Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի բիզնես կապերը հանքարդյունաբերության ոլորտում



Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ունեցվածքով հնարավոր է մի քանի պետական հիմնարկ պահել՝ վճարել աշխատողների աշխատավարձը, հոգալ նրանց կարիքները, շենքի պահպանման ծախսերը և այլն:

Նշենք, որ ՀՔԾ-ի  գործունեությունը նպատակաուղղված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելուն: Այլ կերպ ասած՝ այս կառույցն է զբաղվում հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող պաշտոնյաների գործերով:

Դավիթ Սուքիասյանն առաջին անգամ է ներկայացնում գույքի ու եկամուտների հայտարարագիր և դրանից է պարզ դարձել իր ունեցվածքի «մեծությունը»: Նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ունեցած գույքը, դրամական միջոցներն ու եկամուտները:

Նշված ժամանակահատվածի դրությամբ ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ 2 մլն 344 հազար դրամ և 20.000 ԱՄՆ դոլար ստացած վարկից:

Ինչ վերաբերում է ունեցած դրամական միջոցներին, ապա դրանք ոչ մի կերպ չեն «խաչվում» ստացած եկամուտների հետ:

Պաշտոնյան այնքան գումար ունի, որ նույնիսկ միլիարդների հասնող փոխառություն է տալիս այլ անձանց: Տրված թվով 4 փոխառությունների ընդհանուր գումարային չափը կազմում է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամ, 375 հազար դոլար և 20 հազար եվրո:

                    

Դրանով չի սահմանափակվում Դավիթ Սուքիասյանի ունեցվածքը: Նա հայտարարագրել է թվով 4՝ MERCEDES-BENZ 500S, RANGE ROVER Supercharged 5.0, LEXUS GX460, ZAZ 968 մակնիշի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է նաև մեկ բնակելի տուն:

Թեև հայտարարագրում անշարժ գույքի հասցեները չեն հրապարակվում, սակայն պարզեցինք, որ այն գտնվում է Առինջ գյուղում: Առինջի ավագանին դեռևս 2013թ. դեկտեմբերին որոշել  էր «ձևակերպել կառուցապատող Դավիթ Համլետի Սուքիասյանի  կողմից իրականացված  բնակելի  տան, տնտեսական շինությունների  և պարսպի ավարտված շինարարության շահագործման փաստագրումը»:

ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանն ունի նաև առևտրային ընկերություններ: Հուլիսի 1-ի դրությամբ նա իր հայտարարագրում նշել էր 3 ընկերության մասին:

«Հանրային ծառայության մասին» օրենքով ընկերությունների անունները հրապարակման ենթակա չեն, սակայն «Հետք»-ը պարզեց, որ պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ները, որտեղ Դավիթ Սուքիասյանն ունի 100% բաժնեմաս:

Ավելին, հայտարարագիրը ներկայացնելուց հետո պաշտոնյան դարձել է ևս մեկ ընկերության միանձնյա սեփականատեր:

«ԱՆԻ-ԿՎԱՐՑ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.՝ Ռուզաննա Հովսեփյանի կողմից: Վերջինս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ նախկին պատգամավոր Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի կինն է: Նա այս տարվա օգոստոսի 8-ին դուրս է եկել ընկերությունից, և նույն օրը «ԱՆԻ-ԿՎԱՐՑ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Դավիթ Սուքիասյանը: Ըստ հարկային մարմնի` այս ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Այն զբաղվում է կոպճահանքերի և ավազահանքերի շահագործումով, կավի և ճենակավի (կաոլինի) արդյունահանումով:

«ԱՆԻ-ԿՎԱՐՑ» ՍՊԸ-ն 2012թ. 50 տարի ժամկետով՝ մինչև 2062թ. ստացել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն: Ընկերությունը շահագործում է Արարատի մարզի Շահումյան համայնքի ավազակավճային խառնուրդի (ԱԿԽ) հանքը:

Ընկերությունը 2011թ. Շահումյան համայնքում հողի վարձակալության  մրցույթում հաղթող է ճանաչվել և նրա հետ կնքվել է 3.01հա ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի վարձակալության պայմանագիր՝ 121 հազար 500 դրամ վարձավճարով: Վարձավճարը հաշվարկվել է կադաստրային արժեքի 0,5%-ով: Բացի այդ, ընկերությունը նույն համայնքում օգտագործում է նաև 1.99 հա արոտավայր՝ 1373 դրամ վարձավճարով: Այս անգամ հաշվարկել են եկամուտի 30%-ի չափով:

Նշենք, որ Շահումյանի համայնքապետը, նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան է: Կարո Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր էր:

«ԴԼՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (նախկին՝ «Գետն Գրուպ» ՓԲԸ) ևս հանքարդյունաբերական գործունեություն է ծավալում: Զբաղվում է Ավազի և խճի արդյունահանումով: ՍՊԸ-ն մինչև 2032թ. ընդերքօգտագործման և արդյունահանման թույլտվություն ունի: Շահագործում է  Արմավիրի մարզի Արաքսի ավազանի Գետափի ԱԿԽ-ն:

«ԴԼՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին: Հիմնադիրը եղել է երևանաբնակ Անահիտ Նազարեթյանը, սակայն՝ 2014թ. մարտից ընկերության միանձնյա սեփականատեր է դարձել Դավիթ Սուքիասյանը:

«ՄՄՎԻՆԻՆԳ» ՍՊԸ-ն (նախկին՝ «Վահան-Արտյոմ» ՍՊԸ) նույնպես ավազի և խճի արդյունահանումով է զբաղված: Ընկերությունը շահագործում է Արմավիրի մարզի Քարաջրի կոպճային ավազի հանքը, որի համար մինչև 2061թ. ունի թույլտվություն:

«Վահան-Արտյոմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. գործել մինչև 2012թ., որից անմիջապես հետո ընկերության իրավահաջորդ է դարձել «ՄՄՎԻՆԻՆԳ» ՍՊԸ-ն: Դավիթ Սուքիասյանը ընկերության միանձնյա բաժնետեր է 2012թ. փետրվարից:

«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն ևս նույն ոլորտի գործունեություն է ծավալում: Արարատի մարզում շահագործում է «Վանինայի» ավազ կոչվող հանքավայրը: Այդտեղից արդյունահանում է ավազ և խիճ: Թույլտվությունը տրված է մինչև 2064թ.:

Այս ընկերությունը «դժվար» ճանապարհ է անցել մինչև ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ձեռքն ընկնելը: Նախ՝ 2003թ. հիմնադրվել է «ԷՄԷԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն, որը գործել է մինչև 2015թ. փետրվար ամիսը: Հետո դրա հիմքի վրա ստեղծվել է «ՎԱՆԻՆԱ ՍԻՆԱՆՅԱՆ» ՍՊԸ-ն, վերջինս էլ հիմնել է «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը:

Ընկերության հիմքը դրել է Վանինա Սինանյանը, այնուհետև բաժնետեր է դարձել Մարինե Արաբաթյանը, իսկ 2010 թվականի դեկտեմբերի կեսերից միանձնյա բաժնետեր է Դավիթ Սուքիասյանը:

Նշենք, որ այս տարվա հունիսի 23-ին կառավարությունն ընդունեց որոշում, որով ՀՔԾ-ի աշխատակազմի ղեկավարին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն ազատեց մաքսատուրքի վճարից: «ՄԼ Մայնինգ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ։ Ընկերությունը պետք է ներմուծի 75 մլն դրամ արժողությամբ երկու սարքավորում՝ Բուլղարիայից։

Կառավարության որոշման նախագծում նշված էր, որ ընկերությունն արդեն իրականացրել է 400 մլն դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել ևս 100 մլն դրամի ներդրում և ստեղծել առնվազն 15-20 աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն 240 մլն դրամ, որից 180 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ երկրներ, 55 մլն դրամը՝ երրորդ երկրներ։

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Դավիթ Սուքիասյանից, սակայն նրա աշխատասենյակի հեռախոսազանգերին պատասխանող չկար:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. հետաքրքիր է՝ ում տնգլին ա?14:12 - 18 հոկտեմբերի, 2017
Սա այն մասն է որը ստիպված հայտարարագրել է!!!! Այս երկիրը հաստատ կծաղկի՝ մեր գերեզմանների վրա լիքը ծաղիկներ կաճեն .... եթե թուրքի ոչխարը չարածի:
2. Հասմիկ Ա. Ա.23:33 - 18 հոկտեմբերի, 2017
Սա չի՞ կարելի համարել հանցագործության մասին հաղորդագրություն: Միթե՞ չի կարելի ստուգել, թե ինչպես են այսպիսի պաշտոնյաները միլիոնների տիրանում:
3. ՀՀ քաղաքացի07:56 - 19 հոկտեմբերի, 2017
Ոնց հասկանում եմ, էս տղամարդը մինչև պաշտոնի անցնելն է ստեղծել, գնել, վերաշահագործել նշված առևտրային կազմակերպությունները
4. Անահիտ17:29 - 20 հոկտեմբերի, 2017
Լավ, ես չեմ հասկանում, նման կարողության տեր մարդկանց ինչին է պետք այդ մի քանի հարյուր հազար դրամանոց աշխատավարձով աշխատանքը, որ իրենց հաջողակ բիզնեսները թողնում են հանուն այդ պաշտոնների: Ես կարծում եմ, որ նման պետական հիմնարկներում պետք է աշխատեն իրենց գործի նվիրյալները, մասնագետները, որոնք որ կլինեն իրենց լիազորությունների շրջանականերում անաչառ և անկողմնակալ:
5. բաբկեն09:36 - 21 հոկտեմբերի, 2017
4 -ին: Անահիտ, քանի տարեկան էս, երեխի հարցեր ես տալի - հլա ասա ՀՔԾ - ը՜, արյունդ սառում ա: Ինչքան ուզեն կդնեն ամենաբարձրադիր հացագործի վզին: Բզինեսներն էլ ալաֆն օրինականացնելու համար ա, որ թղթով կարգին ըլի
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ