ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

ԱԻՆ-ը ԱԳԼՃԿ-ներում կվերահսկի գազի մթնոլորտային ճնշումը․ այն չի գերազանցի 200-ը



Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռնարկել է իր ձեւակերպմամբ՝ «ԱԳԼՃԿ-ների գործունեության նկատմամբ անվտանգության աստիճանի  բարձրացմանն ուղղված գործողության» ծրագիր։ Լցակայաններում բնական գազի ճնշումը չպետք է գերազանցի 19,6 ՄՊա-ն, կամ, վարորդների լեզվով ասած, 200 մթնոլորտային ճնշումը։  

ԱԳԼՃԿ-ների բաշխիչ աշտարակները՝ դիսպենսերները, կկահավորվեն «911»  ծառայության հետ ուղիղ կապի սարքերով, որոնք թույլ կտան ֆիքսել գազի ճնշման  սահմանված չափերի բոլոր գերազանցումները։ ԱԻՆ-ը ցանկանում է նվազագույն ծախսերով հեռակա հսկողություն սահմանել  լցավորման գործընթացների նկատմամբ: Ընդ որում, հսկողությունը կիրականացվի շուրջօրյա։

Ճնշման սահմանաչափի խախտման դեպքում տեղեկատվությունն առցանց կուղարկվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ ԱԻՆ-ն արդեն մշակել է կառավարության որոշման նախագիծ, որի պահանջներն առաջիկա ամիսներին կկիրառվեն։

Տեխնիկական կանոնակարգի պահանջները նախարարությունը խստացնում է՝ հղում անելով մահացու ելքով դժբախտ պատահարներին։

ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Արսեն Հայրապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ճնշման կարգավորիչները տեղադրելուց հետո կընտրվի վերահսկող մարմին, որը հավանաբար կլինի Էկոնոմիկայի նախարարության Շուկայի հսկողության տեսչությունը։

Եթե ճնշման կարգավորիչը փչանա, եթե ճնշման գերազանցում լինի կամ մարդկային գործոնով պայմանավորված՝ խաթարվի աշխատանքը, համապատասխան ազդանշան կստացվի ԱԻՆ ՃԿԿ։ Եթե խնդիրը տեխնիկական է, կուղղվի, իսկ եթե խափանումը արտաքին միջամտության արդյունք է, ապա խախտումը կարձանագրվի եւ ահազանգը կփոխանցվի տեսչությանը։

Արսեն Հայրապետյանն ասում է, որ ԱԳԼՃԿ-ներում գազաբալոնների պայթյունների պատճառը հիմնականում ճնշման թույլատրելի չափի գերազանցումն է։ Մեծամասամբ պայթում են հին ավտոմեքենաների վրա տեղադրված, կասկածելի անվտանգության աստիճաններ ունեցող բալոններ, որոնք հաճախ նախատեսված չեն տվյալ գազի համար՝ թթվածնի կամ ամոնիակի բալոններ են, «իրենց դարն ապրած», բարոյապես եւ ֆիզիկապես մաշված։

«Մարդիկ այդ դանդաղ գործունեության ռումբերն իրենց մեքենաների վրա տեղադրում են՝ ֆինանսական պայմաններից դրդված։ Եվ մի օր այդ բոլոր պայմանները զուգակցվում են, բարձր ճնշումն էլ գումարվելով՝ տեղի են ունենում պայթյուններ, որոնցից տուժում են առաջին հերթին գազալցակայանների աշխատողները։ Այս ամենը ենթադրում է դաշտի կարգավորում»,-ասում է նախարարության պաշտոնյան։

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը թերահավատորեն է նայում ԱԻՆ նախաձեռնությանը։ Նա գտնում է, որ այս պատմության մեջ կարելի է անգամ խոշոր տնտեսվարողների շահեր տեսնել «Առաջին հայացքից ուզում ենք հավատալ, որ լավ բան են մտածել, բայց մյուս կողմից կասկածները շատ են։ Եթե մի փոփոխություն են անում, նշանակում է՝ օլիգարխները, խոշոր տնտեսվարողները խաղի նոր կանոններ են թելադրում։

Եթե անվտանգության համար է արվում՝ վատ չէ։ Բայց պետք է հասկանալ՝ հեռահար նպատակ կա՞, թե՞ ոչ, ո՞ր օլիգարխն է մի բան մոգոնել։ Թե չէ՝ ամենուրեք խաբեություն է տիրում, դաշտը բարձիթողի է, չի վերահսկվում։ Իբր ստուգում են ԱԳԼՃԿ-ներին, երեք ամիս առաջ զանգում զգուշացնում են՝ գալու ենք ստուգենք»։

Տիգրան Հովհաննիսյանն ասում է, որ 200 մթնոլորտային ճնշում լիցքավորելը կնշանակի ավելի հաճախ լիցքավորել ավտոմեքենան, ավելի շատ թեյավճար վճարել, որը թաքնված է գազի գնի մեջ։ Հատկապես որ, նրա խոսքով, գազն անորակ է, օդով լցված «Ի՞նչ որակի մասին է խոսքը։ Այնպիսի աֆյորաներ կան։ Նման բան աշխարհում չկա։ Հատկապես Երեւանում վիճակը շատ վատ է, քան մարզերում։ Ավտոմեքենան լիցքավորում ես, տասը րոպե անց մթնոլորտային ճնշումը 30-ով պակասում է։ Էնպես որ, ցանկացած փոփոխության ժամանակ հաշվի առեք օլիգարխիկ խավի շահերը։ Ո՞վ է ժողովրդի մասին մտածում»։

Արսեն Հայրապետյանը՝ հակառակը, պնդում է, որ միֆ է, թե 250 ճնշում լիցքավորելու դեպքում ավելի շատ գազ է լցվում բալոն։ «Էդ հարցի նրբությունը կայանում է նրանում, որ գազը պետք է լիցքավորվի որոշակի ճնշման, ջերմաստիճանի, խոնավության պարագայում։ Եթե 250 լիցքավորում են, բայց մի 20 րոպեից տեսնում ես ճնշումը նվազել է, ապա նշանակում է, որ ԱԳԼՃԿ-ն աշխատում է բարձր ջերմաստիճանի պարագայում։ Հնարավորություն կա ջերմաստիճանը արհեստականորեն բարձրացնել՝ անկախ ճնշման չափից»։

Ամեն դեպքում, ըստ Հայրապետյանի, անորակ բալոնը ցանկացած ճնշման տակ էլ կարող է պայթել։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նույնպես կարծում է, որ կառավարությունը նախ պետք է ԱԳԼՃԿ-ներում վաճառվող գազի որակի ստուգումներ իրականացնի։ Հենց այստեղ խախտվում են սպառողի իրավունքները։

«Վարորդները շատ են դժգոհում։ Եվ ոչ միայն գազից։ Նույն վիճակն է բենզինի, դիզելի շուկայում։ Երկրորդը՝ եթե նկատել եք, որոշ ավտոմեքենաներ լիցքավորվում են ոչ թե բեռնախցիկում տեղադրված փականի միջոցով, այլ՝ ավտոմեքենայի դրսի մասում՝ խլացուցիչի կողքը տեղադրված փականի միջոցով։ Լցակայաններում չեն էլ ստուգում՝ ինչ բալոն է տեղադրված, հին է, նոր է, կդիմանա, եթե բարձր ճնշում տան։ Ստուգող էլ չկա՝ էդ մեքենաներում ինչ գազաբալոն է տեղադրված։

Անվտանգություն ապահովել ասելով՝ պետք է առաջին հերթին դա կարգավորել։ Եթե գազաբալոնը լավն է, ապա 250 մթնոլորտային ճնշմանը հաստատ կդիմանա, եթե վատն է ու հին, ապա չի դիմանա անգամ 200-ին»,-ասում է Քեյանը։

Փոփոխությունների նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հանրային քննարկման այս մի փուլն ավարտվել է, նախագիծը շարունակվում է քննարկվել պետական կաբինետներում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ