HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սուրեն Կարայան. «Արտահանում/ՀՆԱ ցուցանիշն այս տարի կկազմի 37-38%»

Այս տարվա տարեկան տվյալներով` Հայաստանի արտահանում/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 37-38%: Այսօր հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նրա խոսքով՝ նշված ցուցանիշը ներառում է ոչ միայն ապրանքների արտահանումը, այլեւ՝ ծառայությունների։

Հիշեցնենք, որ ըստ 2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի ուղերձի` ապրանքների և ծառայությունների արտահանում/ՀՆԱ ցուցանիշը 2016 թվականի տարեկան տվյալներով կազմել է 33.1%:

Կարայանն ամփոփում էր նախարարության վերջին մեկ տարվա գործունեությունը։ Նա համարում է, որ իրենք լավ են աշխատել։ «Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացված է: ՀՀ հետագա զարգացումը տեսնում ենք արտահանելի տնտեսության ձևավորման մեջ»,- ասաց նախարարը։

Նա հիշեցրեց այս տարվա տնտեսական ցուցանիշները՝ ապրանքների արտահանման 21.7% աճ (այս տարվա հունվար-օգոստոսին 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ), ՀՆԱ-ի 5.9% աճ տարվա առաջին կիսամյակում, արդյունաբերության 12.4% աճ հունվար-օգոսոստին, երկրում առևտրաշրջանառության 12.3% աճ, ծառայությունների ծավալի 12.4% աճ և այլն։

Ս. Կարայանը շեշտեց, որ Հայաստանի արդյունաբերական աճի մեջ գերիշխում է պատրաստի արտադրանքը։ Նախարարության ներկայացրած տվյալներով՝ առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4%, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82%-ը: Մշակող արդյունաբերության ոլորտում առավել զգալի աճ է գրանցվել խմիչքների, մանածագործական իրերի, հագուստի, դեղագործական արտադրանքի, էլեկտրական սարքավորումների և ոսկերչական իրերի արտադրության ոլորտում։

Իսկ տնտեսական աճի հիմնական շարժիչն, ըստ Կարայանի, շարունակում  է մնալ արտահանումը։ «Արտահանման համար թիրախավորել ենք այն շուկաները, որտեղ մենք աշխատելու ենք` ԵԱՏՄ, ԵՄ»,- ասաց նախարարը։  

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-օգոստոսին  Հայաստանից արտահանվել է 1.383 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 21.7%-ով։ Հատկանշական է, որ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-օգոստոսին դեպի ՌԴ արտահանումն աճել է 36.6%-ով, դեպի Բուլղարիա՝ 80.3%-ով, Շվեյցարիա՝ 3.5 անգամ։ Հիմնականում հենց դեպի այս երկրներ արտահանման ծավալների մեծացմամբ էլ պայմանավորված է Հայաստանի արտահանման ընդհանուր աճը։

ԱՎԾ հրապարակման մեջ ընդհանուր աճի ֆոնին բացասական ցուցանիշով ամենաշատն աչքի է ընկնում Կանադան, որը նախորդ մի քանի տարիներին հանդիսացել է հայկական ապրանքների արտահանման գլխավոր շուկաներից մեկը։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսին դեպի Կանադա արտահանումը կազմել է ՀՀ արտահանման 7.6%-ը, իսկ այս տարի՝ ընդամենը 0.7%-ը։ Դեպի այս երկիր հայկական ապրանքների արտահանումն այս տարի նվազել է 88.6%-ով։ Հարցին, թե ինչով է պայմանավորված այս կտրուկ անկումը, նախարարը պատասխանեց. «Մեր արտադրատեսակները գնացել են այն երկրներ, որտեղ ավելի մրցունակ են եղել։ Մենք ունենք մշակող արդյունաբերության մոտ 20%-ի աճ, ինչը նշանակում է, որ մեր կազմակերպությունները սկսել են ավելի լավ օգտագործել իրենց ներուժը։ Մենք, միանալով ԵԱՏՄ-ին, դյուրացրել ենք պայմանները և ուղղվածությունը հիմա դեպի այդ շուկաներ է և ԵՄ։ Չնայած Կանադայի հետ մենք ևս ունենք արտոնյալ ռեժիմ և իմ կարծիքով՝ նվազումը ժամանակի խնդիր է, ծավալները նորից կվերականգնվեն»։

Ինչպես նշվեց, ՀՆԱ-ի աճն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 5.9%-ով աճել է։ Լրագրողներից մեկը հարցրեց, թե տնտեսության ընդհանուր աճի պարագայում ինչու է աճում բանկերում քաղաքացիների ժամկետանց վարկային պարտավորությունների ծավալը, և ինչու է ընկերությունների վճարած հարկերի ծավալում նվազել շահութահարկը, իսկ եկամտային հարկի աճը շատ թույլ է այն պարագայում, երբ տնտեսական աճը պետք է դրական ազդեր նաև այդ երևույթների վրա։ Ս. Կարայանը նշեց, որ պետք չէ ուղիղ կապ տեսել այդ երևույթների և տնտեսական աճի միջև. «Եթե կատարվում են ներդրումներ, ապա շահութահարկով` որպես ամորտիզացիոն մասհանումներ, ծախսային մասը մեծանում է։ Եվ հարկվող շահույթը դրանով պակասում է: Դա մենք պետք է վերլուծենք, որ կարողանանք պատասխանել, թե շահութահարկի որ տողերի, որ նվազեցումների հաշվին է պակասել, ու նոր կարողանանք եզրակացություն անել»։

Անդրադառնալով ներդրումներին՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն  դոլար։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր ներհոսքն աճել է 36.6%-ով, իսկ միայն ուղղակի ներդրումների ներհոսքը՝ 26.3%-ով: Նախարարը, սակայն, դժվարացավ նշել, թե այս ներդրումների որ մասն են կազմում  վարկային ծրագրերը, ինչպես նաև հորդորեց առանձին հարցմամբ տեղեկանալ, թե որ երկրներն են ամենաշատը ներդրումներ կատարել Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter