Կիրակի, 23 սեպտեմբերի

81-ամյա Վոլոդյա Պողոսյանի տունը սողանքի եզրին է հայտնվել


Շատինցի 81-ամյա Վոլոդյա Պողոսյանն իր վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է սողանքի գոտում գտնվող տանը: Երիտասարդ տարիներին բնակվել է գյուղի մյուս ծայրում: Տարիներ անց, տան վթարային լինելու պատճառով տեղափոխվել է նոր տուն: Սողանքի գոտում է բնակվում ավելի քան 30 տարի:

Առաջին հայացքից չի երևում, որ երկհարկանի շենքը չորրորդ աստիճանի վթարային է, այնտեղ երկու ընտանիք է ապրում: Բնակիչներն ասում են, որ գրունտային շերտի տատանումներն ամեն տարի տան պատերին նոր ճաքեր են առաջացնում:

Տան դիմաց ձոր է: Վոլոդյա պապը ցույց է տալիս հողակտորի ծայրից երևացող ընկուզենին ու ափսոսանքով ասում, որ ծառն ինքն է տնկել, բայց հողի իջնելու հետևանքով ընկուզենին ձորում է մնացել:

«32 տարի էստեղ եմ ապրում, տասը տարի է` հողը հոսում է: Նախագահին եմ բողոքել, մարզպետարան եմ բողոքել, ոչ եկել են ոչ էլ, մենակ շենքի պատերի ճաքերն են շատացել: Գյուղապետը երկու անգամ եկել, նայել է, ինքն էլ է դիմել, բայց իր դիմումին էլ պատասխան չի եկել»,-ասում է Վոլոդյա Պողոսյանը:

Համաձայն քաղաքաշինության նախարարի 2009թ. դեկտեմբերի հրամանի՝ չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքը վտանգավոր է հետագա շահագործման համար, իսկ շենքերի բնակիչները ենթակա են տարհանման:

Վոլոդյա պապն ասում է. «Տունը որ գնաց, ոչ մեկին չեն կարող գտնել, ոչ մի ընտանիք, ոչ մի երեխայի չեն կարա փրկել՝ ուզեն տրակտոր բերեն, ինչ ուզեն բերեն, ոչ մեկին չեն գտնի, գետի դեմն էլ կկտրի»:

Վոլոդյա Պողոսյանի՝ դիմում-բողոք գրելուց հետո Երևանից մարդիկ են եկել, նայել, չափագրումներ արել, բայց որևէ արձագանք չի եղել. «Ես դիմումի մեջ գրել եմ, որ տունը 30 մետր բարձրություն ունի, երևանից եկան տեսան, ասացին՝ քիչ ես գրել, 50-60 մետր է, հետո գնացին, բայց էլի պատասխան չեկավ»:

Վոլոդյան երկու թոռ ունի, մեկը 1 տարեկան է, մյուսը՝ 2: Հարսը՝ Մարգարիտան, պատմում է, որ երեխաները նոր են սկսել քայլել, և ստիպված բակն ամբողջությամբ մետաղյա թիթեղներով փակել են: Մարգարիտան ամեն օր է վտանգը զգում. «Տունը խոնավ է, վախենալով ապրում ենք, որովհետև լրիվ ճաքում է, հողի պահպանիչ շերտը թուլացել է ու էլի պիտի թուլանա»:

Վոլոդյա Պողոսյանի ընտանիքի  եկամտի հիմնական աղբյուրը թոշակն է, այն միայն կոմունալ վճարներին է բավականացնում: Շատինցի պապը Չերնոբիլի աղետի վետերան է: Նրան մտահոգում է, որ որդին մշտական աշխատանք չունի, կարողանում է միայն բանվորական աշխատանք անել, իր հասակն ու առողջությունն էլ պապին թույլ չեն տալիս որդուն օգնել: Պողոսյանները չեն կարողանում նաև գյուղատնտեսությամբ զբաղվել. խնձորի ծառեր են ունեցել, որոնք հետո չորացել են. «Էս հողի վրա ո՞նց ծառ տնկեմ»,- ավելացնում է Վոլոդյա պապը:

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։