HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրճի և թեյի փառատոն»՝ Երևանում

Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, այսօր և վաղը «Սուրճի և թեյի փառատոն» է։

Փառատոնին ներկայացված է միջազգային ընկերությունների և տեղական արտադրողների թեյի և սուրճի տեսականի։ Այցելուները, 2000 դրամ վճարելով,  կարող են համտեսել տարբեր տաղավարներում ներկայացված ընկերությունների անսահմանափակ քանակի թեյ և սուրճ։

Տեղական ընկերությունների արտադրանքները ներկայացված են ավելի փոքր տաղավարներում:

Meditrina-ի և Manana-ի տաղավարում հայկական արտադրության մուրաբաներ և թեյեր են։ Թեյերի խոտաբույսերն աճում են Հայաստանում, կան նաև խոտաբույսեր, որոնք ընկերությունը ներկրում է ծագման երկրից։ Թեյերի կողքին մուրաբաներն են, որոնք տարբերվում են իրենց ցածր շաքարայնությամբ և ոչ հատուկ տեսականիով, ինչպես օրինակ՝ ռեհանի սերմերով, թարխունով մուրաբաները։

Տաղավարներից մեկում էլ վաճառում են ալոեի տերևներ, ալոեի մզվածք, ալոեի գել և յուղ։ Բիզնեսն ընտանեկան է։ Տեսականին ներկայացնող Լուսինե Ավագյանի հավաստմամբ՝ այս փառատոնը իրենց համար արտադրանքը գովազդելու, ներկայացնելու լավ հնարավարություն է։ Այսօր ունեցած վաճառքից գոհ են, ասում են՝ կարողացել են մի քանի ժամում զգալի քանակի արտադրանք վաճառել։

Խոտաբույսերով թեյերի իր տեսականին էր ներկայացնում «Mountain Tea»-ը։ Թեյի բաղադրիչները հավաքված են Սյունիքի և Վայոց ձորի սարերից։ Ընկերությունը թեյի խոտաբույսերը գնում է գյուղացիներից։ Վաճառքում ներկայացված են ուրցի, դաղձի, ուրցի և մոշի տերևների, ինչպես նաև նռնածաղկի և հինգ այլ խոտաբույսերի համադրությամբ, լեռնային խառնուրդի թեյեր։ Ընկերության հիմնադիրներից Շուշան Աբրահամյանը ևս գոհ է այսօր արված վաճառքից։

Հայկական արտադրանքի կողքին Արցախից բերված թեյերն են։ Ներկայացված են 10 տեսակի թեյեր։ Դրանցից վեցը մեկ բաղադրիչով են՝ միայն անանուխ, ուրց, խնկածաղիկ, դաղձ կամ մասուր, մնացած չորսը խառնուրդներ են։

«Partez»-ը 50 օր է՝ գործում է։ Նորաբաց ընկերության համար հայկական շուկա մուտք գործելու, հայաստանցիներին իրենց արտադրանքը ներկայացնելու կարևոր հնարավարություն է։

«Cafe in»-ը ներկայացնում է օրգանական սուրճ։ Շուկայում են արդեն մեկուկես տարի։ Ընկերության ներկայացուցիչ, վաճառքի մենեջեր Անուշ Մկրտչյանի փոխանցմամբ՝ վաճառքի ներկայացված սուրճի տեսականիների կողքին, իրենց վաճառած օրգանական սուրճը առողջական խնդիրներ ունեցողներին հնարավորություն է տալիս օրական մի քանի բաժակ սուրճ ըմպել՝ առանց մտածելու հետագա բարդությունների մասին։

Փառատոնը բաց է լինելու 12։00-20։00-ն։

Մեկնաբանություններ (1)

Ադրինե
Արդյոք այս տարի լինելու է փառատոն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter