Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Մալթայում սպանել են «պանամական փաստաթղթերի» մասին գրած հետաքննող լրագրողին



Հոկտեմբերի 16-ին Մալթայում սպանվել է հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 53-ամյա լրագրողը զոհվել է իր ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից: Նշվում է, որ լրագրողը սպանվել է իր տանից դուրս գալուց որոշ ժամանակ հետո:

Դաֆնե Կարուանա Գալիցիան հայտնի էր իր հետաքննություններով՝ Մալթայի վաչապետ Ջոզեֆ Մուսկատի՝ պանամական օֆշորների և Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած կապերի մասին: Անձամբ Մուսկատը այս սպանությունը որակել է որպես «բարբարոսական հարձակում մարդու և ազատ խոսքի դեմ»: «Չեմ հանգստանա, մինչև արդարադատություն չհաստատվի»,- ասել է Մալթայի վարչապետը:

Լրագրողի սպանությանը արձագանքել է նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով 20 հազար եվրո է խոստացել այն մարդուն, ով սպանության բացահայտման գործին նպատստող որևէ տեղեկություն կտրամադրի:

The Guardian-ի փոխանցմամբ՝ Դաֆնե Կարուանա Գալիցիան հետաքննում էր Մալթայում կոռուպցիոն երևույթները, որոնց արդյունքը դարձավ «պանամական փաստաթղթերում» առկա տեղեկությունների հրապարակումը: 2017 թվականի ապրիլին Գալիցիան իր բլոգում գրել էր, որ Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևային պատկանող Al Sahra FZCO ընկերությունից, որը գրանցված է Դուբայի ազատ տնտեսական գոտում, վարկային վճարումների անվան տակ գումարներ է փոխանցվել պանամական օֆշորներում գրանցված Hearnville Inc., Tillgate Inc. և Egrant Inc. ընկերություններին: Հաջորդ օրը լրագրողը հայտարարեց, որ մալթական Pilatus բանկում փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, որ Egrant Inc. ընկերության սեփականատերը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի կինն է՝ Միշել Մուսկատը: Ամուսինները հերքում են իրենց անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին ցանկացած տեղեկություն:

«Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները ակտիվորեն պահանջում էին Ջոզեֆ Մուսկատի հրաժարականը:


Լուսանկարը՝ Getty Images

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին գերմանական Süddeutsche Zeitung («Հարավգերմանական թերթ») պարբերականը հրապարակել էր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) և Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնի (OCCRP) համատեղ հետաքննությունը: Գաղտնազերծված տվյալները հիմնված էին պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության բազայի փաստաթղթերի վրա, որոնցում հիշատակված էր նաև Հայաստանի ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի անունը:

Գլխավոր լուսանկարը՝ AFP-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ