HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի կադաստրի նախկին պետին հողերից զրկելու պահանջով համայնքապետը դիմել է դատարան

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանման նախկին պետ Շիրազ Հարությունյանը, վերջինիս կինն ու քրոջ որդին հնարավոր է՝ զրկվեն Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում գտնվող գյուղնշանակության հողամասերի սեփականության իրավունքից: Պատճառը տարիներ շարունակ չվճարած հողի հարկն է։

Շիրազ Հարությունյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին գյուղում խոշոր հողատեր է դարձել՝ գնելով համագյուղացիների հողաբաժինները: Դրանց մի մասը ձևակերպված է կնոջ անունով: Հողերի մի մասը խաղողի այգի է, մյուս մասը՝ վարելահող: Ընդհանուր հաշվով համայնքում սեփականության իրավունքով միայն Շիրազ Հարությունյանն ունի մոտ 13,5 հա հողամաս:

Սկսած 2009թ.-ից՝ Շիրազ Հարությունյանը հողի հարկի գծով հարկային պարտավորությունները չի կատարել: Ընթացքում մասնակի վճարումներ կատարվել են, սակայն 2010թ. ընդհանրապես վճարում չի կատարվել:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ կադաստրի նախկին պետի Ամբերդ գյուղում ունեցած հողի հարկի պարտավորությունների չափը՝ ներառյալ տույժերը, կազմում է մոտ 1 միլիոն 760 հազար դրամ:

Շիրազ Հարությունյանի կինը՝ Լյուդմիլա Հարությունյանը, ևս խոշոր հողատեր է: Նա Ամբերդում ունի 9,2 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող և խաղողի այգիներ: Ինչպես ամուսինը, այնպես էլ Լյուդմիլա Հարությունյանը 2010թ. սկսած հողամասերի հետ կապված որևէ հարկային պարտավորություն չեն կատարել:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ Լյուդմիլա Հարությունյանի հաշվարկային տույժերով չվճարված հարկային պարտավորության գումարի չափը կազմում է 1 միլիոն 983 հազար դրամ:

Ամբերդցիների ասելով՝ թեև Շիրազ Հարությունյանը հաշվառված է գյուղում, սակայն բնակվում է Էջմիածին քաղաքում: Նրա հողամասերին «տիրություն» է անում քրոջ որդին՝ իրենց համագյուղացի Ժան Սարգսյանը:

Ժան Սարգսյանը ևս հայտնվել է «սև ցուցակում»: Նա չի կատարել իր անունով գրանցված 5,3 հա գյուղնշանակության վարելահողերի և խաղողի այգիների հարկային պարտավորությունները:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ նրա ընդհանուր պարտքը՝ ներառյալ տույժերը, կազմում է մոտ 1 միլիոն 99 հազար դրամ: Ժան Սարգսյանը հողի հարկի գծով պարտք է սկսած 2010 թվականից: Մինչ այդ կատարվել են մասնակի վճարումներ:

Ամբերդի համայնքապետ Մանվել Բաբայանը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով դադարեցնել համայնքի վարչական տարածքում գտնվող Շիրազ Հարությունյանի թվով 39 միավոր գյուղնշանակության հողակտորների սեփականության իրավունքը, ինչպես նաև վերջինից բռնագանձել մոտ 1 միլիոն 760 հազար դրամ՝ որպես չկատարված հարկային պարտավորություն: Համայնքապետը պահանջել է նաև 90 000 դրամ փաստաբանական ծախսերի հատուցում:

Նույն հայցապահանջն է ներկայացվել նաև Լյուդմիլա Հարությունյանի և Ժան Սարգսյանի նկատմամբ՝ համապատասխանաբար 23 և 20 կտոր հողակտորների վերաբերյալ: Լյուդմիլա Հարությունյանից պահանջվում է բռնագանձել 1 միլիոն 983 հազար դրամ, Ժան Սարգսյանից՝ մոտ 1 միլիոն 99 հազար դրամ՝ որպես չվճարված հարկային պարտավորություն, ինչպես նաև յուրաքանչյուրից 90 000-ական դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Հարությունյաններից և Ժան Սարգսյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նրանք կամ հեռախոսազանգերին չէին պատասխանում, կամ անհասանելի էին:

Ամբերիդի համայնքապետարանը հայցադիմումներում որպես հիմնական հիմնավորում նշել է Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջը, այն է՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե հողի հարկը 3 տարվա ընթացքում չի վճարվել և 4-րդ տարվա ընթացքում պարտքը չի մարվել:

Նշենք, որ այս հիմքով հողամասի նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում այդ հողամասերն անցնում են համայնքի սեփականությանը:

Նշված 3 քաղաքացու գործը քննելու է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստրը՝ դատավոր Նաիրա Գրիգորյանը, և նիստերը նշանակված են նոյեմբեր ամսին:

Արմավիրի մարզում Ամբերդ համայնքից հետո հողի հարկի գումարը բռնագանձելու և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին դատարան է դիմել նաև Շենիկի համայնքապետարանը:

Ընդդեմ Արմեն Նադարյանի՝ հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Շենիկի համայնքապետարանը նույն պահանջով հայցադիմում ներկայացրել էր նաև Արմավիրի դատարան, սակայն դատավոր Գոհար Ֆիդանյանը մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, թե «ներկայացված հայցադիմումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննության ենթակա չէ, քանի որ ներկայացված պահանջի քննությունը դուրս է դատարանի իրավասությունից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter