HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սպանության փորձ, սպանություն, թե՞ սպանության իմիտացիա. դատարանը հեռացավ`վճիռ կայացնելու

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ' քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր' Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առայսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:

Այս գործով դատավորը մեկ անգամ հեռացել էր խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու, սակայն որոշել էր վերսկսել դատաքննությունը: Նախորդ դատական նիստին մեղադրական ճառով էր հանդես եկել դատախազ Արթուր Մանուկյանն, իսկ այսօրվա նիստին ճառով պետք է հանդես գային դատավարության մյուս կողմերը՝ Մովսես Ներսիսյանի և Արթուր Սաֆարյանի իրավահաջորդների ներկայացուցիչները, ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ու վերջինիս պաշտպան Հեկտոր Սարդարյանը, սակայն նրանք հրաժարվեցին ճառից՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ դատավորի խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ իրենք հայտնել են իրենց դիրքորոշումները:

Արթուր Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգյանն ու Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն օգտվեցին իրենց ռեպլիկի իրավունքից:

Երեմ Սարգսյանը նշեց, որ այս դատաքննության ընթացքում բազմիցս շահարկվել է հանգամանքը, որ Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել: Ըստ Սարգսյանի՝ այդ հանգամանքը դեռ չի նշանակում, որ Մովսես Ներսիսյանը ողջ է:

«Եթե անգամ 0.001 տոկոս հավանականություն կա, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, ապա անգամ այս դեպքում կան բոլոր նախադրյալները, որ Մոսվեսին սպանելուն ուղղված բոլոր դիտավորյալ գործողությունները կատարվել են, այսինքն՝ առնվազն առկա է սպանության փորձի հանցակազմ»,- իր խոսքում նշեց Երեմ Սարգսյանը:

Նախորդ դատական նիստին մեղադրական ճառ ընթերցելիս դատախազ Արթուր Մանուկյանն ասել էր, թե գործի քննության ամբողջ ընթացքում Իսրայել Սարգսյանը հակասական ցուցմունքներ է տվել` իր խոսքը հարմարեցնելով գործով տարբեր փուլերում ձեռք բերված ապացույցներին:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը, անդրադառնալով մեղադրողի կողմից արտահայտած այս մտքին, ընդգծեց, որ միայն ամբաստանալի ցուցմունքները չի կարելի որպես նրա դեմ ապացույց օգտագործել, որ պետք է մեղադրանքի հիմքում այլ՝ ավելի ծանրակշիռ ապացույցներ դրվեին:

Սարդարյանը պատահականություն չհամարեց, որ մեղադրող Արթուր Սարգսյաննիր ճառում որևէ կերպ չհիշատակեց դեպքի վայրում հայտնաբերված այն ձեռնոցը, որը ապացույց ճանաչելու համար Իսրայել Սարգսյանը տևական ժամանակ հացադուլ է հայտարարած եղել, և որը դատարանում հետազոտվել է միայն վերջերս: Հիշեցնենք, որ դեպքի վայրում հայտնաբերված այդ ձեռնոցի վրա կրակոցի արգասիքներ են հայտնաբերվել, սակայն փորձագիտական եզրակացության համաձայն՝ դրա վրա չի եղել ո՛չ Մովսես Ներսիսյանի, և ո՛չ էլ Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ն: Ըստ Հեկտոր Սարդարյանի՝ եթե դատախազ Մանուկյանն անդրադառնար ձեռնոցին, ապա ստիպված պիտի լիներ բացատրել, թե ինչպես դրա վրա չի հայտնաբերվել ո՛չ Իսրայել Սարգսյանի, և ո՛չ Մովսես Ներսիսյանի ԴՆԹ-ն:

Անդրադառնալով Մագնում հյուրանոցում հայտնաբերված արյան հետքերին (ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է Մագնում հյուրանոցում. հեղ)՝ Հեկտոր Սարդարյանը նշեց, որ դրանք ևս եղել են սպանության իմիտացիայի շրջանակներում, այսինքն՝ Մովսես Ներսիսյանն, ով, Իսրայել Սարգսյանի պնդմամբ, լքել է Հայաստանը, փորձել է գնալուց առաջ տպավորություն ստեղծել, որ իրեն սպանել են:

Այսօր դատարանում վերջին խոսքով հանդես եկավ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Վերջինս նկատեց, որ մեղադրական ճառ ասելիս դատախազ Արթուր Մանուկյանն առհասարակ չի անդրադարձել իրեն մեղսագրվող արարքների դրդապատճառներին:

Իսկ մինչև դատաքննության վերսկսելը դատախազության կողմից առաջ քաշված սպանության մոտիվը՝ եղբորը սպանելու միջոցով Թևոս Սաֆարյանին թուլացնելը, Իսրայել Սարգսյանն աբսուրդ որակեց:

«Երբ առյուծին վիրավորում են, նա ավելի վտանգավոր է դառնում մարդու համար, քան ոչ վիրավորվածը: Արթուրին սպանությունը Թևոսին չէր թուլացնի»,- ասաց Իսրայել Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ իրեն մեղսագրվող արարքի մեջ իրեն մեղավոր չի ճանաչում և որ պայքարելու մինչև վերջ:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գործով վճիռ կայացնելու, որը կհրապարակվի հոկտեմբերի 25-ին: Նշենք, որ դատախազությունը Իսրայել Սարգսյանի համար 25 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում, պաշտպանական կողմը պահանջում է ճանաչել Իսրայել Սարգսյանի անմեղությունն, իսկ Արթուր Սաֆարյանի իրավահաջորդը պահանջում է ցմահ ազատազրկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter