Կիրակի, 23 սեպտեմբերի

Ունեցա երկրորդ հաղթանակը, այս անգամ՝ խցակցիս գործով



Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Օրեր առաջ ունեցա երկրորդ հաղթանակը, այս անգամ՝ խցակցիս գործով, ով արդեն 24 տարի պատիժ է կրում, սակայն նրան չէին ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման: Դատական այս որոշումից հետո կներկայացնեն:   

ՔԿՀ-ի վարչակազմը պատճառ էր բերում 2005թ.-ի Սողոմոն Քոչարյանի ու իմ առաջին փախուստը Գորիսի բանտից: Մասնավորապես այն, որ պատրաստվող փախուստի մասին բանտապահներին չհայտնելու համար խցակիցս դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, ինչը կլանվել էր ցմահ ազատազրկման մեջ: Այնուամենայնիվ, մեկուսարանի վարչակազմը գտնում էր՝ իբր պատժի հաշվարկի սկիզբն է փոխվել, այսինքն` ցմահ ազատազրկման նոր հաշվարկ է սկսվել` 2005թ.-ից, և նա պայմանական վաղաժամկետ ազատման կարող է ներկայացվել միայն 2025թ.-ին: Չորս տարի շարունակ համոզում էի դիմել դատարան, սակայն նա` թե ինչ միտք ունի. դատարանն էլ է իրենցը, դատն էլ:

Սակայն, երբ տեսավ, որ դատարանն, օրենքի պահանջի համաձայն և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով, բավարարեց հարազատներիս հետ տեսակցությունների և պատժի հաշվարկի հստակեցման վերաբերյալ իմ դիմումը, ոգևորվեց ու արդեն չառարկեց, որ իր հարցով էլ դիմում պատրաստեմ: Պատրաստեցի՝ օգտագործելով այս 5 տարիներին իրավագիտության բնագավառի ձեռքբերածս գիտելիքները:

Արդյունքն այն է, որ օրերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց խցակցիս դիմումը՝ պարտավորեցնելով «Նուբարաշեն»  բանտի վարչակազմին նրան ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման:

Չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, քանի որ արդեն մոտ 25 նախկինում մահապատժի դատապարտվածներ հատել են ՊՎԱ-ի 20 տարվա շեմը, սակայն ոչ մեկը դեռևս պայմանական չի ազատվել: Այնուամենայնիվ, խցակիցս էլ արդեն կարող է պայքարել իր պայմանական ազատման համար, այլ ոչ թե սպասել մինչև 2025 թվականը, ինչպիսին մեկուսարանի դիրքորոշումն էր: Կարծում եմ՝ վաղ, թե ուշ Հայաստանում ցմահ ազատազրկման վերաբերյալ այս արհեստականորեն բարդացվող խնդիրն հանգուցալուծվելու է:

Բանտային այս նամակս գրելուց առաջ զրուցում էի ցմահների բաժնում նոր նշանակված, բայց բավական փորձառու հոգեբանի հետ: Ասաց, որ իր կարծիքով, բանտում կան հանցագործներ և հանցանք կատարածներ: Համոզմունք հայտնեց, որ  մի շարք ցմահ դատապարտյալների քրեական գործեր ճիշտ կլինի, որ դատարանները վերանայեն:

Այդ մասին գրեթե միշտ գրում եմ, բարձրաձայնում: Քաղաքակիրթ երկրներում, որտեղ դատական համակարգը կատարելագործվում է, պարբերաբար վերանայվում են ցմահ ազատազրկվածների գործեր և բավական հաճախ կայացվում են արդարացման  դատավճիռներ, կամ պարզապես վերանայվում են առավելագույն պատժաչափերը:

Մեզ մոտ` Հայաստանում, մինչ օրս չի վերանայվել նույնիսկ մեկ մահապատժի դատավճիռ, ասես Հայաստանում երբեք դատարանները չեն սխալվել քաղաքացուն մահվան դատապարտելիս:

Ինչպես ասաց մեկուսարանի հոգեբանը մեր զրույցի ընթացքում` ի՞նչ իմաստ ունի հանցանք կատարած անձին, ով, սակայն, իր էությամբ հանցագործ չէ, ցմահ բանտում պահելը:

Առհասարակ, գիտնականների ուսումնասիրությունները, փորձը ցույց են տալիս, որ կա որոշակի շեմ, որից հետո պատիժը դադարում է ունենալ որևէ դրական ազդեցություն: Օրինակ` խցում, այն է` ծայրահեղ մեկուսացված վիճակում պահելու ուղղման գործընթացն արդյունավետ կարող է լինել առավելագույնը 5-7 տարվա ընթացքում: Ուղղման և սոցիալական ռեինտեգրացիայի համար բանտարկյալին հարկավոր է տեղափոխել մեկուսացվածության նվազ աստիճանի քրեակատարողական հիմնարկ:

Այս ամենում շատ կարևոր հարց է աշխատանքի ապահովումը, ինչը, ցավոք, մեզ մոտ մեծագույն խնդիր է: Ազատազրկման վայրերում պետությունը աշխատանքով չի ապահովում: Այս առումով  անչափ շնորհակալ եմ «Հետք»-ին ինձ աշխատանքի հնարավորություն տալու համար: Այս հարցի վերաբերյալ շնորհակալ եմ նաև մեկուսարանի վարչակազմին` որոշակի ժամերին առանձին, լուսավոր սենյակ տրամադրելու և համակարգչիցս օգտվելու հնարավորության համար, այլապես հնարավոր չէր լինի ո´չ աշխատել, ո´չ սովորել բուհում:

Այժմ, երբ արդեն ամեն ամիս տեսակցություններ եմ ունենալու ընտանիքիս հետ, միտքս հանգիստ ու կենտրոնացած` անցնում եմ դիպլոմային աշխատանքիս: Նախևառաջ մանրակրկիտ կուսումնասիրեմ այլ պետությունների օրենսդրական դաշտը` դատական սխալների և նոր երևան եկած հանգամանքների վերաբերյալ: Լավատես եմ մնում` անկախ 21-ամյա դժվարություններից: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Վարդան10:34 - 15 հոկտեմբերի, 2017
Մհեր դու ազատվելու ես։
2. Վալյա13:08 - 15 հոկտեմբերի, 2017
Եթե ոչ Դուք,ապա էլ ով պիտի ազատվի ու լծվի ցմահ ազատազրկվածների խնդիրներին: Իսկ "Հետքը" միայն հարգանքի ու մեծ գնահատանքի է արժանի
3. Հարություն18:27 - 15 հոկտեմբերի, 2017
Մհեր ջան, տա Աստված, որ այդ հաղթանակների շարքը օրեցօր ավելանա եւ մի օր բերի այն երկար սպասված ու տառապանքով կերտած քո Ազատության ու արդարացման դատավճռի։
4. Մարտիկ00:47 - 17 հոկտեմբերի, 2017
Մհեր Ենոքյան, որդյակ իմ, ռեժիմը չի ուզում ընդունել իր սխալները, օրական կարդում ենք, որ այսինչ երկրում մարդկանց արդարացրին, անհնար է, որ Հայաստանում ԲՈԼՈՐ դատավարությունները արդար կատարված լինեն ու ոչ մի մարդ սխալ դատված չլինի։ Դու որ այսպես հետևողաանորեն ապացուցում ես որ դու դատական սխալի զոհ ես, տա աստված, որ դառնաս մեր երկրում իսկական արդարադատության վերականգնման սկսողը քո համառ գործունեությամբ։ Առաջն Աստված, քո դռան մոտ էլ լույս կծագի։
5. Կարեն00:16 - 18 հոկտեմբերի, 2017
Հարգելի «Հետք», նման կարգի հրապարակումներով շատ մեծ գործ եք կատարում, շնորհակալություն։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ