HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Մեծամորի ատոմակայանը կշահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ ռեսուրսները չեն սպառվել»

ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ոչ պաշտոնական թարգմանության տեքստում անդրադարձ է կատարվում նաև էներգետիկ անվտանգության խնդրին։ Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունը պետք է ներառի․

«Ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակում և վերապատրաստում՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով։ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակում ու անվտանգ ապագործարկում և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»։

Թե արդյոք ատոմակայանի փակվելու ու ապագործարկվելու հարցը հստակեցվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատուների հետ, «Հետք»-ը մեկնաբանություն խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանից։

«Նախարարությունը բնականաբար տեղյակ է փաստաթղթում տեղ գտած ձևակերպումներից։ Այնտեղ ժամկետների մասին դեռևս խոսք չկա, բայց Մեծամորի ատոմակայանի ռեսուրսը բնականաբար անվերջ չէ․ ինչ-որ մի պահից այն պետք է դուրս գա շահագործումից», - ասաց մամուլի քարտուղարը։

Վասակ Թարփոշյանը հիշեցրեց, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի  երկարաձգման աշխատանքներն ընթանում են։ «Երբ իրականացվեն համապատասխան աշխատանքներ, պարզ կլինի, թե հետագայում ատոմակայանը երբ դուրս կգա շահագործումից։ Ատոմակայանը կշահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իր ռեսուրսները չեն սպառվել», - նշեց Թարփոշյանը՝ հավելելով, որ փաստաթղթում նշվում է նաև այն մասին, որ ատոմակայանի շահագործման դադարեցումը ենթադրում է դրան համարժեք նոր հզորությունների ստեղծում։

Խնդրեցինք հստակեցնել՝ ատոմակայանի փակվելու հարցը արդյոք պարտավորությո՞ւն է Հայաստանի համար։ «Խոսքը էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին է»,- պատասխանեց մամուլի քարտուղարը։

Հիշեցրինք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում Մեծամորի ատոմակայանի խնդրին՝ պահանջելով վերջինիս փակվելը, քանի որ այն հարևան պետությունների պաշտոնյաների վստահեցմամբ՝ վտանգ է տարածաշրջանի համար, ինչի հետ կապված Թարփոշյանն արձագանքեց․

«Դա հասկանալի պատճառներով է արվում․ իրենք քաղաքական նպատակ են հետապնդում։ Տարբեր միջազգային ուսումնասիրությունների համաձայն՝ ատոմակայանը  համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և ամբողջությամբ անվտանգ է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված խորհրդարանական լսումներին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ևս անդրադարձավ ատոմակայանի խնդրին։ Նախարարը հիշեցրեց, որ ատոմակայանի ռիսկայնությունը եղել է շահագործման պահից սկսած, սակայն միջազգային տարբեր կառույցների գնահատմամբ՝ երկրորդ էներգաբլոկը բոլորովին անվտանգ է և լինելու է դոնոր մյուս էներգաբլոկի նկատմամբ, որպեսզի ռիսկայնությունը նվազի։

Մեկնաբանություններ (1)

անհավատ
Դժվար է հասկանալ թե ԵՄ - ն ինչ խնդիր ունի մեր ատոմակայնի հետ? Եթե իրենց համար են վախենում են, ապա բավական հեռու են այստեղից: Իսկ եթե իրենք մեզ համար ավելի շատ են անհանգստանում, քան ինքներս, դա եւս տարօրինակ է թվում: Մերն ընդհամենը մեկ հատ է (ավելի ճիշտ՝ կես հատ), իսկ իրենք տասնյակներով ունեն! Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter