HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է խստացնել ապօրինի անտառահատումների վարչական և քրեական պատասխանատվության միջոցները

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներով սկսեց։ Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր ապօրինի ծառահատման դեպքերին։

«Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգ կներկայացվի Կառավարության աշխատակազմ։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։ Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,- հայտարարեց Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարեց Բնապահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին և ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։

«Երկրորդ՝ տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայատի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա։ Երրորդ՝ որոշակի ժամկետում համատեղ մշակել և աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- հանձնարարեց գործադիրի ղեկավարը։

Վարչապետը հայտարարեց՝ Կառավարությունը, հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, մասնավորապես՝ ստվերի առկայությունը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարի։

«Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնենք անտառահատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով և բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ հսկողությունը մաքսիմալ հստակ և կոշտ սահմանելու համար»,- ասաց նա։

Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խնդիրներին, մասնավորապես` խցանումներին։

«Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախախտումների նախազգուշացման կիրառման վերաբերյալ: Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները և տարբերվող տույժերը վերացվել են, մշակված նոր վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով` նախատեսվել են նախազգուշացման ինստիտուտի մեխանիզմներ»,- ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ աշխատանքային օրերին Երևանում խցանումներ են առաջանում, որոնց պատճառները բազմազան են, սակայն պահանջում են լուծումներ:

«Մասնավորապես խնդիրներ են առաջանում ուղևորների նստելու, կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով: Ելնելով վերոգրյալից՝ հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին երկուամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հիմքերը: Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկանայատեղիների սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց նա։

Կարեն Կարապետյանը Տրանսպորտի նախարարին և ՀՀ ոստիկանապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների՝ տրանսպորտ նստելու կամ իջնելու, ինչպես նաև կանգառ կատարելու սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրումների վերանայման հնարավորությունները և այս մասին ևս համապատասխան առաջարկություններ ներկայացնել գործադիրի աշխատակազմ։

Մեկնաբանություններ (1)

Լևոն Գալստյան
Շատ լավ է, որ վերջապես վերևներում սկսեցին հասկանալ խնդիրը, շատ ողջունելի է։ Ուղղակի մի լուրջ վտանգ կա այստեղ ու իր ասածների մեջ։ Դա այն միտքն է, որ ըստ էության ինքն ուզում է օրինականացնել անօրինական հատումները․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter