HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կոմիտասին նվիրված երեկո «Գյումրի Լոֆտ» ինքնազարգացման կենտրոնում

Հոկտեմբերի 14-ին «Գյումրի Լոֆտ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում կազմակերպվել էր երեկո՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք Կոմիտասին եւ նրա ստեղծագործություններին: «Մշակութային Գյումրիում մենք տեսնում էինք այդ բացը եւ այն լրացնելու նպատակով որոշեցինք մեկ օրը նվիրել ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադրին՝ դասախոսության, երաժշտության եւ նկարչության միջոցով,-նշեց կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Թումասյանը,-մեր կենտրոնի սկզբունքը հաշվի առնելով` ընտրել էինք ինտերակտիվ ձեւաչափը, որպեսզի ոչ ֆորմալ կրթության միջոցով կարողանանք տեղ հասցնել Կոմիտասի ստեղծագործությունները: Երեկոյի մասնակիցները տարբեր տարիքային խմբի մարդիկ են ու դա խոսում է էն մասին, որ Կոմիտասի երաժշտությունը լսելու, Կոմիտաս մարդու մասին երբեւէ չլսածը լսելու ցանկություն կա Գյումրիում»

Երեկոյի բանախոսներն էին «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանը, «Արատտա» էթնո-ջազբենդի հիմադիր եւ մենակատար Արմեն Հովհաննիսյանը, «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի հիմնադիր ղեկավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը, Գյումրու Հայորդաց տան մանկական երգչախումբը: Կազմակերպվել էր գյումրեցի արվեստագետների աշխատանքների ցուցահանդես, որի նպատակը նոր ասելիք ունեցող ստեղծագործողների բացահայտումն էր: Իրենց աշխատանքներով ներկայացել էին Բայրոնի անվան դպրոցին կից գործող «Magic stick» ստուդիայի սաները: Կոմիտասին պատկերող ձեռագործ աշխատանքներով ներկայացել էին Մամիկոն Վարդերեսյանն ու Նազ Բիզարեն:

«Կոմիտասին մենք, ցավոք, ընկալում ենք որպես թանգարանային էքսպոնատ եւ նրա հետ առնչվում ենք չգիտես ինչու տարին մեկ անգամ, այն էլ ապրիլի 24-ին՝ ասոցացնելով եղեռնի հետ,-նկատեց «Սաղմոսերգու» հոգեւոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանը,-իհարկե, չենք կարող ասել, թե Կոմիտասի ստեղծագործությունների տարածման առումով ոչինչ չի արվում`գուցե էն ծավալները չեն, սակայն աշխատանքներ տարվում են թե՛ մեր, թե՛ Կոմիտասին նվիրված թանգարանի կողմից, որն ընդամենը մի քանի տարի առաջ է բացվել, իսկ մինչ այդ ընդամենը մի սենյակ էր «Գրականության եւ արվեստի» թանգարանում: Մի կողմից էլ եկեք հասկանանք, որ սա էն մասշտաբները չեն, որ պետք է լինեին պրոպագանդայի առումով: Կոմիտասով պիտի զբաղվեն ինստիտուտներ, ակադեմիաներ՝ տարածելով մաքրամաքուր հայկական երաժշտությունը: Կոմիտասի ակադեմիական հրատարակությունը 14 հատոր է, իսկ մենք գոնե մեկ հատորը գիտե՞նք այդ ամենից»:

Երեկոյին ներկա ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ ռաբիզ երաժշտության տարածումը հենց կոմիտասի ստեղծագործություններին հաղորդակից  չլինելու հետեւանքն է:

«Կոմիտասի պակաս միշտ կա ու պատճառներից մեկն էլ հենց դա է, որ ռաբիզը մտել է մեր արյան շրջանառության մեջ՝ դուրս չի գալիս, նույնիսկ արյան փոխներարկման կայանն է անուժ էս դեպքում,-կարծիք հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը,-ինձ համար ցավ է, որ մեր դրամատուրգներն ընդհանրապես չեն անդրադարձել Կոմիտասի անձին ու գործունեությանը, եթե ինչ-որ բան էլ ունենք, ապա բավարար չէ, չկա լիարժեք գրված մի գործ, որը կարողանաս բեմ բարձրացնել: Ռուս դրամատուրգ Բելինսկին անդրադարձել է Կոմիտասին: Ես ուզեցի թարգմանել այդ գործը՝ մտածելով, որ գուցե հնարավոր լինի բեմադրել, սակայն ռուս դրամատուրգը անդրադարձ էր կատարել հիմնականում Կոմիտասի հոգեբուժարանում անցկացրած օրերին: Ես չէի ուզենա Կոմիտասին այդպիսին ներկայացնել եւ դրա համար հրաժարվեցի այդ գործից: Ցավոք, որեւէ հայ դրամատուրգ այս հանճարին չի նվիրել ամբողջական մի գործ: Իմ կարծիքով այստեղ էլ ունենք մեծ բաց, որը պետք է անպայման լրացվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter