HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Թե ինչից են վիրավորվել Եհովայի վկաները. Հանրայինը երկրորդ անգամ հերքում կհեռարձակի՞

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության    պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով նախնական դատական նիստն ընդդեմ Հանրային հեռուստատեսության:

Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սևանում տեղի ունեցած դեպքում՝ իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Ըստ «Առավոտի»՝ Արման Թորոսյանի մասին նրա հարևանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո՝ բնակարանից փախուստի պահին, ասում. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա Աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ»:

Այսորվա նիստի ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց տեսակետները, թե որոնք են դիտում որպես զրպարտույթուն և վիրավորանք:

2010թ.-ի նոյեմբերի 9-ին, 10-ին «Հայլուր» լրատվականի ընթացքում հնչեցված արտահայտություններից հետևյալները՝

ա) Ընդամենը երեկ Եհովայի վկան սպանեց իր ծնողներին:

Հայցվորի ներկայացուցիչ Ելենա Մարգարյանը հայտնեց, որ սա միանշանակ զրպարտություն և փաստ է:

Պատասխանողի  ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք նույնպես դիտում են այն որպես փաստ:

բ) Ինչպե՞ս փրկել արյան ծարավ Աստծո զոհերին:

Հայցվորի խոսքով, սա զրպարտություն է, քանի որ փաստ է, որը ներկայացնում է, որ Եհովաները պաշտում են այն Աստծուն, որը արյան ծարավ է: Խորագրում նշված է Եհովայի վկաների մասին, այսինքն այս դեպքում էլ խոսքը Եհովայի վկաների մասին է:

Ըստ պատասխանողի՝ գնահատողական դատողությունը պետք է տարբերել փաստից, սա գնահատողական դատողություն է: Սա փաստ չէ, այլ դիտվում է որպես հարց:

գ) Եհովայի կամազուրկ ստրուկներ և դաժան դահիճներ խորագիրը և ինչու՞ են ուրիշ աստվածները և սուտ մարգարեները կարողանում տիրանալ մարդկանց հոգիներին՝ դարձնելով նրանց կամազուրկ ստրուկ ու դաժան դահիճներ արտահայտությունը:

Հայցվորի կարծիքով, այս սուտ տեղեկությունը զրպարտում և վիրավորում է Եհովայի վկաներին, քանի որ վերջիններիս ներկայացնում է որպես կամազուրկ, բանականությունից զուրկ էակներ:

«Դաժան Աստված և նրան երկրպագողներին որպես կամազուրկ ստրուկներ» ասելով՝ կողմը ուզեցել է ասել, որ դրա համատեքստում ներկայացվող սպանությունը Եհովայի վկաներին բնորոշ գործելակերպ կամ վարվելաոճ է:

Պատասխանողն այն դիտում է ոչ որպես փաստ, այլ գնահատողական դատողություն:

գ) Հարազատ ծնողներին սարսափազդու դաժանությամբ սպանած երիտասարդը իր իսկ վկայությամբ կատարել է Եհովա Աստծու պատվիրանը:

Ըստ հայցվորի՝ կողմը պետք է ապացուցի, որ Ա. Թորոսյանը Եհովայի վկա է եղել, հակառակ դեպքում զրպարտում և վիավորում է Եհովայի վկաների արժանապատվությունը:

Պատասխանողը նույնպես համաձայնեց, որ սա փաստ է:

դ) Եհովայի վկաները աղանդ են և տոտալիտար աղանդ են:

Հայցվորի դիտարկմամբ,  սա զրպարտություն է, քանի որ Եհովայի վկաները աղանդ չեն, այլ օրենքով գրանցված են ՀՀ–ում, ինչպես նաև տոտալիտար աղանդ չեն: Այդ արտահայտությունը, բացի զրպարտություն լինելուց, նաև վիրավորական է:

Պատասխանողի դիրքորոշմամբ, սա նույնպես փաստ չէ, այլ գնահատողական դատողություն է:

ե) Իսկ թե նրանցից քանի՞սը ամեն վայրկյան կարող է անցնել հայտնի սահմանագիծը, դժվար է կանխատեսել:

Հայցվորն անհիմն որակեց արտահայտությունը, թե Եհովայի վկաները կարող են քրեական հանցագործություն  կատարել, ինչպիսին է, օրինակ, Արման Թորոսյանի կողմից կատարված ստոր սպանությունը: Այս տեղեկությունը, ըստ փաստաբանի, նվաստացնում է Եհովայի վկաներին:

Դատավորի հարցին, թե արդյոք հայցվոր կողմը սա որպես փաստ է դիտարկում, պաշտպանը պատասխանեց, որ խնդիրը այն է, որ Եվրոպական դատարանը այն դիրքորոշումն ունի, որ զրպարտչական և վիրավորական արտահայտությունները անհրաժեշտ է դիտել ամբողջ հաղորդման, հրապարակման համատեքստում: Այս դեպքում խոսվում է Արման Թորոսյանի մասին, ով «դաժանությամբ սպանել  է իր ծնողներին», որ «նա Եհովայի վկա է», և «թե նրանցից քանի՞սը կանցնեն հայտնի սահմանագիծը»: Փաստաբանի կարծիքով, Եհովայի վկաները ներկայացվում են որպես սահամանգիծը ցանկացած պահի հատող անձնավորություններ, այսինքն` ցանկացած պահի սպանություն գործելու պատրաստ մարդիկ, և սա ներկայացվում է որպես փաստ:

Պատասխանողի գնահատմամբ, սա փաստ չէ, այլ գնահատողական դատողություն է, որի հիմքում ընկած է մեկ փաստ՝ Ա.Թորոսյանի կողմից իր ծնողներին սպանելը:

Հայցվորի ներկայացուցիչը նաև առանձնացրեց 2010թ.-ի նոյեմբերի 11-ին «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչեցրած արտահայտություններից հետևյալները.

ա) Ա.Թորոսյանի կողմից կատարված սպանությունը Եհովայի վկաների կողմից շարունակական պրոցեսի արդյունք է և որը դեռ շատ ու շատ զոհեր է տանելու:

Հայցվորի կարծիքով, ծնողներին սպանած երիտասարդին որպես Եհովայի վկա ներկայացնելը և դա վերագրելը Եհովայի վկաներին դիտվում է որպես փաստ, որը վիրավորում և զրպարտում է Եհովայի վկաներին:

Պատասխանողի ներկայացուցիչը Ա.Թորոսյանը սպանություն գործելը և դրա մասին ասելը դիտեց որպես փաստ, սակայն մնացած մասը որակեց որպես գնահատողական դատողություն, քանի որ ապագայի վերաբերյալ որևէ բան ասելը որպես փաստ չի դիտվում:

բ) Սեփական ծնողներին սպանած մարդանման երևույթը Եհովայի վկա էր, սպանել էր ծնողներին, քանի որ իր Եհովան էր այդպես հրամայել:

Հայցվորը սա կրկին փաստ դիտարկեց, որը անհիմն է, զրպարտչական և վիրավորում է Եհովայի վկաներին:

Պատասխանողը ընդունեց, որ դա փաստ է:

գ) Աղանդ, աղանդավորների ոհմակ կամ զարհումարներ:

Հայցվորը աղանդ, ազանդավորներ բառերը դիտարկեց որպես զրպարտույթուն, քանի որ Եհովայի վկաները աղանդ չեն, այլ կրոնական կազմակերպություն են, մինչդեռ «զարհումարը» գնահատողական դատողություն է:

Պատըասխանողն ընդունեց, որ դա գնահատողական դատողություն է:

դ) Եհովայի վկաների գործունեությունը սահմանափակվել է նույնիսկ եվրոպական մի քանի երկրներում

Հայցվորի կարծիքով, սա ոչ ճիշտ տեղեկատվություն է, անհիմն փաստ է:

Պատասխանողը նույնպես կարծում է, որ այն փաստ է:

ե) «Տեսանկյուն»  հաղորդման ժամանակ նշվել է, որ մարդիկ սպանվեցին և հավանաբար դեռ կսպանվեն:

Հայցվորը սա սուտ և զրպարտչական համարեց, քանի որ հաղորդումը պատկեր է ստեղծում, որ Եհովայի վկաները մեղավոր են ստոր արարքի համար:

Պատասխանողը նշեց, որ հայցվորի կողմից ճիշտ չի վերարտադրվում, այն փաստ չէ, քանի որ «մարդ են սպանել և հավանաբար դեռ կսպանեն»  արտահայտության մեջ չի նշվում կոնկրետ Եհովայի վկաների մասին:

զ) Տեսանկյուն հաղորդման մեջ կոչ է արվել գցել անհատ Եհովայի վկաներին արտաթորանքով լի տակառի մեջ այնպես, որ գլուխը երևա, և պտտեցնել քաղաքով մեկ, իսկ կողքին սուրը ձեռքին մի դահիճ կանգնեցնել, որը պետք է սուրը անցկացնի տակառի վրայով, այնպես, որ Եհովայի վկան ստիպված լինի սուզվել կեղտի մեջ և կրկնել դա նորից ու նորից:

Հայցվորի դիտարկմամբ, սա մեջբերում է եղել տեսաֆիլմից, որը կոչ է արել դիտողին, որպեսզի հետևեն տեսաֆիլմի օրինակին:

Դատավորի հարցին, թե ի՞նչն է հայցվորը դիտում որպես փաստ, հայցվորը պատասխանեց` այն, որ Եհովայի վկաները արժանի են նման վատ վերաբերմունքի:

Պատասխանողի դիրքորոշմամբ,  սա ֆիլմից հատված է, ֆիլմի սյուժեն և դերասաններից ոչ մեկի խոսքը չի փոխվել, հետևաբար, որպես փաստ չի կաորղ դիտվել:

է) Հաղորդումը հեռուստադիտողներին քաջալերում է վարվել այնպես, ինչպես հարկ է նման դեպքերում և հարձակվել Եհովաների վկաների վրա՝ բռնությամբ նրանց շենքից դուրս գցելով:

Հայցվորի բնորոշմամբ, սրանով Հանրային հեռուստաընկերությունը կոչ է անում նման կերպ վարվել Եհովայի վկաների հետ՝ փաստելով, որ նրանք արժանի են նման վերաբերմունքի:

Պատասխանողի կարծիքով, սա որպես փաստ չի կարող դիտվել, քանի որ հեռուստահաղորդման կողմից այնպիսի բան չի եղել, որ քաջալերի նման կերպ վարվել: Հանրայինը հայցվորի խնդրանքով ժամանակին հերքել է, որ Ա.Թորոսյանը Եհովայի վկա չէ, սակայն կողմն ասում է, որ դա հերքում չէ, քանի որ այն բարեխղճորեն չի արվել:

Հայցվորը հարցրեց, թե արդյոք պատասխանող կողմը պատրաստ է ընդունել, որ Հանրայինը պետք է հերքի այս մասով:

Պատասխաողը առարկեց` ներկայացնելով հետևյալ 3 ապացույցները.

1.    Սևանի քննչական բաժանմունքի քննիչի ցուցումերը` պարզելու, թե արդյոք Ա.Թորսյանը հաճախել է եհովայական խմբավորումների, մասնակցել է և ում հետ է մասնակցել:

2.    Սևանի ոստիկանության բաժնի պետի պատասխանը, որով հայտնում է, որ Ա.Թորոսյանը հարել է եհովայական աղանդին, սակայն չի պարզվել, թե ում հետ է մասնակցել այդ հավաքույթներին:

3.    Datalex.am կայքից հանված ակտը, որով դատարանը պարզել է, որ Ա.Թորոսյանը անմեղսունակ է և դատարանի որոշումն առ այն, որ նրա հանդեպ կիրառվի հոգեբուժական հարկադիր բուժում հոգեբուժարանում:

Սրանով պատասխանողն ուզում է ապացուցել, որ Հանրայինը համապատասխան լուր է հայտնել՝ հիմնվելով նման տիպի ինֆորմացիայի վրա, ինչպես նաև news.am լրատվական կայքի հրապարակման վրա:

Ելենա Մարգարյանը հարցրեց, թե  արդյոք ներկայացված փաստաթուղթը, որը կազմվել է 2011թ.-ի հունվարի 19-ին, կարո՞ղ էր հիմք հանդիսանալ Հանրային հեռուստաընկերության համար 2010թ.-ի նոյեմբերի 9, 10 և 11-ին հայտարարելու, որ Ա.Թորոսյանը Եհովայի վկա է:

Պատասխանողը նշեց, որ  այդ լուրերը իրականության մեջ պտտվել են, հարևանների վկայություններում, նույնիսկ նախաքննական մարմինը դարձրել է սա պաշտոնական հետաքննության առարկա:

Պատասխանողը նաև ավելացրեց, որ հայցվորից խնդրել էր իրեն տրամադրել Եհովաների վկաների ցուցակը, քանի որ հայցվորը նշել է, որ նրանց թիվը մոտավոր 11000 է, սակայն հայցվորը իրեն տրամադրել է միայն 200 Եհովայի վկաների տվյալներ: Պատասխանողը պնդում է դա, քանի որ կարծում է, որ Ա.Թորոսյանի տվյաները նույնպես այնտեղ կգտնվեն:

Ըստ հայցվորի՝ իրենք տվել են այն Եհովաների վկաների տվյալները, որոնք  գրանցված են որպես իրավաբանական անձ, իսկ պատասխանողի խնդրանքն առ այն, որ իրեն տրամադրվեն Եհովայի վկաների տվյալները, անտրամաբանական է: Հայցվորն նաև ավելացրեց, որ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը նշում է, որ Ա.Թորոսյանը Եհովայի վկա չէ:

Այսպիսով, կողմերը ավարտեցին իրենց քննարկումը: Դատարանը նիստը հետաձգեց, որպեսզի պարզի, թե վերը նշված ապացույցներից որոնք է դիտում որպես զրպարտություն և որոնք որպես վիրավորանք: 

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Ի դեպ Հետքին պետք է խնդրեմ հարցումով դիմել Հայ Առաքելական Եկեղեցուն, որպիսի պատմական հիմնավորումներով ապացուցի, որ ամբողջ Քրիստոնեական պատմության մեջ Եհովայի վկաներ չկա և նրանք սուրբ գիրք չէին կարող ունենալ: Արա Զոհրաբյանին- կարող է միջնորդել նշանակել փորձաքննություն և խնդրել որպես փորձագետ ներգրավել Հայ Առաքելական Եկեղեցուն, կարծում եմ նման նվիրական գործ կատարելը վերջինիս կողմից չի մերժվի:
Հայկ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ Հոդված 9 Մտքի, խղճի և կրոնի ազատություն 1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։ 2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։ ՀՀ Սահմանադրություն Հոդված 26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։ Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾ 5. Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին. ա) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին. բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա. գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ. դ) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի հոգևոր ոլորտները. ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից: Սույն պայմանները (բացի «ա» կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար` իրենց ազգային դավանանքով: Հարգելի պարոն Զոհրաբյան նկատի ունենալով վերը նշված հոդվածները կարծում եմ Դուք հակընդդեմ հայցով կարող եք դիմել դատարան պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով, հիմքում ունենալով բ և գ կետերը: Հարգանքներով Հայկ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter