HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Այս նախագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը»

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախնական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ լսումներին հրավիրված են նախագծի թե՛ ջատագովները, թե՛ ընդդիմախոսները, ուստի կոչ արեց քննարկումները չվերածել կռվի, ինչի նախադեպն արդեն եղել է։

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը հայտարարեց, որ նման նախագիծ մշակելու քաղաքական որոշումը երեկ չի առաջացել։ Փոխնախարարի խոսքով՝ կառավարության 2004 թվականի ծրագրով նշվում էր, որ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ պետք է ստեղծվեին ավելի վաղ։ Քոչարյանի համար անհասկանալի է այն մոտեցումը, որ նախագծին դեմ են հանդես գալիս անձինք, որոնք երբևէ նույնիսկ առնչություն չեն ունեցել ընտանեկան բռնության դեպքերի հետ։

Փոխնախարարն առավել առարկայական օրինակով խոսեց նախագծում առաջարկվող լուծումների մասին՝ խոսելով ապաստարանների մասին․

«Պատկերացրեք չենք ունենում նման կացարան և արդյունքում այն վիճակն է, ինչ այսօր կա, երբ պետական իրավապահ մարմիները ստիպված են դիմել ինչ-ինչ հկ-ների, որպեսզի  վերջիններս օգնեն բռնությունից տուժած անձանց՝  ապաստարան  գտնել: Մենք չենք կարող դա նորմալ գնահատել, և հետևաբար պետությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի և հենց դրան է նվիրված քննակվող օրինագիծը»,- ասաց փոխնախարարը:

Տեղեկացնենք, որ ըստ օրենքի նախագծի՝ շահառուներն ապաստարաններում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամիս։

«Հետքը» նախագծի վիճելի կողմերի մասին գրել է ավելի վաղ։ Փոխնախարարն անդրադարձավ նաև վիճակագրությանը՝ հայտնելով, որ ոստիկանությունն օրական շուրջ 2 անգամ ընտանեկան բռնության հարցով ահազանգ է ստանում։

«Այս նախագիծն ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը․ մեր ընդդիմախոսները հաճախ ասում են, թե քրեական օրենսդիրք կա, դրանով պատժեք բռնարարին, բայց  այս օրենքը քրեական օրենսգրքի հետ որևէ հետ կապ չունի։ Այն վերաբերում է ընտանեկան բռնության  կանխարգելմանը, կոչված է  ընտանիքը բռնությունից պաշտպանելուն։ Եթե այնպես մտածենք, ինչպես մտածում են մեր ընդդիմախոսները՝ դե թող տա գլուխը ջարդի, պատժի ենթարկվի քրեական օրենսգրքով։ Հիմա ասեք՝ այս երկու մոտեցումներից որն է իրականում ուղղված ընտանիքի պաշտպանությանը՝ կանխարգելո՞ւմը, թե՞ քրեական պատասխանատվության ենթարկելը», - հարցրեց Քոչարյանը։

Փոխնախարարը ընդգծեց, որ արևմտյան երկրների ներկայացուցիչներն էլ օրինակ առաջարկում են ընտանեկան բռնությունը քրեականացնել, ինչը հայկական կողմի համար ընդունելի չէ։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ բռնությանը դեմ է, սակայն բերվել է մի նախագիծ, որի շատ դրույթներ հարիր չեն ազգային հոգեկերտվածքին։

Պատգամավորը վիճելի է համարում այն դրույթը, ըստ որի ոստիկանն իրավունք ունի սահմանափակել ծնողի և երեխայի տեսակցությունը, Պետրոսյանի գնահատմամբ՝ այն հակասում է սահմանադրության 37 հոդվածին, ըստ որի միայն դատական ակտի դեպքում է տեսակցությունն արգելվում։

«Տնտեսական բռնության մասին է նախագծում նշվում, սա մեզ համար նորույթ  է ու անորոշ», - ասաց Պետրոսյանը։

Փոխնախարարը պատասխանեց, որ նախագծի ձևակերպումները մշակելիս փորձել են հնարավորինս որոշակիության հասնել։

«Շատ դեպքերում մեր ընդդիմախոսներն ասում են, թե երբ երեխայի համար պաղպաղակ չառնեմ, գումար չտամ խաղատուն գնալու, դա տնտեսական բռնությո՞ւն է, թե՞ ոչ։ Իհարկե ոչ, նման դեպքերը չեն կարող տնտեսական բռնություն համարվել․ տնտեսական բռնությունը անձին բնակարանային, սննդի և կյանքի համար անհրաժեշտ այլ պայմանների զրկելն է», - արձագանքեց փոխնախարարը։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, օգտվելով վարողի իրավունքից, խոսեց այս հարցի մասին՝ ներկայացնելով իր համար վիճելի դրույթները։

«Եթե ընտանիքը չի կարողանում ապահովել անհրաժեշտ պայմաններ, ինչպես՝ սնունդ, քանի որ երկրում նման պայմաններ են ստեղծված՝ ապաշնորհ ղեկավարման հետևանքով, ընտանիքին պետք է մեղադրանք ներկայացվի,  որ տնտեսական  բռնությո՞ւն է իրականացնում», - հետաքրքրվեց նա։

Փոխնախարարարը հստակեցրեց՝ օրենքի նախագծում նշվում է դիտավորությամբ սննդի, բնակության  վայրից զրկելուն․

«Իսկ զրկել եզրույթը նշանակում է, որ այդ ամենն առկա է, և ինչ-որ մեկը դիտավորությամբ զրկում է»,-ասաց փոխնախարարը։

Գևորգ Պետրոսյանը խոսեց նաև իրավապահ մարմինների կողմից  սեփականության իրավունքից անձին ժամանակավոր զրկելու դրույթի մասին՝ նկատելով, որ այն հակասում է սահմանադրությանը։ Փոխնախարարը հակադարձեց՝ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ․ կարող է սահմանափակվել օրենքով, ինչպես օրինակ՝ այս նախագծով։

Փոխնախարարն անդրադարձավ նաև ծնողական միջամտությանը, որի մասին հաճախ են բարձրաձայնում նախագծի ընդդիմախոսները․

«Ասում են գոռալը հոգեբանական բռնությո՞ւն է, նման դիտողություն բոլորս էլ անում ենք, քննադատում ենք մեր երեխային, դա բնական է, բայց պետք է այնպես անենք, որպեսզի դիտավորությամբ ուժեղ տառապանք չպատճառենք», - նկատեց Քոչարյանը։

«Հումանիտար զարգացման միջազգային հասարակական կազմակերպության» ներկայացուցիչ Ծովինար Կոստանյանն էլ խոսեց ապաստարանների ձևավորման կարգի մասին՝ հետաքրքրվելով, թե ինչ երաշխիքներ կան, որ այդ ապաաստարաններում բռնության ենթարկված անձինք նվաստացուցիչ  պայմաններում չեն լինի և ինչո՞ւ չեն կարող շփվել իրենց նախընտրած անձանց հետ։

Փոխնախարարը պատասխանեց, որ ապաստարանի վայրի գաղտնիությունը միանգամայն հասկանալի է, որպեսզի բռնություն կամ ենթադրյալ բռնություն կատարած անձը հնարավորություն չունենա գտնելու բռնության ենթարկված անձին։

«Ձեր հարցադրումներից տպավորություն  ստեղծվեց, որ կիսաբանտարկյալ վիճակ է ապաստարանում լինելու, որն իհարկե գոյություն չունի։ Անձը, որը ժամանակավոր կացարան է գտել, ունի բոլոր հնարավորությունները ցանկացած պահի լքել այդ վայրը, շփվելու նրա հետ, ում հետ ցանկանում է։ Այդ առումով որևէ մտավախություն տեղիք օրենքի կարգավորումները չեն կարող առաջացնել», - ասաց Քոչարյանը։

Փոխնախարարը նաև հավելեց, որ պետք է լինեն հստակ ու մանրամասն կարգավորումներ, հստակ չափորոշիչներ, թե ապաստարանն ինչպես է կառուցվելու և ապաստարանի աշխատակիցները ինչպիսի որակավորումներ են ունենալու։

Վիգեն Քոչարյանը հստակեցրեց՝ ապաստարանում երեխան միայնակ չի կարղ հանգրվանել․ օրենքը նախատեսում է, որ երեխան ապաստարանում կարող է լինել ծնողներից մեկի հետ։

«Չի կարող լինել իրավիճակ, երբ երեխան ապաստարանում միայնակ լինի, ապաստարանը երեխային մենակ պահելու տեղ չէ», - ընդգծեց նա։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խոսեց նախագծով առաջարկվող ստեղծվող ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի մասին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է այն լինելու վարչապետին կից մարմին։ Պատգամավորը թվարկեց մի քանի խորհուրդներ, որոնք գործում են վարչապետին կից, և որոնք արդեն մի քանի տարի է, նիստ չեն հրավիրել։

Փոխնախարարն արձագանքեց, որ տարբեր խորհուրդները հանդիսանում են կարևոր օղակ հանրության և գործադիրի միջև, սակայն ոչ բոլոր խորհուրդների գործունեությանն է տեղյակ։

«Կանանց ռեսուրսային կետրոն» հկ իրավաբան Նվարդ Փիլիպոսյանն էլ առաջարկեց ապաստարանի բացահայտման համար քրեական պատասխանատվություն՝ վարչականի փոխարեն։

Փոխնախարարն ասաց, որ դա վիճելի հարցերից մեկն է, քանի որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ հկ-ներ ասում են, թե  այդ դրույթը պետք է քրեական պատասխանատվությամբ կարգավորվի, սակայն նախարարության համոզմամբ՝ «այն չի կարող ընտանեկան բռնությունը կանխարգելել և ընտանիքներին աջակցելու լավագույն ճանապարհը չէ»։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ ասաց, թե հանրության  մեջ կարծիք կա, որ սա հայտնի ուժերի կողմից Հայաստանին պարտադրված նախագիծ է։

«ՀՀ-ին հեշտ չէ պարտադրելը», - արձագանքեց փոխնախարարը և հավելեց․եթե նկատի ունեք միջազգային պարտավորությունները, այո, ՄԱԿ-ի շրջանակում համապատասխան պարտավորություններ ունենք, սակայն դրանք ստանձնել ենք կամովին։

Բոստանջյանը նաև ակնարկեց, որ նախագի ընդունումը պայմանավորված է դրամաշնորհների տեսքով գումարներ ստանալուն։

«Գաղտնիք չէ, որ օրենքի ընդունումը նախատեսված է ԵՄ բյուջետային ծրագրով, բայց համաձայն այդ փաստաթղթի՝ շատ ավելի շուտ պետք է ընդունված լիներ», - ասաց Քոչարյանը։

Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ խոսեց վիճակագրական ցուցանիշների մասին։

«2012-ին ընտանեկան բռնության 728 դեպք է եղել, 2016-ին թիվն աճել է՝ դառնալով 756։ 2012-ին կանանց նկատմամբ 410 բռնության դեպք է եղել, 2016-ին՝ 471։ Պետք է անենք ամեն ինչ, որ օգնենք զոհերին և ինչու չէ այն անձանց, որոնք իրենք են բռնություն գործադրում», - ասաց Դուրյանը։

Նելլի Դուրյանի խոսքով՝ բռնության ենթարկված շատ կանայք չեն ցանկանում դիմել ոստիկանություն՝ ասելով, թե ոստիկանությունը միայն հաշվառում է, իսկ դրանից հետո իրենք ավելի դաժան բռնության են ենթարկվում։

«Կարծում եմ օրենքն ամեն դեպքում կարող է օգնել և ոչ թե խանգարել», - եզրափակեց նա։

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
//Գաղտնիք չէ, որ օրենքի ընդունումը նախատեսված է ԵՄ բյուջետային ծրագրով,// - այսինքն փող են տվել են եւ հարկավոր «երաժշտությունը» կարող են պատվիրել? Այստեղ պետք է հիշել, որ Անգլիայում մինչեւ հիմա երեխաներ են ծեծամահ արվում, սակայն ով է բարձրաձայնում? Միեւնույն ժամանակ անգլիացիներն ու նրանց սերունդներն աշխարհի ուսուցիչներն ու փաստացի տիրակալներն են համարվում! Իսկ եթե հայուհի մայրը իր չար փոքրիկի փափուկ տեղին մի հատ շրպպացնի, սա էլ զանգի ոստիկան քեռուն, ապա վերջինս կարող է գալ եւ օրենքի տառին համաձայն, կամակոր պստիկին (իր մորը կամ հորը) մեկուսացնի ընտանիքից? Իսկ որ մեր բարի ոստիկան քեռիները հաճույքով կօգտվեն ընձեռնված հնարավորություններից, երեւի կասկած պիտի չլինի: Հրեն, հենց հիմա դատ է գնում - նախկին օպերների, որոնք առանց անհարմար զգալու, նույնիսկ իրենց պետի տունն են փորձել թալանել (մահացու ելքով): Խելքի եկեք եղբայրներ, օրենքը խիստ վտանգավոր գործիք է՝ հատկապես անպետք մարդկանց ձեռքին:
Գեւորգ
Այս հարցը ճիշտ կլինի քննարկել դրսից հուշվող այլ հարցերի համատեքստում: Եթե հիշում եք, ժամանակ առաջ ինչ-որ «գենդեր-մենդերի» օրենք էին ուզում խցկել, հիմա կարծես մի քիչ փափկեցված տարբերակ են բերել: Վերջերս հայտնի դարձավ ԵՄ - ՀՀ համաձայնագրի պահանջը ատոմակայանը փակելու մասին: Դրանից առաջ համայնքները «փնջելու» (խոշորացնելու) օպերացիան գործողության մեջ դրվեց, որին բազմաչարչար գյուղացիները մասսայաբար դեմ են: Բայց «գեղացու» բերանին նայողն ով է? Արդեն զոռելով «շուռ տու քշի» են անում, որ խոստացած դրամաշնորհները հորով մորով անեն: Հետո թեկուզ ջրհեղեղ! Այսքան բաները տեսնելուց հետո մի տխմար հարց է առաջանում - եղբայր, այս կառավարությունը իրականում ում «ծառան» է՝ մեր թե «իրենց»?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter