HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է «Պետական նպաստների», «Հանրաքվեի մասին», «ԴԱՀԿ»-ի մասին և այլ օրենքներում փոփոխություններ կատարել

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկվեց փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծը գործադիրին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ:

«Այս դեպքում այդ անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում՝ նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը»,-ասաց նախարարը։

Ասատրյանը հստակեցրեց՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկվելու է նաև այն դեպքում, եթե հայտնաբերվել է ոչ հավաստի փաստաթուղթ։

«Միևնույն  ժամանակ նախատեսվում է  նաև էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը ձևավորել և հաշվի առնելով, որ 2017թ.-ի հունվարի 1-ից կենսաթոշակառուները իրենց հարցերով կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին` նաև նախատեսվում է կարգավորել այս հարաբերությունները, ըստ որի` բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքներում, որտեղ դիմումը ներկայացվել է»,- ասաց Ասատրյանը։

Մեկ այլ նախագծով Կառավարությունն առաջարկեց փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և գործող օրենքում 130-րդ հոդվածը ավելացնել 130.1 հոդվածով՝ քրեականացնելով բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը։

Ըստ  առաջարկվող փոփոխության նախատեսվում է հետևյալը․

1. Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝  պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նախագիծը գործադիրին ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ առաջարկեց փոփոխություն կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքների նախագծերում։

«Խնդիրը մեկ նպատակ է հետապնդում՝ բեռնաթափել դատարանները՝ հնարավորություն ընձեռելով ավելի արագ իրականացնել գործերի լսումը։ Առաջարկությունը հետևյալն է՝ Վարչական դատարանում դատավորների թիվը կրճատել 3-ով և ավելացնել Վերաքննիչ դատարանում 3-ով։ Նախատեսվում է նաև որոշակի փոփոխություն այն շեմի հետ կապված, թե երբ հանրային պահանջով անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա դատարանը պետք է գործը քննի։ Ներկայումս այսպես է՝ մինչև 200 հազար դրամ վարչական ակտով գործերը գնում են հարկադիր կատարման, իսկ 200 հազարից ավելի վարչական ակտերով գործերը՝ վարչական դատարանի քննարկման։ Առաջարկվում է  շեմը բարձրացնել՝ դարձնելով 500 հազար դրամ»,- ասաց նախարարը։

Վարչապետը հետաքրքրվեց Դատական նոր օրենսգրքի փոփոխությունների և էլեկտրոնային հարթակի ստեղծման ժամկետներից։

«Դատական օրենսգիրքն այժմ շրջանառվում է, բոլոր մարմիններին տրամադրված է, ընդ որում ոչ միայն գործադիր, այլ նաև Փաստաբանական և Նոտարական պալատներին, դատավորներին, որ վերջնական ամփոփենք, բայց, իմ խորին համոզմամբ, այն ունի բավական ավարտուն տեսք»,- ասաց Հարությունյանը։

Ապա, խոսելով էլեկտրոնային հարթակների ձևավորման մասին` ասաց, որ դատական համակարգում այս պահին էլ գործում են էլեկտրոնային համակարգեր։

«Խնդիրը դրանց նոր մակարդակի հասցնելն է, ինչը բավական մեծ դրամական միջոցներ է պահանջում»,- նկատեց Արդարադատության նախարարը։

Դավիթ Հարությունյանն առաջարկեց փոփոխություն կատարել նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծում՝ հայտարարելով, որ փոփոխությունները պայմանավորված են 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով։

«Սահմանված է հարցերի շրջանակը, որոնք չեն կարող կարգավորվել հանրաքվեի միջոցով խոսքը վերաբերում է սահմանադրական օրենքների կարգավորման ոլորտներին՝ բյուջեին, հարկերին, տուրքերին, պետության անվտանգության հետ հապված հարցերին, համաներմանը, միջհամայնքային միավորումներին և երկրի վարչատարածքային բաժանմանը, նախարարությունների քանակին, կառավարության գործունեության կարգին»,- ասաց նախարարը։

Հարությունյանը նաև հավելեց, որ երկու առաջարկ են ստացել նախագծի հետ կապված, ուստի երկու օր ժամանակ խնդրեց լրամշակված նախագիծը ներկայացնելու համար։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ ներկայացրեց «Ելք» խորհրդարանական խմբակցության ներկայացրած առաջարկությունը՝ «Լիզենցավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին։ Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են վտանգավոր թափոնների գործունեության համար տրվող մեկ լիցենզիան տարանջատել հինգ տարբեր լիցենզիաների՝ թափոնների տեղափոխման, տեղադրման, վնասազերծման, վերամշակման և պահպանության։

«Հիմնավորումը հետևյալն է, որ գործունեության մեկ տեսակի համար տնտեսվարողները ստիպված են բոլորի համար պայմանները բավարարել, ինչը նշանակում է թե՛ վարչական, թե՛ ֆինանսական բեռ։ Ընդունելով հանդերձ պատգամավորների մտահոգությունը՝ առաջարկում ենք, որ ոչ թե կարգավորվի հինգ տարբեր լիցենզիաներով, այլ մեկ լիցենզիայի՝ առանձին ներդիրի տեսքով։ Այս լուծումը թույլ կտա ոչ միայն չվնասել “doing business”-ի շրջանակներում Հայաստանի դիրքը, այլ նաև վարչական բարդությունները բացառել»,- ասաց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ «Ելք»-ն առաջարկում է նախատեսված 200 հազար դրամ պետական տուրքը բաժանել հինգ մասի, ինչը գործադիրի անդամների համար քննարկման առարկա է դարձել։ Նախարարը նաև հավելեց, որ պատգամավորների հետ քննարկել են առաջարկվող փոփոխության հետ կապված հարցեր, այժմ տեխնիկական հարցեր են մնացել հստակեցնելու, ինչի համար մեկ օր ժամանակ խնդրեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter