HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ միջադեպի առիթով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվեց

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք» խմբակցության առաջարկը՝ ստեղծել Էթիկայի հանձնաժողով, որը կքննի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի վարքագիծը։

Խմբակցությունը հանձնաժողովի քննությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին իր ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել էր, որ ԱԺ միջանցքում Արտաշեղ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչու հիմքում միջադեպի մանրամասները չեն կցվել։

Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում նման պահանջ չկա, որպեսզի դեպքի նկարագրությունը շարադրվի նախագծում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանի համար վիճելի էր նախագծի վերնագիրը, նա առաջարկեց վերնագրում փոփոխություն կատարել, որպեսզի տպավորություն չլինի, որ հանձնաժողովը ստեղծվել է կանխակալ վերնագրով։

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարակից զեկուցողից հետաքրքրվեց՝ տեսանյութի առկայության դեպքում ինչպիսի՞ն կլիներ վերջինիս տեսակետը։ Պատգամավորը պատասխանեց, որ տեսանյութի առկայության ու բացակայության դեպքերում չի բացառում  իր դիրքորոշումների փոփոխությունը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, թե միջադեպի մի կողմը հերքում է իր մասնակցությունը` ասելով, որ նախկին բռնքամարտիկ է եղել և եթե բռունցքներով հարձակվեր, հետևանքն այլ կլիներ, իսկ մյուս կողմն էլ ասում է, թե կոշիկներն է մաքրել մյուսով, բայց միջադեպի մասին իրեղեն ապացույց չկա։ Նիկոլ Փաշինյանը վրդովվեց պատգամավորների ելույթներից: Նա ասաց, որ իրենց ներկայացրած նախագիծը սա է, եթե կան այլ վերնագրերով առաջարկություններ, թող ներկայացնեն, ապա, դիմելով Գևորգ Պետրոսյանին, հարցրեց, թե արդյոք չի՞ հետաքրքրվել իրենց խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանից` միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ։ Պետրոսյանը պատասխանեց, թե վկայությունը իրեղեն ապացույց չէ։

Ի վերջո, Զեյնալյանն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը՝ ասելով, որ խմբակցությունում կքննարկեն ներկայացված առաջարկությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter