Կիրակի, 23 սեպտեմբերի

Սամվել Բաբայանը խնդրել է հետաձգել դատական նիստը



LՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ նիստն այսօր հետաձգվեց: Կալանքի տակ գտնվող ամբաստանյալները դատարան չէին բերվել: Դատավոր Արշակ Վարդանյանն ընթերցեց Սամվել Բաբայանի կողմից դատարան ուղարկված գրությունը, որով Բաբայանը խնդրում էր հետաձգել նիստը:
«Հարգելի պարոն Վարդանյան, մրսածության հետևանքով ձայնս ամբողջովին խզվել է, կորել է, ինձ մոտ ձայնալարերի խնդիր պարբերաբար առաջանում է, և ներկայում էլ գտնվում եմ այդպիսի վիճակում: Նշանաված դատական նիստին չեմ կարող ներկայանալ վերը նշված պատճառով: Գտնում եմ, որ դատական նիստին իմ ելույթ ունենալը բխում է իմ պաշտպանական շահից և զգալի նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ նիստը մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենամ առողջանալ, վերականգնել խոսելու ունակությունս եւ մասնակցել դատական նիստերին»,- գրել էր Սամվել Բաբայանը:

Հաշվի առնելով, որ Բաբայանի բացակայության պայմաններում նիստը տեղի ունենալ չէր կարող, դատավորի գիտությամբ ՔԿՀ-ից դատարան չէին տեղափոխվել նաև իգլայի գործով անցնող և կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Այս գործով դատական մյուս նիստը հոկտեմբերի 23-ին է։
Հիշեցնենք, դատարանում քննվող գործը «իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և փողերի լվացման վերաբերյալ է:
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույքը (խոսքը փողերի լվացման գործի շրջանակներում հայտնաբերված 5000 եվրոյի մասին է):

Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ռազմամթերք հանդիսացող «իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման դրվագով: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ վերը նշված անձինք օժանդակել են  հանցավոր ճանապարհով ստացված եվրոները ձեռք բերելուն, դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելուն՝ դրանք օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով:

Փողերի լվացման գործով անցնող ամբաստանյալների հարցաքննությունը, բացառությամբ Սամվել Բաբայանի, նախորդ դատական նիստին ավարտվել է:
Լուսանկարում՝ Սամվել Բաբայանը

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ