HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի 26-ամյակը՝ Շիրինօղլուի հովանավորությամբ

Ստամբուլում առաջին անգամ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախութեան տարեդարձը։ ԱԳՆ-ի կայքէջում նշվում է, որ միջոցառումը կայացել է ՍԾՏՀԿ-ի մոտ Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ պոլսահայ համայնքի աջակցությամբ։ Ելույթ են ունեցել «Կադանս» նվագախումբն ու Ստամպուլի «Մարալ» պարախումբը։ Այսքանը՝ լա՛վ…

Կա սակայն մի փոքր մանրամասնություն, որի մասին իմանում ենք ստամպուլահայ մամուլից. միջոցառումն ունեցել է մի գլխավոր հովանավոր եւ այն էլ եղել է Պետրոս Շիրինօղլուն։

Ակամա ծագում են հետեւյալ հարցերը.

-Ճի՞շտ է արդյոք Հայաստանի Հանրապետության անկախութեան տարեդարձ նշել մի գլխավոր հովանավորի շնորհիվ։ Նշված հովանավորության սահմանները թեեւ չենք իմանում, բայց 26-ամյա Հայաստանը դեռ չի՞ կարող մի նվագախումբ առաքել հարեւան երկիր, սրահ վարձել այդտեղ, կազմակերպել պատշաճ մի ընդունելություն։ Եթե այո՝ ուրեմն ինչո՞ւ պարտական լինել մի գլխավոր հովանավորի։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն նշանակում է դեռ չի հասունացել անկախության տարեդարձի նշման պահը տվեալ երկրում եւ կարելի է սպասել մի քանի տարի եւս։

-Գլխավոր հովանավորն է եղել Պետրոս Շիրինօղլուն։ Վիճելի համբավի տեր մի անհատ, որ թուրքական ներկա կառավարության հետ ունեցած մութ ու անհասկանալի կապերի միջոցով, իր արած անտեղի հայտարարություններով պատրիարքական ընտրության գործընթացը մատնել է փակուղիի։ Ավելին՝ Շիրինօղլուն զանազան առիթներով միշտ էլ ուրացել է ցեղասպանության փաստը, 1915-ը համարել կռիւ եղբայրների միջեւ։ Ցեղասպանության հարցը, կարծում ենք, դեռ շարունակվում է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականության առանցքային հարցերից մեկը, ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդել արտաքին գերատեսչության պատասխանատուները, որոնք Հայաստանի անկախության տարեդարձը Ստամբուլում առաջին անգամ նշելիս գլխավոր հովանավորությունը հանձնել են պատմական այդ փաստը դրժող կասկածելի մի անձնավորության։ Նաեւ նույն Շիրինօղլուն չէ՞ր, որ հենց Հայաստանում սովորած ու Երեւանի Պետական Համալսարանի Հայկական բանասիրութեան ֆակուլտետն ու ասպիրանտուրան փայլուն հաջողությամբ ավարտած, բանասիրական գիտությունների թեկնածուի կոչումով մի ուսուցչի վտարել էր տվել իր պաշտոնավարած հայկական վարժարանից (խոսքը Սեւան Տէյիրմենճյանի վտարման մասին է)։ Շարքը կարելի է երկարել, սակայն փաստը մնում է փաստ. 26-ամյա անցյալի տեր մի պետություն մի՞թե իրավունք ունի նման սխալներ գործելու, մի՞թե կարիք ունի համագործակցելու նման անձերի հետ։

-Իսկ ինչո՞ւ է Շիրինօղլուն ստանձնել նման մի հովանավորություն։ Նայելով ստամբուլահայ թերթերին՝ այնքան էլ դժվար չէ կռահումներ անելը։ Երեկույթի գլխավոր հուշանվերը մի թուրք նախկին դեսպանի ձեռքով հանձնվել է ո՛չ թե Հայաստանի ներկայացուցչին, այլ՝ Պետրոս Շիրինօղլուին։ Ստամբուլի «Ժամանակ» թերթի առաջին էջում կա Շիրինօղլուի ու նախկին դեսպանի լուսանկարը։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչը, ով պետք է լիներ օրվա գլխավոր հերոսը, հայտնվել է թերթի ներքին էջերում։

Հետեւելով ստամբուլահայ վերջին շրջանի ներքին առօրյային, այդքան էլ դժվար չէ կռահել այն, ինչ որ ուզում են անել Շիրինօղլուն ու իր մանկլավիկները։ Վերահաստատել նրա հեղինակությունը, ցույց տալ նրա ունեցած իբր թե համահայկական կարեւորությունը եւ համայնքի մոտ կորցրած վարկը ապահովել վերստին. վարկ, որ թերեւս նա գործածի հառաջիկա պատրիարքական ընտրություններում ապահովելու համար թուրքական կառավարության սիրելի մի թեկնածուի հաջողությունը։

Կարելի է ենթադրել Շիրինօղլուի նման մի անձնավորության նպատակները։

Սակայն ի՞նչ է ուզում անել Հայաստանի պետությունը։ Անհասկանալին ահա դա է։ Ինչո՞ւ մտնել նման խաղերի մեջ, թեկուզ բամբասանք էլ որ լինեն՝ ինչո՞ւ առիթ տալ նման խոսակցությունների։ Հայաստանը վեր է ամեն տեսակ հատվածական հաշիվներից եւ կարեւորը՝ երբեք ու երբեք կարիք չունի Շիրինօղլուի ու նման կասկածելի համբավի տեր անձերի հովանավորության։

Սարգիս Մխիթարյան, Ստամբուլ

լուսանկարը՝ jamanak.com

Մեկնաբանություններ (3)

Գէորգ Յակոբեան
Երանի թէ յօդուածագիր իր բուն անունով հրապարակ ելլեր, ու իր հարազատ անունով ստորագրէր այս յօդուածը: Թէեւ մենք գիտենք իր բուն անունը: Թուրքերը կըսէն «Թրիքը դէր եալը չգացած».......
Գէորգ Յակոբեան
Ես կը ցանքայի որ յօդուածագիրի քաջութիւնը ունենար ու իր իրաւ անունով արտայայտուէր. Ես ի ծնէ պապերէս Պոլսեցի եմ այս անունով անձ մը չեմ ճանչնար. թէեւ յօդուածագիրի անուն ու մականունը մեզի համար յայտնի է, իր խելքովը հաշիւ մաքրել ուզեր է, Թրքերը կըսեն «թրիքը դէր եալը չգացած» այսինքն դէր չհասոո
Գէորգ Յակոբեան
Քաղաքաքան անհերատեսութիւն, անվարչագիտութիւն, ապերախտութիւն, անիրաւութիւն, մակերեսային արժեւորում, սխալ դատողութիւն, սխալ լրատուութիւն, ի վերջոյ Սարգիս Մխիթարեանի կողմէ անտեղի ու անիմաստ մեկնաբանութիւն մը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter