Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սոմալիում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 231-ի



Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 231-ի, ավելի քան 275 մարդ վիրավոր է: Սոմալիի նախագահ  Մոհամեդ Աբդուլահի Մոհամեդը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Պայթուցիկ նյութերով լի բեռնատար մեքենան պայթել էր Մոգադիշոյի Հոդան թաղամասում գտնվող հյուրանոցի հարևանությամբ, ինչից հետո նաև կրակոցներ էին հնչել: Սա վերջին տարիներին Սոմալիում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունն էր:

ԶԼՄ-ները հաղորդել են նաև նույն թաղամասում երկրորդ պայթյունի մասին, սակայն դրա հետևանքով տուժածներ չեն եղել: Ոստիկանությունը ձերբակալել է ավտոմեքենայի վարորդին և հայտնաբերել պայթուցիկ նյութեր:

Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել: Սակայն Սոմալիի իշխանությունները պայթյունի համար մեղադրում են «Ալ-Շաբաբ» իսլամական ծայրահեղական խմբավորմանը, որը զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ: Զինված խմբավորումը Սոմալիում բազմաթիվ ահաբեկչություններ է կազմակերպել, որոնցից վերջինը՝ սեպտեմբերի 29-ին: Երկրի ռազմաբազաներից մեկի վրա կազմակերպված գրոհի հետևանքով զոհվել էր 17 զինծառայող:

«Ալ-Շաբաբ»-ը ստեղծվել է 2004 թվականին: Ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորվում է «Ալ-Քաիդիա»-ից և սոմալեցի բիզնեսմեններից, ինչպես նաև միջոցներ է կուտակում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչների վճարած հարկերից:

Հոկտեմբերի 16/լրացված. Reuters-ը, հղում անելով Մոգադիշոյի շտապ օգնության ծառայության ղեկավար Աբդիկադիր Աբդիռահմանին, հայտնում է, որ զոհերի թիվը անցել է 300-ից:

Լուսանկարը՝ REUTERS / Feisal Omar


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ