HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ստուգումների ժամանակ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերը, հնարավոր է, նկարահանվեն որպես ապացույց

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Հարկային օրենսգրքին առնչվող փոփոխություն է նախատեսել, որը կարող է ընդունվել մինչև եկող տարվա սկիզբը։ Օրենսգիրքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ մի քանի դրույթների, որոնք արդեն իսկ կիրառվում են։ Քիչ դրույթներ էլ ուժի մեջ են մտնում 2019  թվականից։

«Հետք»-ը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի հետ զրուցել է նախատեսվող փոփոխության, Օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգման մասին տեղեկությունների և մի քանի այլ հարցերի շուրջ։

- Պրն Միրումյան, շարունակվում են տեղեկություններ շրջանառվել, որ Հարկային օրենսգրքի կիրառման ժամկետը հետաձգվելու է։ Նման հարց կա՞ օրակարգում։

- Մեր ունեցած տեղեկություններով Հարկային օրենսգրքի հետաձգման հարց օրակարգում չկա։ Օրենսգրքի առաձին դրույթներ կիրառվում են 2017 թվականի հունվարի 1-ից՝ շահութահարկի, շահաբաժինների հարկման և ակցիզային հարկի մասով։ Իսկ ամբողջությամբ Օրենսգիրքը կսկսի կիրառվել 2018 թվականի հունվարի 1-ից։

- Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, որը կարող է ընդունվել մինչև Հարկային օրենսգրքի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։

- Մի քանի նախաձեռնություններ ունենք։ Մենք մի կողմից էական ազատականացնում ենք դաշտը, մյուս կողմից նախատեսում ենք ավելի հստակեցնել հարկային վարչարարությունը և վերանայել պատասխանատվության միջոցները։ Մասնավորապես, մի նախաձեռնություն ունենք, որի նախագիծն արդեն մշակել ենք և ուղարկել Հարկային խորհուրդ։ Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտման, ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքում տեղեկությունները դարձնենք ավելի թափանցիկ և ավելի քիչ վիճարկելի։

Այսօր բավականին լուրջ խնդիր ունենք՝ հասկանալու համար, օրինակ, երբ հարկային ծառայողը արձանագրել է հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման խախտում, ճի՞շտ է արձանագրել, թե՞ ոչ։ Երբ այս հարցը գանգատարկվում էր, հարկային ծառայողն ասում է՝ գնացել, կատարել են հսկիչ-գնում, հսկիչ-գնման կտրոնը չի տրամադրվել։ Իսկ տնտեսավարող սուբյեկտն էլ ասում է՝ ինձ մոտ չեն եկել կամ ես հսկիչ-դրամարկղային կտրոնը տրամադրել եմ և այլն։ Այսինքն՝ այստեղ ունենք ապացուցողականության լուրջ խնդիր։ Սա ամենապարզ օրինակն է։ Ավելի բարդ օրինակներ կան։  

Շատ դեպքերում բավականին դժվար է լինում հասկանալ, թե ով է ճիշտ։ Հաճախ, եթե խանութը տեսագրվում է, վերցնում ենք տեսագրությունը։ Ապացուցելու մեթոդը դրված է վարչական մարմնի վրա։

Այս խնդիրը լուծելու համար հիմա նախատեսում ենք համապատասխան տեսանկարահանման ինստիտուտ ներդնել՝  խախտումը արձանագրվի տեսանկարահանմամբ։ Հարկային տեսուչն ինքը պետք է նկարի, ոչ թե սուբյեկտներին ստիպենք տեսախցիկներ տեղադրել։

Տեսանկարահանելու մի քանի եղանակներ կան։ Քննարկվում է, թե որ մեթոդը կարելի է կիրառել։ Գուցե, թաքնված տեսանկարահանում լինի, գուցե օպերատիվ ծառայության միջոցով արվի այդ ամենը և այլն։ Մեթոդը կսկսի կիրառվել, եթե բոլոր կողմերը համաձայնվեն և ընդունվի նման փոփոխություն։ Նախագիծը մշակված է, ուղարկել ենք Հարկային խորհուրդ և շահագրգիռ գերատեսչություններ։

- Ձեր կարծիքով՝ դա կարո՞ղ է բացառել այն երևույթը, երբ տեսուչը պայմանավորվում է տնտեսվարող սուբյեկտի հետ, գումար է վերցնում և արձանագրություն չի կազմում, ու այդ մասին հարկային մարմին որևէ փաստաթուղթ չի ներկայացվում։

- Նման ռիսկեր միշտ էլ կարող են լինել։ Վարչական մեթոդներով խստագույնս բոլորին զգուշացվել է և բոլորը տեղյակ են, թե նման դեպքերում ինչ պատասխանատվություն է սպասվում իրենց։ Տեսուչները գիտեն, որ նման դեպքերում իրենք չեն սահմանափակվի միայն պաշտոնից ազատվելով։ Այստեղ նաև տնտեսվարող սուբյեկտի խնդիրը կա։ Եթե նա նման հարաբերությունների մեջ է մտնում տեսուչի հետ, նշանակում է, որ իր մոտ էլ խնդիրներ կան։

Մեզ համար այսօր խնդրահարույց է  նաև տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության չափերը՝ հսկիչ-դրամակղային մեքենաների կիրառման խախտման և հաշվարկային փաստաթղթեր չտրամադրելու դեպքերի համար։ Մենք նախատեսում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ այն դառնում  է վարքագիծ, վերանայենք տուգանքի չափը,  բարձրացնենք այն։ Օրինակ, երբ տնտեսվարող սուբյեկտը տուգանվում է 200 հազար դրամով, լինում են դեպքեր, երբ այդ 200 հազար դրամը կաշկանդող դեր չի խաղում։ Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտները փոքր քանակի իրացումներ են կատարում, որ անգամ խախտում արձանագրելու դեպքում էական ռիսկեր չեն կրում։ Դա չի նպաստում, որ փաստաթղթաշրջանառության հարցը կարգավորվի։ Այդ առումով ևս ունենք առաջարկություններ։ Պատասխանատվության չափերի վերաբերյալ կոնկրետ  ցուցանիշեր այժմ չեմ նշի։ Երբ խախատումները դառնում են վարքագիծ` տնտեսվարող սուբյեկտների կողմից, ապա արդարացված է ավելի խիստ պատասխանատվությունը։

- Իսկ բացի դա, Հարկային օրենսգրքին առնչվող այլ փոփոխություններ կարո՞ղ են լինել մինչև եկող տարվա սկիզբը։ 

- Խոշոր հաշվով լուրջ, խնդրահարույց կետեր չենք տեսնում։ Հարկային օրենսգիրքը բավականին ծավալուն փաստաթուղթ է։ Կարող են լինել հստակեցման, ավելի լավ շարադրման ենթակա կետեր։ Ֆինանսների նախարարությունում կա համապատասխան խորհուրդ, որտեղ քննարկումներ են ընթանում և որոշակի առաջարկություններ ներկայացվում։ 

- Հարկային օրենսգրքի վերաբերյալ քննարկումների  ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ եկամտային հարկի դրույքաչափերի մասով։ Եվս մեկ անգամ նշենք, թե ինչ դրույքաչափեր են սահմանված Հարկային օրենսգրքով, և այստեղ փոփոխություններ կարո՞ղ են լինել առաջիկայում, թե՞ ոչ։

- Եկամտահարկի մասով վերանայեցինք դրույքաչափերը։ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 279 հազար դրամ աշխատավարձի դեպքում ունենալու ենք եկամտային հարկի բեռի նվազում, դրանից բարձրի պարագայում՝ բեռի ավելացում՝ ի համեմատ այսօր գործող օրենքով («Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք) սահմանված դրույքաչափերի։

Մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացողները կազմում են մեր երկրում աշխատավարձ ստացողների ընդհանուր թվի 90%-ը` շուրջ 540 հազար աշխատող։ Այսինքն՝ աշխատողների 90%-ի համար նախատեսվում է բեռի նվազում, 10%-ի համար՝ ավելացում։ Սա հստակ ընդգծված քաղաքականություն է։    

Այս պահին եկամտային հարկի մասով փոփոխություններ նախատեսված չեն։

- Ի՞նչ եք կարծում՝ դրանով չի՞ մեծանում ռիսկը, որ 280 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ ստացողները կարող են ուղղորդվել ստվերային դաշտ։ Մյուս կողմից էլ՝ արդեն իսկ ստվերային դաշտում գտնվողները կսկսեն վճարել նախկինից ավելի քիչ, իսկ սպիտակ դաշտում աշխատողներն՝ էլ ավելի բարձր։  

- Ռիսկ միշտ էլ կա։ Իսկ ով ասաց, որ միայն ստվերում են աշխատում բարձր աշխատավարձ ստացողները, ընդհակառակը նրանք ավելի շատ սպիտակ դաշտում են։

Իհարկե, տեսականորեն արդար չէ, երբ սպիտակ դաշտում աշխատողները հինգ հազար դրամ ավելի շատ  եկամտահարկ տան, քան սև դաշտում աշխատողները։ Բայց մեր խնդիրն այստեղ այն է, որ այս եղանակով, իրականացնելով նաև համապատասխան հսկողություն աշխատավարձերի հայտարարագրման հարցում, սևը բերենք սպիտակ դաշտ, սպիտակն էլ շարունակի մնալ սպիտակ դաշտում։  Բարձրացումն, ի դեպ, այդքան էական չէ։ Չենք կարծում, որ օրինակ՝ 500-600 հազար դրամ աշխատավարձի դեպքում 3,5-4 հազար դրամով բարձրացումն այն թիվն է, որ  այդ աշխատողներին տանի ստվեր։  Այս ամենի արդյունքում պետությունը լրացուցիչ եկամուտներ չի ապահովում։ Ավելին, 2015 թվականի տվյալների հիման վրա կատարված հաշվարկներով` պետությունը 3,5 մլրդ դրամի եկամուտների կորուստ է ունենալու եկամտային հարկի մասով։

- Իսկ ո՞ր մասով պետությունը եկամուտների աճ կգրանցի։

- Եկամուտների ավելացում է լինելու ակցիզային հարկի գծով։ Մենք 2017-2021 թվականների համար օրենսգրքով ներկայացրել ենք հստակ քաղաքականություն, որ ակցիզային հարկի դրույթաչափերը շարունակաբար ավելանալու են ծխախոտի և օղու արտադրության գծով։ Միջին հաշվով յուրաքանչյուր տարի ծախախոտի և օղու ակցիզային հարկերի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում 15%-ի չափով։ Դա նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակներում ունեցած պարտավորությունների շարքում է։ Հայաստանում, առհասարակ, օղու և ծխախոտի ակցիզային հարկերի դրույքաչափերը շատ ցածր են։ Օրինակ՝ հարևան Վրաստանի համեմատ երկու անգամ ցածր է։ 2016 թվականին Հայաստանում մեկ տուփ ծխախոտի համար ակցիզային հարկը 110 դրամ էր, այսօր՝ 126  դրամ է, 2018-ին կդառնա՝ 145,5 դրամ։ Սա նվազագույն չափն է։ Հետևյալ սկբունքն է դրված, օրինակ, 2018-ին կգումարվի 15%, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար 7275 դրամ (1 տուփի համար 145,5  դրամը)։  Դա նշանակում է, որ թանկարժեք սիգարետի համար աշխատելու է 15%-ը, իսկ ցածրարժեքի համար՝ նվազագույն չափը։

- Նշանակում է 2018 թվականին ևս Հայաստանում ծխախոտը կշարունակի թանկանալ, ինչպես եղավ 2017-ին՝ մեծամասամբ պայմանավորված ակցիզային հարկի բարձրացմամբ։

- Չենք կարող ժխտել, որ թանկացումը կապված է դրա հետ։ Այլ հավասար պայմաններում կթանկանա նաև 2018 թվականին։ Ակցիզային հարկը սպառման հարկ է, որը դրվում է վերջնական արտադրանքի գնի վրա և դրա հատուցողը  վերջնական սպառողն է։ Եթե ներմուծողները և արտադրողները չնվազեցնեն շահույթի մարժան, եթե պահպանեն շահույթի միևնույն մակարդակը, բանակաբանար, ծխախոտը նորից կթանկանա:

- Ինչու՞ հենց ծխախոտն ու օղին։

- Երկու պատճառով։ Նախ այն, որ ծխախոտը և օղին ունեն ակցիզային հարկի ցածր դրույքաչափեր։ Իսկ եթե մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում,  նշանակում է, որ դրույքաչափերը միության ներսում, ինչպես նաև՝ ԱՊՀ տարածքում պետք է ներդաշնակ լինեն։ Հակառակ դեպքում դա պարունակում է մաքսանենգության ռիսկեր՝ վճարել մի երկրում և տեղափոխել այլ երկիր։ Բայց քանի որ չի կարող միանգամից շատ բարձրանալ, դա արվում է տարիների ընթացքում։  Այնուամենայնիվ, բարձրացնելով հանդերձ, մենք չենք հասնում  ԵԱՏՄ-ում  սահմանված միջին դրույքաչափին։ Անգամ 2021 թվականին այդ դրույքաչափից 20-30% ցածր է լինելու մերը։

Մյուս փաստարկն այն  է, որ ակցիզային հարկը  թե´ տնտեսագիտորեն, թե´ մասնագիտական հարթությունում համարվում է այն հիմնական հարկատեսակը, որոնց հաշվին, սովորաբար, պետությունը ակնկալում է եկամուտների ավելացում։ Նաև ցանկացած երկիր չի խրախուսում իր երկրում ծխախոտի և ալկոհոլի սպառման ավելացումը։

- Ըստ Ձեր հաշվարկների՝ դրույքաչափերի բարձրացման արդյունքում ակցիզային հարկի մասով որքանո՞վ կաճեն պետբյուջեի եկամուտները։

- Կրկին 2015 թվականի տվյալների հիման վրա` հաշվարկներով ակցիզային հարկի գծով պետբյուջեի եկամուտները տարեկան կաճեն 7 մլրդ դրամով։ 

- Ծխախոտի արտադրությունը զբաղեցնում է Հայաստանի մշակող արդյունաբերության շուրջ 15%-ը, ՀՀ արտահանման կազմում երկրորդն է իր ծավալներով, ոլորտի ընկերությունները խոշոր հարկատուներ են։ Մտավախություն չունե՞ք, որ մշակված հարկային քաղաքականությունը կարող է  հարվածել այդ դաշտին։

- Բացարձակապես ոչ, որովհետև ծխախոտի արտադրությունը Հայաստանում աճ է գրանցում արտահանման աճի հաշվին։ Մեր տեղական շուկայի սպառման ծավալները վերջին տարիներին տարեկան տատանվում են 5-5,5 մլրդ հատի  շրջանակներում։ Այսինքն՝ դրույքաչափեր են փոխվել, բայց շուկայի տարողունակությունը դրանից չի փոխվել։ Հայաստանում արտադրվող ծխախոտի հիմնական մասն արտահանվում է, իսկ արտահանումն ազատված է ակցիզային հարկից։ Ավելին՝ այն երկրներում, որտեղ արտահանվում է հայկական ծխախոտը, երկու անգամ ավելի բարձր ակցիզային հարկ է կիրառվում, քան Հայաստանում։

- Այլ ապրանքների մասով կա՞ ակցիզային հարկի բարձրացում։

- Փոքր ինդեքսավորում կա վառելիքի գծով՝ դիզելային վառելիքի և բենզինի։ Դա պայմանավորված է նրանով, որ դրանց դրույքաչափերը արժեքային չեն, այսինքն՝ շուկայի տատանումներին ադեկվատ չեն արձագանքում։ Ինդեքսավորում է նախատեսված՝ տոննայի հաշվով 15 հազար դրամ։ Կարծում եմ՝ էական փոփոխություն չի լինի։ Բայց դա մեկանգամյա է և ոչ թե շարունակական, ինչպես օղու և սիգարետի պարագայում է։ Դիզելային վառելիքի մասով մեխանիզմն ենք վերանայել։ Այսօր այն ազատված է ԱԱՀ-ից, փոխարենը հարկվում է ակցիզային հարկով։ Բայց ամբողջ աշխարհում նման դեպք չկա, որ դիզելային վառելիքը ԱԱՀ-ով չհարկվի։ Այդ պատճառով, ըստ Հարկային օրենսգրքի, 1 տոննայի համար 35 հազար դրամ ակցիզային հարկը նվազեցվել է 13 հազար դրամ, փոխարենը սահմանվել է ԱԱՀ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter