HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոնվերս բանկ»-ից հափշտակության դեպքի առթիվ քննվող գործով բացահայտվել է մեկ այլ հանցագործություն

«Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցագործության մեկ այլ դեպք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: 

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության` «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում տաքսի ծառայության վարորդի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափով՝ 16.08 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, գործարանային արտադրության «Մարգոլինի» կոնստրուկցիայի 5.6մմ տրամաչափի սպորտային ակոսափող ատրճանակ, ընդհանուր թվով 118 հատ տարբեր տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է առանձին քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 38-ամյա բնակչին հոկտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի կերպով զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զենքի, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի հետ նրա հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter