HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռուստատեսությունը և համացանցը՝ երեխայի «դաստիարակներ»

Մարինե Սահակյան

Երեխայի հոգեբանության վրա կարող է ազդել իր տարիքին ոչ համապատասխան ինֆորմացիա ստանալը՝ ընդհուպ հասցնելով զարգացման հապաղման: Հոգեբանները նշում են, որ երեխան կրկնօրինակում է այն վարքը, ձայնը, հայացքը, որը տեսնում է իր շրջապատում: «Հեռուստացույցը մեր տանը տեխնիկա չի, որը օգտագործվում է, հեռուստացույցը  բազմաթիվ մարդկանց ներկայությունն է մեր տանը, և երեխանները այն ամենը ինչ կտեսնեն, այն վարքը , որ կտեսնեն դա իրենց համար իրենց կյանքում մասնակցող մարդիկ են դառնում, և դրա համար ինֆորմացիան շատ մանրամասն պետք է ընտրվի  ծնողների կողմից:»,- ասում է հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ և «Բանալի» ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյանը:

Ըստ «Բրեվիս» ընկերության 2016 թվականի  «Կյանքի որակի» սոցիոլոգիական հետազոտության, Հայաստանում հեռուստատեսությունը մնում է որպես ինֆորմացիայի ստացման առավել տարածված աղբյուրը։ 2016թ․ այն որպես առավել կարևոր աղբյուր նշել են հարցվողների  85%-ը։ Այդ ցուցանիշը 2013-2016 թթ․ ընթացքում մնացել է գործնականում անփոփոխ: Ըստ այս հետազոտության  Հայաստանում այն անձինք, ովքեր դիտում են հեռուստացույց, օրական դրան են տրամադրում միջինը 3 ժամ 50 րոպե։ Հեռուստացույց ավելի երկար  ժամանակ դիտում են 60 և ավելի տարեկանները՝ օրական միջինը 5 ժամ 25 րոպե: Հարցվողների  45%-ը դիտում է հեռուստասերիալներ և ժամանակակից ֆիլմեր:

Հեռուստասերիալների և համացանցի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա

 Տանն անընդհատ միացված հեռուստացույցը ինքնաբերաբար դիտում են նաև այդ ընտանիքի փոքրիկ բնակիչները: Հինգ տարեկանից հետո, երբ երեխաների մոտ հոգեսեռական զարգացումը ավելի ակտիվ փուլ է մտնում, նրանք կարող են հետաքրքրվել համացանցով և հեռուստատեսությամբ ցուցադրվող էրոտիկ բնույթի որևէ նկարով կամ տեսանյութով: Քանի որ տեսանյութերում սեռական կյանքի ճիշտ կողմը չի ցուցադրվում, հոգեբանները պնդում են, որ երեխան կարող  է սեռական կյանքը այլ կերպ հասկանալ և անգամ ունենալ դրա նկատմամբ վախի զգացում:  «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մանկավարժ-հոգեբան Անի Ապիտոնյանը ասում է, որ լինում են դեպքեր, երբ 7-8 տարեկան երեխայի մոտ այնքան է ակտիվացած լինում սեռականությունը, որ կարող է նմանակել նույնասեռակներին կամ բոլորին ցուցադրել իր սեռական օրգանը: Հոգեբանը  նկատում է, որ թեև միշտ նման դեպքեր եղել են, սակայն վերջին տարիներին դրանց թիվ ավելացել է:

«Օրինակ՝ բրազիալական սերիալներում շատ են սեռականությանը վերաբերող թեմաները, հայկական սերիալներում շեշտադրվում է ավելի ագրեսիվ, կոպիտ խոսքը, հնդկական սերիալներում այս առումով երևի ավելի բարենպաստ դաշտ է: Բայց օրինակ, հնդկական սերիալից երեխան ազդվել է, երբ սցենարով մեկը մյուսից  բաժանվում է մեկ այլ անձնավորության հետ ամուսնանալու համար, և  երեխայի մոտ վախ էր առաջացել, որ կարող է իր մայրն ու հայրն էլ բաժանվեն»,- ասում է Անի Ապիտոնյանը: Հոգեբանի պրակտիկայում եղել են այնպիսի դեպքեր,   երբ 7-9 տարեկան երեխաների մոտ առաջացել են ուժգին սեռական ֆանտազիաներ հեռուստասերիալներից, հաճախ երեխաները ասել կոնկրետ որ հեռուստասերիալից:

Հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ Նարինե Իսրայելյանը նշում է, որ 1,5 տարեկանից  երեխան ավելի ուշադիր է դառնում մեծահասակների  վարքին:

«Ինտերնետային և հեռուսատեսային նյութերը, որոնք տարբեր լեզուներով են, որոնց մեջ կոնկրետ մեզ համար հայերեն գեղեցիկ խոսք չկա, երեխաներին վախեցնում են, որովհետև անհասկանալի են և դժվարեցնում են խոսելը: Իսկ, եթե երեխան չի կարողանում ազատ շփվել, վախերը ավելի շատանում են», - ասում է տիկին Իսրայելյանը:  Նա նշում է, որ ծնողներին թվում է, թե երեխան «թվացյալ ապահով» վիճակում է,  իսկ իրականում երեխայի առջև բացված է հսկայական, վախենալու  ինֆորմացիայի աշխարհ: Որոշ մուլտֆիլմերում հերոսները կատարելով վտանգավոր գործողություն, մնում են անվտանգ: Հոգեբանի մոտ են գալիս շատ ծնողներ, ովքեր ասում են, որ իրենց երեխան բարձր տեղից թռչում է, ջարդում որևէ իր, իսկ այս ամենի հիմքում Նարինե Իսրայելյանը տեսնում է այն, որ երեխան արդեն որևէ մուլտֆիլմում դիտարկել է մարդակերպ կենդանիների նման վարքը, որի դեպքում ոչինչ չի եղել նրանց:

Անդրադառնալով հեռուստասերիալների ազդեցությանը հոգեբանը ներկայացրեց մի դեպք. «Վեց տարեկան աղջիկ երեխան շատ հաճախ լաց էր լինում և ասում էր իր մայրիկին. «Մամա չեմ հասկանում, թե ինչի՞ եմ ուզում դու մահանաս», իսկ ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ ինչո՞ւ է երեխան այդպես ասում: Երկար զրույցից հետո բացահայտվեց հետևյալ պատկերը.  տանը տատիկն ու մայրիկը դիտում էին մի հեռուստասերիալ, որի հերոսուհին շատ սիրված էր բոլորի կողմից և ուներ «հետաքրքիր» կյանք,  սերիալը սկսվում է նրանով, որ այդ հերոսուհու ծնողները մահանում են ավտովթարից, երբ նա փոքր երեխա է լինում, և ինքը դառնում  այդ «հետաքրքիր հերոսուհին»: Ցանկանալով իրեն էլ տեսնել այդ հերոսուհու կերպարում անգիտակցաբար այս բալիկը հասկացել է, որ պետք է մամա չունենա, որ այսպիսի «հետաքրքիր» կյանք ունենա: Եվ այդ բախումը մամա չունենա, բայց ո՞նց չունենա, իր մեջ առաջացրել էին վախեր»,- ներկայացնում է Նարինե Իսրայելյանը: Նա նաև հիշում է մի դեպք, երբ դպրոցահասակ երեխան գրել էր շարադրություն, որը բոլորի կողմից շատ տարօրինակ էր գնահատվել, նույնիսկ երեխային վերագրվել էին որոշակի  հոգեբանական շեղումներ: Երբ սկսել են հոգեբանի հետ կարդալ այդ շարադրությունը, պարզվել էր, որ երեխան դիտել է  հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի  մասնակցությամբ «Sleepy Hollow» ֆիլմը և այլ բառերով հորինել էր այդ նույն պատմությունը: Ֆիլմը նախատեսված չի անչափահաս երեխայի համար, իսկ իր  հոգեբանական ազդեցությունը թողել է նաև այն պատճառով, որ ինչպես ֆիլմի գլխավոր հերոսը, այնպես էլ երեխայի հայրիկը իրավաբան էին, իսկ ֆիլմում տեղի ունեցող սպանությունների ետևում կանգնած էր մի «հրեշ» կին, իսկ երեխայի մայրիկը ագրեսիվ և ջղայն կին էր: Ծնողները բաժանված էին և երեխայի մոտ ձևավորվել էր կոնֆլիկտ: Հոգեբանը համոզված է, որ նման ֆիլմերը երեխաների մոտ խորացնում են արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտը:

Համակարգչային խաղերի ազդեցությունը

Մանկավարժ-հոգեբան Անի Ապիտոնյանի պրակտիկայում հանդիպել է մի դեպք, երբ դեռահասի մոտ առաջացել են հալյուցինոգեն երևույթներ և խմորումներ, որն ի սկզբանե սկսվել էր երկու օր անընդմեջ համակարգչի դիմաց լինելուց հետո: Ընդհանրապես հոգեբանի պրակտիկայում 10 երեխայից 8-ը ունենում է կախվածություն  սոցիալական կայքերից, համակարգչային խաղերից. դեռահասների մեծ մասը  կարծում է, որ եթե դուրս գան  խաղից կամ սոցցանցից, ինչ-որ հետաքրքիր բանից իրենք   ետ կմնան:

«Խաղերը, ինչպես նաև սոցցանցերում լայքեր հավաքելը, ժամանակավոր ինքնահաստատման համար են: Դեռահասը ստանալով 50 կամ 100 լայք և լավ խոսքեր իր նկարների մեկնաբանությունում, սկսում է մտածել՝ «ես լավն եմ, ինձ բոլորը սիրում են»: Նույնը խաղերում է, որտեղ ավելի հեշտ է հասնել հաջողության. նա մեծահասակի նման կարող է գումար վաստակել, բնակարան, մեքենա գնել, խաղատուն գնալ: Գումար ունենալու դեպքում խաղատուն գնալու մոդելը կարող է նստել երեխայի մտածողությունում որպես աշխարհայացք»,- ասում է հոգեբանը: Անի Ապիտոյանը  նշում է, որ երեխաները, խաղալով ագրեսիվ խաղեր, դառնում են նյարդային, ագրեսիվ, չշփվող, կամ հակառակը շփվելու դեպքում շատ կոպիտ են, դասեր սովորելիս ետ է ընկնում, իսկ  կախվածությունը ավելի է խորանում, քանի որ ծնողները իրենք ևս ունեն կախվածություն:

«Այսինքն երեխային ասել դու մի նստի համակարգչի մոտ, իսկ ես ամբողջ օրը հեռախոսի մեջ խաղ եմ խաղում կամ սոցցանցերում եմ, այդպես չի ստացվի, քանի որ դաստիարակության առավել կարևոր մասը ընդօրինակումն է, քան խոսքի միջոցով դաստիարակումը»,- ասում է հոգեբանը: Քանի որ կախվածությունը ամենաբարդ խնդիրներից է, հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին հետևել երեխային. համակարգչային խաղերը քչացնելու համար երեխային պետք է առաջարկվի ավելի հետաքրքիր, արժեքային նյութեր նայել և  նրա մոտ ձևավորել հետաքրքրություն այդ արժեքային համակարգի նկատմամբ:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ  և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի  գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշում է, որ թեև որոշ դրական կողմեր կան համակարգչով խաղալիս կամ օգտագործելիս, սակայն բացասական ազդեցությունները ավելի շատ են: Նա հիշում է մի դեռահաս տղայի, ով 1,5 ամիս հրաժարվում էր գնալ դպրոց, չէր շփվում որևէ մեկի հետ, և միայն առիթ էր փնտրում շարունակելու իր համակարգչային խաղերը:  Հոգեբանը համոզված է, որ նման վարքը երեխային դարձնում է ապասոցիալական, նպաստում տրամադրության անկմանը և այլ հոգեբանական խնդիրների առաջացմանը:

Նարինե Իսրայելյանը վստահեցնում է, որ համակարգչային խաղերը, որտեղ երեխան՝ որպես խաղացող, պետք է փախչի հրեշային կերպարից հաղթահարելով որոշակի մակարդակներ,  առաջացնում են վախեր:

Ինչպե՞ս կարելի նվազեցնել հեռուսատեսության և  համացանցի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա

Մեդիազդեցությունների գծով գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը կարծում է, որ այն դեպքում, երբ  երեխաները կրկնում են  ստացվող  վարքային մոդելները, հեռուստատեսության դերը երկրի համար դառնում է ռազմավարական: «Ինչպիսի՞ սերունդ ենք ուզում ապագայում ունենալ: Պետք ուշադրություն դարձնել, թե ովքե՞ր են հեռուստասերիալների գլխավոր դերակատարները, ի՞նչ մասնագիտություն ունեն: Օրինակ՝ չեք տեսնի մի ծրագրավորողի գլխավոր հերոսի կերպարում: Այստեղ դրական հերոսները գիշերային ակումբների սեփականատերերն են»,- ասում է պարոն Միրաքյանը: Նա համոզված է, որ պետք է մշակվեն մեխանիզմներ՝ չափորոշիչներ հաստատելու և վերահսկելու համար, իսկ դպրոցներում պետք է դասավանդվի մեդիագրագիտություն առարկան, ինչպես դա արվում աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ եթե սոցիալական ցանցերում 11 տարեկանից  ցածր լինելու դեպքում չի թույլատրվում գրանցվել, իսկ որոշ ֆիլմերի դեպքում, որտեղ կա ագրեսիա և հայհոյանք, ևս կա տարիքային սահմանափակում, ապա նույնը չի կարելի ասել ինտերնետի մասին:

«Ինտերնետի խնդիրը նրանում է, որ այսօր այն անվերահսկելի է: Օրինակ youtube-ը, որը երեխաների համար բազմաթիվ կրթական հնարավորություններ է տալիս, կարող է դառնալ վտանգավոր, երբ երեխան շարժվի կողքից առաջարկված տեսանյութերով. նույնիսկ ամենաանմեղ տեսանյութից մի քանի քայլով կարող է հասնել  պատերազմական և այլ բովանդակությամբ տեսանյութերի»,- ասում է մեդիափորձագետը:  Նա կարծում է, որ նման տեսանյութերը կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ և հարց է առաջանում, արդյո՞ք 8-10 տարեկան երեխան պետք է ունենա հնարավորություն օգտվել ինտերնետից:  Անդրադառնալով ավելի մեծ տարիքի անչափահաս երեխաներին, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ կան հնարավորություններ միացնելու հատուկ ծրագրեր, որոնք կոչվում են ծնողական վերահսկողություն (Parental control), իսկ այն կայքերում, որտեղ կողքից կարող է հայտնվել այլ բովանդակություն ունեցող ինֆորմացիա  ևս կարելի է արգելափակել. կան պլագիններ բրաուզերների համար, որը կոչվում է «ad blocker»: «Խնդիրը նրանում է, որ Հայաստանում դա ընդհանրապես տարածված փորձ չի: Այստեղ չկա հանրային քննարկում այս ամեն ինչի շուրջ, չկան ծնողների իրազեկման ծրագրեր, ինչն էլ որ կա՝ մաշտաբային չէ: Խնդիր է նաև այն, որ ծնողը չգիտի հնարավոր վտանգների մասին»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը: Ինտերնետի տարիքային ֆիլտրացիան հնարավոր է անել նաև հեռախոսի համար, կարելի է նաև արգելափակել խաղերը:

Հոգեբաններ Նարինե Իսրայելյանը և Անի Ապիտոնյանը կարծում են, որ պետք է  փոխկապակցել ընտանիքը, դպրոցը և հեռուսատեսությունն ու համացանցը՝ ավելի անվտանգ ինֆորմացիոն դաշտ ստեղծելու համար:

«Շեշտը այնպես պետք է դրվի, որ հեռուստատեսությամբ  չցուցադրվեն այնպիսի  սերիալներ, ֆիլմեր, որոնք կնպաստեն բարոյահոգեբական կապի սխալ ձևավորվմանը»,- ասում է Անի Ապիտոնյանը: Մասնագետի կարծիքով ընտանիքում խնդիրը ավելի սոցիալ-տնտեսական է, երբ տան մի անդամը՝ հաճախ մեծահասակը, դիտում է հեռուստացույց, իսկ մյուս անդամ չի կարող արգելել: Հոգեբանը կարևորում է ծնող-երեխա հուզական կապի առկայությունը, եթե այդ կապը  թույլ է, երեխան չի ընդունի ծնողի խոսքը:

Հոգեբան Նարինե Իսրայելյանը վստահ է, որ միայն ծնողի վրա չպետք է թողնել ինֆորմացիայի զատումը. ծնողները և այն մեծահասակները, որոնք իրենց աշխատանքով ուղղված են դեպի երեխայի կրթությունը, պետք է քայլեր ձեռնարկեն այս հարցում: Հոգեբանը առաջարկում է տանը երեխայի առօրյան լցնել տարբեր զբաղմունքներով՝ նկարչություն, գրքեր,  խաղեր, խմբակներ՝ սպորտի, արվեստի, իսկ հեռուստատեսային կամ համացանցից որևէ տեսանյութ դիտելիս, պետք է  ծնողը լինի երեխայի կողքին, մեկնաբանելով այն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter