջան, աշխատանքային փորձ, որը որ հենքեր է տալիս, հանգստացնում, որ խնդիրներ չեն լինի։

Երբ դուրս էի գալիս բժշկական ոլորտից, ընկերներս «մահախոսականներ» էին գրում։ Անձամբ ինձ համար նման հարց չկար, թե ինչ եմ անելու հետո։

Ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե մարդիկ ողջ կյանքում ինչպես են «մի բանի» մեջ։ Նոբելյան մրցանակակիր գիտնական կար՝ ութսունն անց ծերուկ էր, վերցրեց մրցանակն ու ասեց՝ ես իմ ամբողջ կյանքը նվիրեցի մեղուների կյանքի ուսումնասիրությանը․․․ Ու սխալվեցի։ Ես իմ կյանքը պետք է նվիրեի մեղուների թեւերի ուսումնասիրությանը։ Սա ինձ համար իրական չի, չեմ պատկերացնում։

Մի անգամ ֆիզիոլոգիայի պրակտիկայի ժամանակ գորտ էինք «կտրտում»․ երբ հագա ձեռնոցները ու նայեցի ձեռքերիս, ասեցի՝ ես վիրաբույժ պետք է լինեմ։ Ու այդպես «եղա» վիրաբույժ։ Հետո, երբ որոշեցի պատմվածք գրել, մի քանի տող գրեցի, ասեցի՝ ես գրող եմ։ Ու այդպես գրող «եղա»․․․

Հարաբերություննե՞րն էլ են նույնկերպ։

Ցավոք, նույն մեխանիզմին են ենթարկվում, բայց էլի չեմ մտահոգվում, որովհետեւ ոչ մենակ մնալն է վախենալու, ոչ անծանոթների շրջապատում հայտնվելը․․․

Դադար մի քանի րոպե։

Հետգրություն

Ես դեռ անորոշության մեջ եմ, գիտե՞ս։ Մտածում եմ՝ ինչ եմ հիմա խոսում, ինչու եմ այստեղ, ում է հետաքրքիր։ Ախր նորից այդ հարցն է ես ոչ գրող եմ, ոչ դերասան, ոչ եսիմ ինչ, որ այդպես ներկայանամ։

Հա, բայց դու էլ կենսաինժեներ ես, որը բժշկության ոլորտի մարկետինգով է զբաղվել, հրատարակչության ոլորտում է իրեն փորձում, հիմա էլ արհեստանոց ունի ու կահույքագործությամբ է զբաղվում։ Հետաքրքիր չի՞։

Բա գրախանու՞թը...

Առավել եւս գրախանութը։ Չէի՞ր կարդա  այդ հարցազրույցը։

Ավելի հետաքրքրությամբ կարդում եմ նրանց հարցազրույցները, ում չեմ ճանաչում։ Անծանոթից չեմ հոգնում անակնկալի եմ սպասում։

Այսօր էլ նման մի բան ստացվեց։


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։