Շաբաթ, 25 նոյեմբերի

247 արվեստագետ՝ 50 երկրից․ Հայաստանում մեկնարկում է գեղարվեստական տպագրության առաջին բիենալեն



Գեղարվեստական տպագրության (էստամպային գրաֆիկամիջազգային առաջին բիենալեն Երեւանում կմեկնարկի հոկտեմբերի 25-ին։ Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կցուցադրվեն 50 երկրի արվեստագետների աշխատանքները։

Գեղարվեստական տպագրության ցուցադրության եւ հանրայնացման մասին խոսելիս պետք է նշել, որ անկախությունից հետո ոլորտի ներկայացուցիչների առաջին եւ խոշոր անդրադարձը  2007-ին էր, երբ Հայաստանի Ազգային պատկերասրահում «Արտ գրուպ» արվեստագետների խումբը կազմակերպեց «Էստամպ 2007» գեղարվեստական տպագրության միջազգային ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ուսանողների եւ տպագրության ոլորտի ներկայացուցիչների շրջանում, բայց այդպես էլ շարունակական բնույթ չկրեց։

Տասը տարի անց «Մշակութային երկխոսութուններ» հիմնադրամը Արման Վահանյանի, Արթուր Հակոբյանի եւ Տիգրան Սահակյանի հետ համատեղ (արվեստագետները «Արտ գրուպ» խմբից էին) սկսեց լայնածավալ աշխատանքներ տանել գեղարվեստական տպագրության ոլորտի բարելավման եւ այն մշակութային իրադարձություն դարձնելու ուղղությամբ։ Աշխատանքային խումբը ձեռնամուխ եղավ Հայաստանում միջազգային մակարդակի ցուցադրության գործին։

Դեռ 2013 թվականից «Մշակութային երկխոսություններ» հիմնադրամը  սկսեց իրականացնել տարբեր ծրագրեր՝ ոլորտի զարգացմանն ի նպաստ (այս տարի լրանում է հիմնադրամի գործունեության 5 տարին)։ Մասնավորապես, 2013թ․ մասնակցելով «Հայաստան-Էստոնիա մշակութային առաքելություն» նախաձեռնությանը` Էստոնիայի Նկարիչների միությունում ներկայացվեցին նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի, Տիգրան Կիրակոսյանի եւ Աշոտ Գրիգորյանի ստեղծագործությունները։

Մեկ տարի անց հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ նկարիչները հնարավորություն ստացան աշխատելու Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի էստամպի ավանդական տեխնիկաների եւ «Ալբատրոս էդիշնս» օֆսեթ վիմատպության արվեստանոցներում։ Ծրագրի ավարտին Էստոնիայի Ազգային գրադարանում բացվեց «Քայլող հետքեր․ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը եւ Տիգրան Կիրակոսյանը Տալինում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նկարիչների ստեղծած գրական թերթերը։

Այսպես սկսվեց ընդլայնվել աշխարհագրությունը։ 2015թ․ Գերմանայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիտցբուրգ ժամանակակից արվեստի թանգարանի եւ Հալլեի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մեկնարկեց «Արվեստագետների կացարան» երկարաժամկետ ծրագիրը, որին առաջին մասնակցության հնարավորությունը Հայաստանից ստացավ Տիգրան Կիրակոսյանը։ Նույն թվականին Տիգրանի մենատիպի եւ չոր ասեղի տեխնիկաներով կատարված տպագիր թերթերը ցուցադրվեցին «Մորիցբուրգ» ժամանակակից արվեստի թանգարանում (ցուցադրությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին)։

 

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի եւ Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի միջեւ հաստատված սերտ համագործակցության արդյունքում 2015թ. հունիսին Հայաստանի Նկարիչների միությունում կայացավ էստոնական արդի գեղարվեստական տպագրության «Գոյության զարմանքը» լայնածավալ ցուցահանդեսը: 

Հիմնադրամի համագործակցության շրջանակներն ընդլայնվեցին` ներառելով եվրոպական այլ երկրներ, որոնք ունեն գեղարվեստական տպագրության հարուստ պատմություն եւ ձեռնամուխ են եղել իրենց երկրներում այս ոլորտի զարգացմանը եւ հանրայնացմանը։

Այսօր արդեն այդ եւ այլ երկրների գեղարվեստական տպագրության ոլորտը ներկայացնող արվեստագետները կլինեն Հայաստանում՝ մասնակցելով գեղարվեստական տպագրության առաջին բիենալեին։ Կցուցադրվեն միջազգային արվեստագետների աշխատանքներ, նրանցից շատերը ներկա կլինեն բիենալեին։

Մանրամասների մասին զրուցեցինք «Մշակութային երկխոսություններ» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի հետ։

Սկսենք հիմնական աշխատանքներից, որոնք տարվել են «Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե»-ն կազմակերպելու համար։

Այս տարի «Մշակութային երկխոսություններ» հիմնադրամի գործունեության հնգամյակն է լրանում, որի շրջանակներում արդեն իսկ ներկայացրել ենք շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի ցուցահանդեսը Հայաստանի Ազգային պատկերասրահում, ապա` Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերներ» հետահայաց լուսանկարչական ցուցահանդեսը՝ Նկարիչների միությունում, իսկ երրորդ խոշոր իրադարձությունը միջազգային այս բիենալեն է։

Ինչպես արդեն տեղյակ եք, տասը տարի առաջ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Էստամպ 2007» ցուցադրությունը, որը նաեւ այս բիենալեի հիմքերում է։ Մասնավորապես` «Արտ գրուպ» արվեստագետների խմբի ներկայացուցիչներն ընդգրկված են բիենալեի աշխատանքների եւ հիմնական ռազմավարության մշակման պրոցեսում։ Նախնական աշխատանքներն ընթացել են երկու փուլով։ Առաջինը հայտերի ընդունման փուլն էր, որը մեզ համար աննախադեպ արդյունքներ ապահովեց․ ստացանք 955 հայտ՝ 76 երկրից։

Մինչեւ երկրորդ փուլին անցնելը կմանրամասնեք, թե ինչպե՞ս հնարավոր եղավ նման աշխարհագրություն ընդգրկելը։

Հիմնական աշխատանքն այն էր, որ հաղորդագրություններ պետք է ուղարկվեին տարբեր երկրների մշակութային եւ այլ համապատասխան կառույցներին։ Յուրաքանչյուր աշխատակից ուներ հինգ երկրի պատասխանատվություն, աշխատում էին տեղի մշակութային, արվեստի կառույցների ներկայացուցիչների հետ։ Արդյունքում ստացվեց այնպես, որ մենք հայտեր ունեցանք 76 երկրից (կարելի է ասել՝ երկիր չմնաց, որտեղից չունեինք հայտ)։

Մենք կազմեցինք միջազգային ժյուրի, որը գլխավորում է էստոնացի արվեստագետ Ինգա Հեամեգը, ժյուրիի կազմում են Ախիմ Քյոնեկեն՝ Գերմանիայից, դոկտոր Ալեքսանդրա Շտեհելինը՝ Շվեյցարիայից,դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան՝ Լեհաստանից եւ Հայաստանից ես՝ Սոնա Հարությունյանս։

Երկրորդ փուլի մասին խոսենք, ապա` ժյուրիի գործառույթներից։

Երկրորդ փուլում տեղի ունեցավ ընտրության պրոցեսը․ 955-ից առանձնացվեց 247 արվեստագետ՝ 447 աշխատանքով։ Բիենալեի շրջանակներում Հայաստանում ներկայացվելու է 50 երկրի արվեստագետի աշխատանք։

Ինչ վերաբերում է ժյուրիի գործառույթներին, ապա նրանց հիմնական աշխատանքը այս պահին հոկտեմբերի 26-ին եւ 27-ին ներկայացված աշխատանքներից 4-ն առանձնացնելն է։ Նշված աշխատանքների համար սահմանված է «Գրան պրի» մրցանակ, առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համապատասխան մրցանակ, ինչպես նաեւ` պատվոգրեր լավագույն աշխատանքների համար։

Քանի որ հիմնադրամն այս պահին դրամական մրցանակ տրամադրելու հնարավորություն չունի, այլ լուծում գտնվեց․ քանդակագործ Մելիք Շահնազարյանի ցանկությամբ եւ մեր խնդրանքով պատրաստվեցին հեղինակային մեդալներ։ Փաստորեն, մրցանակակիրները կստանան հայ քանդակագործի հեղինակային աշխատանքը։

Կա՞ն արվեստագետներ, ովքեր Հայաստան կժամանեն բիենալեի շրջանակներում։

Այո, նրանցից 30-ն այստեղ է լինելու։  Այս արվեստագետների մեծ մասը Գերմանիայից է (հավանաբար պայմանավորված է նրանով, որ Գերմանիայում էստամպը շատ մեծ դպրոց ունի), ապա` Լեհաստանից, Էստոնիայից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից, Ֆրանսիայից, այլ երկրներից։ Բնականաբար, մասնակցում են նաեւ Հայաստանի արվեստագետները։

Իսկ արտերկրում բնակվող հայ արվեստագետներ կա՞ն։

ԱՄՆ-ից բիենալեին մասնակցելու համար ժամանել է Սամվել Համբարձումյանը, եւ Իսպանիայից՝ Հայկ Գրիգորյանը, որը մասնակցել է «Էստամպ 2007»-ին։

Ուզում էի նշել, որ մեզ համար նախագծի իրականացման կարեւոր գործոններից մեկը տարածաշրջանում ոլորտի խթանումն է, բայց որքան էլ զարմանալի է, 955 հայտից եւ ոչ մեկը Վրաստանից չէ, չնայած աշխատանքներ տարվել են նաեւ այդ ուղղությամբ։ Ունենք արվեստագետներ Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից (նորից ավելին էինք սպասում, քան ստացվեց), Ուկրաինայից, Բելառուսից։

Մինչ այս բիենալեի նախաձեռնությունը «Մշակութային երկխոսություններ» հիմնադրամը ակտիվ գործունեություն է ծավալել` ի նպաստ ոլորտի զարգացման։ Կարո՞ղ եք առանձնացնել հիմնական խնդիր(ները), որոնք արդիական են գեղարվեստական տպագրության ոլորտում։

Հայաստանում այս ոլորտի առաջնային խնդիրը ժամանակակից հաստոցներով հագեցած արվեստանոցների բացակայությունն է։ Եվրոպական երկրների հետ ունեցած մեր փորձն ապացուցեց, որ խորհրդային ժամանակներից մնացած հաստոցները բավարար չեն: Այս ոլորտում աշխատող արեստագետներն ունեն դրանց անմիջական կարիքը։

Պետք է ասեմ, որ հայ արվեստագետները երեւակայական մեծ ներուժ ունեն ու կարողանում են ինտենսիվ աշխատել։ Որպեսզի այդ արվեստագետները կարողանան ավանդականի եւ ժամանակակիցի համադրության փորձեր անել, տեխնիկական այս կարիքը դառնում է առաջնային:

Բիենալեի շրջանակներում համագործակցության առաջարկներ քննարկվելու՞ են։

Նպատակաուղղված ենք դրան, բնականաբար։ Միջազգային արվեստագետների ժամանումը Հայաստան հենց այդ պայմանավորվածությունների, կապերի հրաշալի հնարավորություն կարող է լինել։ Բացի այդ, կարող է նպաստել նաեւ հայ գեղարվեստական տպագրության հանրայնացմանը միջազգային ասպարեզում։

Ժամանող արվեստագետների շարքում այնպիսիք են, ովքեր ունեն քաղաքային արվեստանոցներ։ Կարծում եմ՝ նրանք կարող են ընտրել հայ արվեստագետների եւ համատեղ աշխատանքային հնարավորությունների շուրջ զրուցել։

Բիենալեի ընթացքում, ցուցադրությունից բացի, այլ իրադարձություններ սպասվու՞մ են։

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։00-ին, ՆՓԱԿ-ում տեղի կունենա բացումը, ապա 28-ին՝ նույն ժամին, մրցանակաբաշխության արարողությունը։ Բիենալեն տեւելու է մինչ դեկտեմբերի 15-ը, որի ընթացքում նախատեսված են այլ ցուցադրություններ եւս․ մասնավորապես, նոյեմբերի 3-ին «Դալան» ցուցասրահում կբացվի Արման Վահանյանի անհատական ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 17-ին ՆՓԱԿ-ում՝ Մարսել Մայերի ցուցահանդեսը։ Կարճ ասած՝ ուշ աշնանը մայրաքաղաքում մշակութային հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։

ՀԳԲիենալեի ծրագրի մանրամասներն՝ այստեղ։

Բիենալեի գործընկեր՝ ՆՓԱԿ, աջակիցներ՝ ՀՀ Մշակույթի նախարարություն, Հանրային հեռուստաընկերություն, Լեհաստանի հանրապետության դեսպանությունը Հայաստանում, Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանությունը Հայաստանում, Էստոնիայի հանրապետության դեսպանությունը Վրաստանում։

Լուսանկարները տրամադրել է Սոնա Հարությունյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ