HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» Դոնի Ռոստովը փոխարինում է Մոսկվայով

Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ընկերությունը, որը տակավին վերջերս թռիչքներ էր կատարում Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով եւ Մոսկվա, այլեւս չի թռչում Դոնի Ռոստով: Հիշեցնենք, որ ընկերությունը շաբաթը մեկ մեկնում էր նշված քաղաքներ, իսկ Մոսկվա՝ շաբաթը երկու անգամ:    

Ավիաընկերությունն իր կայքում հայտնել է ձմեռային աերովագիացիոն սեզոնին Ռուսաստան կատարելիք չվերթների մասին: Այսպես՝ դեպի Կրասնոդար ու Սամարա ընկերությունը կշարունակի թռչել համապատասխանաբար ամեն երեքշաբթի եւ չորեքշաբթի: Առայժմ Գյումրուց Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) «Տարոն-Ավիան» մեկնում է ամեն ուրբաթ եւ կիրակի: Հոկտեմբերի 31-ից ընկերությունը ՌԴ մայրաքաղաք կթռչի նաեւ երեքշաբթի օրերին, իսկ դեկտեմբերի 2-ից կավելանան նաեւ թռիչքները շաբաթ օրերին: 

Հիշեցնենք, որ Գյումրի-Մոսկվա ուղեգիծն այսօր շահագործում են միայն «Տարոն-Ավիան» եւ ռուսական «Պոբեդան»: Եթե Գյումրու «Շիրակից» հայկական ընկերությունը մեկնում է «Դոմոդեդովո», ապա ռուսականը թռչում է «Վնուկովո»:

Սպասվում է նաեւ, որ հոկտեմբերի 24-ից Դոնի Ռոստովից Գյումրի է ժամանելու «Ural Airlines»-ը: Այսինքն՝ այն բանից հետո, երբ «Տարոն-Ավիան» այլեւս չի թռչում Ռոստով, ռուսական օպերատորը մինչեւ Նոր տարի կազմակերպելու է մի քանի չվերթ:  

Մյուս կողմից՝ «Տարոն-Ավիան» արդեն հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին սկսելու է ամենօրյա չվերթներ կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո»:

Նախկինում այս ուղղությունը շահագործում էր մեկ այլ հայկական ընկերություն՝ «Արմենիան», որը բազավորվում է հենց Երեւանում: Վերջինս այս պահին թռչում է Միներալնիե Վոդի, Վորոնեժ, Բեյրութ, Թել Ավիվ (հայկական ընկերության չվերթները կրկին սպասարկում է վրացական օդանավ, իսկ «Արմենիայի» EK-73736-ն, ըստ flightradar24.com-ի, առայժմ շահագործումից դուրս է):  

Փաստորեն, «Տարոն-Ավիան» նվազագույնը ձմեռային սեզոնին (հոկտեմբերի 29-ից մինչեւ մարտի 24) եւ, մասնավորապես, Ամանորին ընդառաջ կմրցակցի Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ չվերթներ կատարող ռուսական ընկերությունների հետ՝ լինելով այս ուղղության վրա միակ հայկական ընկերությունը: 

Միաժամանակ «Տարոն-Ավիան» առաջիկայում նախատեսում է թռիչքներ մեկնարկել դեպի Եվրոպա, բանակցություններն ընթացքի մեջ են: Ընկերությունն իր տրամադրության տակ ունի 2 հատ «Boeing 737-500» (EK-73797 եւ EK-73776), եւս 2-ը (EK-73775 եւ EK-73772) շահագործվում են Աֆրիկայում:  

Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter