HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցի վարորդն ընդդեմ քաղաքապետարանի. դատական նիստից հետո քաղաքապետարանը փոխել է իր դիրքորոշումը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ հայցվոր, վարորդ Արամ Ավետիքյանն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի գործով հերթական դատական նիստը` դատավոր Ն. Մխիթարյանի նախագահությամբ: Նիստին ներկայացել էր միայն հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը:

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Բաղրամյան-Տավրոսի 21 փողոցների հատման խաչմերուկում Արամ Ավետիքյանի վարած «ՕՊԵԼ ԿՈՐՍԱ» մակնիշի 34 VZ 015 հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և Արամ Ավետիքյանը ճանաչվել էր վերը նշված ավտովթարի մեղավոր:

Վերջինս, սակայն, համաձայն չլինելով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության իրականացրած վարչական վարույթի ընթացքում նշանակված դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննության արդյունքների հետ,  դիմել էր դատարան` որպես վթարի հետևանքով պատճառված վնասի հատուցում Վանաձոր համայնքից հօգուտ իրեն 150.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով:

Հայցի մանրամասներին «Հետքն» անդրադարձել էր ավելի վաղ: 

«Արամ Ավետիքյանը ճանաչվել է վերը նշված ավտովթարի մեղավոր այն պատճառով, որ խաչմերուկում այդ պահին բացակայող ճանապարհային նշանների հետևանքով Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցը, որով երթևեկել է Արամ Ավետիքյանը, փորձագետների կողմից դիտարկվել է ոչ թե որպես գլխավոր ճանապարհ, այլ Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի հետ հավասարազոր: Մինչդեռ, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցը, հանդիսանալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) մաս, Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի նկատմամբ հանդիսանում է գլխավոր ճանապարհ»,- նշել էր Ա. Սուքիասյանը:

 Այս գործով առաջին դատական նիստը կայացել է օգոստոսի 29-ին: Վանաձորի քաղաքապետարանը հայցադիմումի պատասխանում վարորդի հայցադիմումը որակել էր «անհիմն»:

«Հայցվորը գտնում է, որ ինքը ճանաչվել է ավտովթարի մեղավոր այն պատճառով, որ խաչմերուկում այդ պահին բացակայել է «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանը: Բաղրամյան պողոտան հանդիսանում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան Մ-3 միջպետական ճանապարհի մի մասը,- նշված է քաղաքապետարանի կողմից տրված հայցադիմումի պատասխանում, որի 4-րդ կետում կատարված է հետևյալ եզրահանգումը,- Արամ Ավետիքյանը, հանդիսանալով Վանաձոր քաղաքի բնակիչ, բնակվելով  Տարոն-2 թաղամասում, բազմիցս երթևեկելով Բաղրամյան պողոտայով, անհնար է, որ նկատած չլիներ տվյալ պողոտայի սկզբնամասում տեղակայված նշանը: Հարց է  ծագում, թե ինչպե՞ս կարող էր հայցվորը որպես վարորդ բնակավայրի փողոցը դիտարկել միջպետական ճանապարհի հետ հավասարազոր: Ակնհայտ է, որ նույնիսկ սկսնակ վարորդի կողմից դրանք չեն կարող ընկալվել որպես հավասարազոր»:

Վերն ասվածից ակնհայտ է, որ Ա. Ավետիքյանին քաղաքապետարանը դիտարկել է որպես համայնքային՝ Տավրոսի 21 ճանապարհից Բաղրամյան պողոտա մուտք գործող վարորդ:

Վթարի պահին, կապույտը Ա. Ավետիքյանի մեքենան է

Որպես վերը նշվածին հավելում` հայցադիմումի պատասխանում ասված է.

«Տավրոսի 21 փողոցը հանդիսանում է քաղաքային նշանակության ճանապարհ: ՀՀ երթևեկության կանոների 96 կետով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային  միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին՝ անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:...Անկախ այն հանգամանքից, եղելէ  տվյալ վայրում «Զիջիր ճանապարհը» նշանը, թե՝ ոչ, Ա. Ավետիքյանը պարտավոր էր զիջել Բաղրամյան պողոտայով երթևեկող յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի»:

 Կարճ ժամանակ անց, սակայն, Վանաձոր համայնքն ի դեմս ներկայացուցիչ Անուշ Ավետյանի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել  հայցադիմումի պատասխանի փոփոխություն վերնագիրը կրող գրությունը, որում ներկայացնում է հայցադիմումի նախորդ պատասխանից կտրուկ տարբերվող տեսակետներ:Հայցադիմումի պատասխանի փոփոխությունը Ա. Ավետյանը հիմնավորում է  այսպես. «Հայցադիմումի պատասխանը ներկայացնելու ժամանակ ծանոթ չէի փորձաքննության եզրակացությանը, քանի որ հայցադիմումի հետ միասին չէի ստացել կից փաստաթղթերը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` խնդրում ենք հայցադիմումի պատասխանի 4-րդ կետը փոխարինել նոր տարբերակով:

Այն է՝ «Ա. Ավետիքյանը հանդիսանալով Վանաձոր քաղաքի բնակիչ, բնակվելով Տարոն 2 թաղամսում, անհնար է, որ նկատած չլիներ տվյալ ճանապարհային նշանի բացակայությունը: Անկախ այն հանգամանքից, եղել է  տվյալ վայրում «Զիջիր ճանապարհը» նշանը, թե՝ ոչ, Ա. Ավետիքյանը պարտավոր էր զիջել ճանապարհի իր ընթացքի ուղղությամբ, աջ կողմից խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցին»:

«Մի դեպքում ասում են, որ Ա. Ավետիքյանը իբր երկրորդական ճանապարհից է եկել, հետո երևի դատական նիստի ընթացքում ավելի ուշադիր էին ու հասկացան` ինչի մասին է  խոսքն ու իրենց դիրքորոշումը փոխեցին: Քաղաքացիական դատավարությամբ չնախատեսված ինչ-որ փաստաթուղթ են ներկայացրել՝ ներկայացված հայցադիմումի պատասխանի փոփոխություն և նաև խնդրել են, որ դատարանը փոփոխություն կատարի իրենց դիրքորոշման մեջ: Անհասկանալի է, թե դատարանը իր ո՞ր լիազորությամբ պետք է իրենց դիրքորոշման մեջ փոփոխություն կատարի»,- նշում է հայցվորի պաշտպանը:

Վերջինիս կարծիքով` դիրքորոշումը փոխելու հետ կապված վճիռ կայացնելիս դատարանն իր գնահատականը կտա:

Դիրքորոշումների նման կտրուկ փոփոխումը  Ա. Սուքիասյանը նորմալ չի համարում. «Նորմալ չեմ համարում,  որ կողմը դիրքորոշումը փոփոխել է, որովհետև ոչ թե իրավական ինչ-որ հարցերի շուրջ է այդ փոփոխությունը, այլ փաստերի վերաբերյալ: Եթե ճանապարհային նշանն այդտեղ տեղադրված չէ, մի դեպքում ասում են՝ դու պետք է իմանայիր, որ գլխավոր ճանապարհով չես երթևեկում, հետո, երբ հասկանում են, որ ինքը միջպետական ճանապարհով է երթևեկել, ասում են՝ դու պետք է իմանայիր, որ այնտեղ ճանապարհային նշան տեղադրված չէ»:

Վերոնշյալից ելնելով Ա. Սուքիասյանն ասում է. «Այս տրամաբանությամբ հարց է  առաջանում՝ մեր քաղաքի վարորդները երթևեկելիս էլ ի՞նչ պետք  է իմանան, այսինքն, իմանան, թե  է՞լ որտեղ նշան չկա տեղադրված: Այս դեպքում քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է՝ վարորդներ, գնացեք, իմացեք, որ այդտեղ ճանապարհային նշան չկա ու զգույշ եղեք խաչմերուկում: Ես գտնում եմ, որ քաղաքապետարանը ոչ թե պետք է նման դիրքորոշում ունենա, այլ ճանապարհային նշան տեղադրի»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործում չկա ապացույց գործով ապացուցման ենթակա այն հանգամանքի մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) հետ հատման հատվածում պետք է տեղադրված լիներ «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանը, հայցվորի պաշտպանն այսօր դատարանում հանդես եկավ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ` ակնկալելով փորձագետից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

1. Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) մաս հանդիսացող Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտան Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի նկատմամբ գլխավոր ճանապարհ հանդիսանում է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով ոչ թե վթարի օրը ճանապարհի ճանապարհային նշանների կահավորանքը, այլ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով «գլխավոր ճանապարհ»-ի համար սահմանված պահանջները: 

2. Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) հետ հատման հատվածում «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշան տեղադրված չլինելը ճանապարհի կահավորանքի կամ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու հետ կապված պահանջների խախտում հանդիսանում է, թե՞ ոչ:

3. Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի և այդ փողոցի կահավորանքի համար պատասխանատու անձանց կողմից ճանապարհի կահավորանքի կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված այլ խախտումներ թույլ տվել են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ խախտումներ:

4. Եթե 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) հետ հատման հատվածում տեղադրված լիներ «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշան, այդ պարագայում ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացությամբ կատարված հետևությունները կլինեին ա՞յլ, թե՝ ոչ: Մասնավորապես՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցի՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի (Մ-3) հետ հատման հատվածում «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշան տեղադրված լինելու պարագայում ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդներ Արամ Ավետիքյանի, թե Ռոստոմ Դարբինյանի գործողությունները կհակասեին ՃԵԿ-ի պահանջներին:

Հայցվորի պաշտպանի երկրորդ միջնորդությունն էլ վերաբերում էր դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելուն, որպեսզի դատարան ներկայացվի հիմնավոր ապացույց «ՕՊԵԼ ԿՈՐՍԱ» մակնիշի 34 VZ 015 հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցին պատճառված վնասի չափի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter