HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ-ի բաց նամակը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է գրել Հայաստանի ամերիկյան համալսարանին։ «Ձեր հանքային կողմնակալությունը կասկածի տակ է դնում Ձեր ակադեմիական էթիկան ու հանրային պատասխանատվությունը»։ Այսպես է նամակը վերնագրել ՀԲՃ-ն․ այն ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Ամերիկյան համալսարանի ռեկտոր պրն Կյուրեղյա՛ն, Հակոբյան բնապահպանական կենտրոնի ղեկավար պրն Ամիրխանյա՛ն, համալսարանի ուղանողական համա՛յնք,

Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտարարված միջոցառման տեքստից տեղեկացանք, որ համալսարանը Լիդիան հանքային օֆշորային ընկերության գործընկերությամբ կազմակերպում է հանքարդյունաբերական արտասահմանյան մի ընկերության աշխատակցի հանրային ելույթը, ով պարզվում է Լիդիանի Կայուն զարգացման բաժնի փոխնախագահի նախկին գործընկերն է։

Համալսարանի նախկինում ոչ ակնբախ, իսկ այժմ արդեն բացահայտ համագործակցությունը հանքային ընկերության հետ զրկում է համալսարանին ակադեմիական, այսինքն՝ գիտության և հանրային կրթության շահերից բխող հաստատություն լինելու համբավից։ Թույլ տվեք մատնանշել, որ բնապահպանությունն ու հանրային շահը անօտարելի են, իսկ կրթությունը եթե հանրային շահ չի հետապնդում, ապա այն սպասարկում է բացառապես մասնավոր շահույթի ոլորտը, ինչի շուրջ Ամերիկյան համալսարանը պետք է ունենա հստակ հրապարակված դիրքորոշում։

Միջոցառման թեման որևէ առնչություն չունի ո՛չ բնական, ո՛չ էլ հասարակական գիտությունների հետ, նույնիսկ եթե ՀԱՀ-ը փորձի իր արարքը հիմնավորել «հանքարդյունաբերության շուրջ գիտական քննարկում խթանելու» խորամանկ փաստարկով։ Հանրային կապերի, համայնքներին մոլորեցնելու, «կորպորատիվ պատասխանատվություն» կոչվող դատարկաբանության մասին այս միջոցառումը ծառայում է բացառապես Լիդիան ընկերության կասկածելի համբավը Ամերիկյան համալսարանի միջոցով բարձրացնելուն, Ամուլսարը հանքարդյունահանելու դեպքում բնական միջավայրի (մասնավորապես ջրային պաշարների) վրա ազդեցության թերությունների կամ բացակայության մասին ներկայում հանրային լայն քննարկումների արժանացած գիտական քննադատությունը քողարկելուն կամ ինչպես անգլերեն են ասում՝ «ծեփամածիկով ծածկելուն»։

Սա կարող էր լինել մի հանդիպում՝ հրավիրված Լիդիանի կողմից միայն իր սեփական տարածքում։ Կարծում ենք հանքարդյունաբերական ընկերությունները հետաքրքրված կլինեին իրենց գովազդային գործողությունները «Զրո վնասից անդին» դատարկախոսությամբ համալրելով, և հանրությանը մոլորեցնելու փորձը չէր հաջողվի։

Խստորեն դատապարտում ենք Ամերիկյան համալսարանի համագործակցությունը որևէ հանքարդյունաբերական ընկերության կամ հանքարդյունաբերական ընկերությունների հետ սերտորեն առնչվող իբր գիտա-կրթական հաստատության հետ (չմոռանանք Կանադայում և Ավստրալիայում համալսարանների շրջանակներում հանքարդյունաբերական կորպորացիաների ֆինանսավորմամբ գործող տարբեր կենտրոնները, որոնցից մի քանիսին Ամերիկյան համալսարանն արդեն առիթ ունեցել է Հայաստան հրավիրել)։

Ամերիկյան համալսարանի ուսանողներին և հատկապես Հակոբյան բնապահպանական կենտրոնի ուսանողներին կոչ ենք անում գործուն մասնակցություն ունենալ համալսարանի գործունեության և որոշումների կայացման մեջ, արտահայտել իրենց ակադեմիական ու հանրային դիրքորոշումները, պահպանել իրենց մասնագիտական ոլորտները մասնավորի կողմից յուրացումից, քաղաքականացնել համալսարանի վարչակազմի ու դասախոսակազմի գործունեությունը, ինչպես նաև քննարկել համալսարանի վարկանիշի անկման խնդիրները»։

լուսանկարում՝ Ամերիկյան համալսարնի ռեկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter