HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բացասական եզրակացություն` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» «Ելք»-ի հեղինակած օրենքի նախագծին

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արտակ Զեյնալյանի, Մանե Թանդիլյանի և Գևրոգ Գորգիսյանի հեղինակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունները կատարելու հարցը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և  մուտքի իրավունք ունեն․ նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։

Նախագծի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանի խոսքով, չնայած նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, սակայն քրեկատարողական հիմնարկների վարչակազմերը հաճախ այլ կերպ են մեկնաբանում օրենքը և մասնավորապես արգելում են ԱԺ պատգաամավորների տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված այն անձանց հետ, որոնց նկատմամբ տեսակցությունների արգելքի որոշում է կայացված նախաքննության մարմնի կողմից։ Սա հանգեցնում է ԱԺ պատգամավորի գործունեության արհեստական և ոչ իրավաչափ խոչընդոտների։

Հիշեցնենք, որ գործող օրենքի 48 հոդվածի համաձայն՝ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն հետևյալ պաշտոնատար անձինք․

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, լիազորված համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը։

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժների և  հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։

3) ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերիվերադաս մարմինների՝ լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի նշանակած պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերի հիման վրա.

5) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանվածկարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականությանհետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների  և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները։

6) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի և կալանքի տակ պահելուկատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ վերոնշյալ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։

Ելքի պատգամավորներն առաջարկում են «օրենքով նախատեսված դեպքերի» բառակապակցությունը փոխարինել «սույն օրենքի 48-րդ հոդվածով և օրենքով նախատեսված այլ դեպքերի» նախադասությամբ։
«Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող բացվել։ Մենք գնում ենք, կանգնում ՔԿՀ-ի խցի մոտ, չենք կարող տեսնվել, քանի որ կալանավորի հետ տեսակցությունն արգելված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատգամավորը տեսակցությունն ու հանդիպումը տարբերակում է և դիմեց Հրաչյա Աճառյանի ստուգաբանական բառարանի օգնությանը՝ ընդգծելով, որ տեսակցություն իր մեջ հանդիպումը չի ներառում:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ նման սահմանափակումը խելամտության դաշտից չէ, քանի որ պատգամավորի գործն է վերահսկել կառավարության գործունեությունը:

«Պատգամավորը չի մտնում ՔԿՀ տոլմա փաթաթելու համար, ինչո՞ւ եք խելամտության սահմանն անցնում»,-հարցրեց Պետրոսյանը։

ԱԺ փոխխոսնակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ ժամանակին իրեն ևս արգելվել է քննիչի որոշմամբ արգելանք կրող անձանց տեսակցությունը, ընդ որում այն ժամանակ, երբ նախարար է եղել, սակայն օրենքի կարգավորումը, Հովհաննիսյանի կարծիքով չի կարող լինել այսպես։

Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց Նիկոլ Փաշինյանի հետ, որ ՔԿՀ անարգել մուտք ու ելքը տեսակցելը չէ, և նկատեց, որ միցուցե կարգավորումներ պետք են այս օրենքում, բայց ոչ նման տեսքով։

«Չեք գտնի որևէ երկիր, որտեղ ԱԺ պատգամավորն ունի ձերբակալված անձին տեսակցելու իրավունք։ Պարոն Փաշինյան, սա ընդդիմության ու իշխանության հարց չէ, պարզապես  նման կերպով հարցը չի կարող ընդունելի համարվել»,-ասաց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց փոփոխություններ կատարել նախագծում և մասնավորապես անազատության մեջ գտնվող անձանց տեսակցելու իրավունք ունեցող պաշտոնյաների ցանկը փոփոխել, ինչի հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց․

«Ցուցակից հանեք ում ուզում եք, բայց ԱԺ պատգամավորը պետք է այդ լիազորությունը ունենա, որովհետև նոր սահմանադրության մեջ ասվում է, որ պատգամավորը ներկայացնում է  ամբողջ ժողովրդին»,-ասաց Փաշինյանը։

Պատգամավորը կոնկրետ օրինակով ներկայացրեց, որ շատ դեպքերում ՔԿՀ դատապարտյալներից ահազանգ է ստանում որպես ԱԺ պատգամավոր, և հարկ է լինում գնալ ստուգել՝ իսկապես այդ մարդու կյանքին վտանգ է սպառնո՞ւմ, թե ոչ։

«Հիմա եթե ահազանգ ենք ստացել, որ Արայիկ Խանդոյանին խոշտանգել են,  գանք խորհրդարանում այդ հարցը դնենք քվեարկության, որ գնանք տեսակցության, հարցը կմերժվի, ու  պրծնում է  խորհրդարանական վերահսկողությունը կավարտվի»,-ասաց Փաշինյանը։

Պատգամավորի համար վիճելի էր նաև Հրայր Թովմասյանի այն դիտարկումը, թե պատգամավորը չի կարող ներկա գտնվել դատապարտյալի վիրահատությանը։ Պատգամավորը հակադարձեց՝ հիվանդանոցում կարող են ասել բախլի հագեք ու ներկա գտնվեք վիրահատությանը․

«Բայց չեն կարող արգելել, որ ներկա գտնվեմ, ես պետք է տեսնեմ իրոք վիրահատում են, թե՞ մեկի եղունգներն են քաշում»։

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ համաձայն է՝ օրենքում տեսակցության սահմանումը հստակ չէ, և դեմ չի լինի նախագծի լրամշակված տարբերակին։

«Պատրաստ եմ կանոնակարգելու օրենքում պատգամավորի տեսակցության կարգավորման հետ կապված հարցեր»,-ասաց նախկին նախարարը։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ևս հայտարարեց, որ նախագծին այս տեսքով դեմ է։

Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացավ բացասական եզրակացություն, սակայն կներառվի ԱԺ մեծ օրակարգ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter