HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Արամ Սաթյան. «Առանց լուրջ ֆինանսավորման արթնացրինք Կոմպոզիտորների միությունը»

Հայաստանի կոմպոզիտորների միությունը հոկտեմբերի 29-ին նախագահ կընտրի: Միության գործող նախագահ Արամ Սաթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համագումարում կառաջադրվի իր թեկնածությունը:

Այլ թեկնածուների վերաբերյալ դեռ խոսակցություններ չկան: Փոխարենը խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջին պահին` համագումարի ժամանակ, կարող է անակնկալ կերպով լինել այնպիսի թեկնածուի առաջադրում, որը կհամարվի համակարգի վստահելին: Սաթյանը քաղաքական ինտրիգներից հեռու մարդ է համարվում, զբաղվում է ստեղծագործելով եւ իր գործով՝ միության աշխատանքները կազմակերպելով:

Կոմպոզիտորների միության վարչությունն ավելի վաղ որոշում էր ընդունել համագումարն անցկացնել նոյեմբերի 10-ին: Սակայն հաշվի առնելով միության որոշ անդամների անհանգստությունն այն մասին, որ այդ ժամանակահատվածն ավելի ցուրտ է, առավել եւս՝ չջեռուցվող դահլիճում, եւ այն, որ Սաթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 29-ին, վարչությունը որոշում է կայացրել համագումարն անցկացնել այդ օրը:

«Հետք»-ը համագումարին ընդառաջ զրուցեց ԿՄ նախագահ Արամ Սաթյանի հետ:

- Չջեռուցվող դահլիճը Կոմպոզիտորների միության նկատմամբ պետության վերաբերմունքի վառ օրինակ է: Դահլիճն այդ վիճակում է 90-ականներից սկսած: Ինչու՞ չի հաջողվում նման խնդիրները լուծել:

- Առաջին հերթին՝ հասարակական կազմակերպության կարգավիճակը Կոմպոզիտորների միության համար ճիշտ չէ եւ խանգարում է զարգանալ: Եթե ուզում ենք զարգանալ, պետք է գոնե մասամբ պետության կողմից կայուն ֆինանսավորում ստանանք:

Կամ պետք է միությունը ունենա հոգաբարձուների խորհուրդ՝ ձեւավորված մեկենասներից, որոնք պատրաստ կլինեն աջակցել մեզ: Բայց սրան հասնելու համար կարեւոր է ունենալ միության անդամների համաձայնությունը, նրանք են քվեարկելու: Կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգտակար լինելու միությանը, բայց ՀԿ-ի կարգավիճակն այդ առումով խնդիրներ է ստեղծում: Բարեգործության համար այդ մարդիկ պետք է ազատված լինեն հարկերից: Այսօր մեծ կառույցներ՝ Մետրոպոլիտեն օպերան, Փարիզի Գրանդ օպերան, Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը եւ այլն, կայուն ֆինանսավորում ունեն: Օրինակ՝ Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը ֆինանսավորվում է պետության կողմից: Դա նրանց թույլ է տալիս ամբողջ երկրով մեկ տարբեր միջոցառումներ կազմակերպել:

Մենք լրացուցիչ գումարներ չունենք: Մշակույթի նախարարությունից ստանում ենք որոշակի հատկացումներ, այն էլ՝ կոնկրետ միջոցառումների համար: Շենքային պայմանները բարելավելու գումարներ չկան:

Արտերկրից ցանկանում էին մեզ ֆինանսավորել, բայց Հայաստանից մեզ անհայտ մեկից նամակ էր գնացել, թե ինչու՞ կոմպոզիտորների միությանը, եւ ոչ՝ մեզ: Հնարավորություններ այսօր էլ կան: Եթե ամեն ինչ նորմալ լինի, մոտակա երկու տարվա մեջ գոնե դահլիճի ջեռուցման հարցը կլուծենք: Վերջին 4 տարիներին շենքի երկու հարկը կարողացել ենք վերանորոգել:

- Էլ ի՞նչ մեծ աշխատանքներ կան անելու:

- Մենք ունենք հիանալի գրադարան, որը պետք է թվայնացվի: Դա էլ է մեծ գումարների հետ կապված: Ձայնադարանն արդեն թվայնացնում ենք: Կան

խոստումներ, բայց, էլի եմ ասում, «հասարակական կազմակերպություն» պիտակը շատ անգամ է խանգարում: Կոշկակարների ՀԿ-ներ կան, խոհարարների եւ այլն: Կարելի՞ է ստեղծագործական միությունները համեմատել նրանց հետ:

- Հարցը չե՞ք քննարկել պետական մարմինների հետ:

- Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին ստեղծագործական միություններին տվեցին այս կարգավիճակը, կոմպետենտ են եղել: Նրանք ուզել են դուրս գալ Սովետական միության ձեւաչափից, բայց նոր ձեւ չեն գտել: Սա նույնն է, թե քանդես պատմական նշանակություն ունեցող շենքը եւ կառուցես անդեմ մի շենք: Այս վիճակը որեւէ առումով չի նպաստում արվեստի զարգացմանը:

Մենք փոքր երկիր ենք: Այսօր եթե կոմպոզիտորների հոնորարների ընդհանուր թիվը բաժանենք բոլորի վրա, յուրաքանչյուրի տարեկան հոնորորը կկազմի 20 հազար դրամ: Խոսքը կատարված ստեղծագործությունների դիմաց վճարվող հոնորարի մասին է: Կա կոմպոզիտոր, որը տարեկան 1000 դրամ էլ չի ստանում:

- Ինչու՞ են հոնորարներն այդքան ցածր:

- Ինչ-որ մեկը որոշել է հոնորարների չափը դեռեւս 20 տարի առաջ: Սովետական մեխանիզմը փոխվել է, նոր մեխանիզմ չի ստեղծվել: Եթե լինեին մարդիկ, մեկենասներ, որոնք երաժշտություն պատվիրեին, ինչպես 17-18-րդ դարերում, երեւի ավելի լավ կլիներ: Մեկ օպերա գրելու պետական պատվերի գումարը 1,5 միլիոն դրամ է: Իրեն հարգող կոմպոզիտորը երբեք այդ գումարով օպերա չի գրի: 1,5 միլիոն դրամով կարելի է մի փոքր պիեսա գրել, որի համար, սակայն, սահմանված է 50 հազար դրամ: Աբսուրդ գներ են: Ես երեք տարի առաջ Մշակույթի նախարարությանն եմ ներկայացրել այլ գնացուցակի անցնելու առաջարկ: Դեռ պատասխան չենք ստացել:

Մենք պատերազմ հաղթած ազգ ենք, ես միշտ եմ պնդել՝ պետք է ունենանք արցախյան պատերազմի մասին մեծակտավ գործեր: Պատվերներ չկան:

- Վերջին տարիներին պետական եւ ոչ պետական հիմնադրամներով, որեւէ բարձրաստիճան պաշտոնյաների «հովանիների ներքո» մեծ գումարներ են ծախսվում երաժշտական նախագծերի վրա: Ինչու՞ է կոմպոզիտորների միությունը դուրս մնում այս հովանավորությունից: Դուք, ինչ է, համակարգի մարդը չե՞ք:

- Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ: Առաջարկություններ եղել են՝ ես ցանկ եմ ներկայացրել: Պատասխան չի եղել:

- 4 տարի առաջ ինտրիգները, տարաձայնությունները շատ էին: Հունվար ամսին անգամ տնօրհնեք արեցիք միությունում, որպեսզի այսպես ասած չարը խափանվի: Հիմա ի՞նչ մթնոլորտ է:

- Որքան շատ ես աշխատում, մարդիկ ավելի շատ են պահանջում: Եվ սա բնական է: Բնական է, որ նաեւ դժգոհություններ կարող են լինել: Այսօր Կոմպոզիտորների միությունն իր հնարավորությունների առավելագույնն է անում:


Տնօրհնեքի արարողությունը կոմպոզիտորների միությունում

- Դիլիջանի ստեղծագործական տան մասին տարբեր խոսակցություններ կան, թե՝ քիչ էր մնում մասնավորեցվեր: Ի՞նչ պլաններ կան այդ առումով:

- Ստեղծագործական տունը վաճառելու առաջարկ ստացանք, բայց վարչությունը որոշեց, որ այն չի վաճառվելու: Մեզ առաջարկում էին ծիծաղելի գումար: Առաջարկը եկել էր մի ֆիրմայից, որն ուներ ընդամենը 100 դոլար կապիտալ: Դա այսպես ասած ներդրված ու կեղծ ընկերություն էր:

Մինչ այդ էլի առաջարկություններ կային, բայց ոչ թե գումարի, այլ՝ ներդրումների տեսքով: Արդյունքում, ստեղծագործական տան 75 տոկոսը պետք է անցներ մասնավոր ընկերությանը, 25 տոկոսը՝ միությանը մնար: Շատ դեպքերում մարդիկ մտածում են փլված տան մեջ ապրեն, քան թե տունը բաժանեն երեք մասի: Էլի վարչությունը դեմ կանգնեց:

Ես գտա նոր ձեւ, որի շնորհիվ մեկ տարվա մեջ վերականգնվեց 5 քոթեջ: Լուծումը հետեւյալն է. դրանք 5 տարի ժամկետով վարձակալության տվեցինք մասնավոր սեկտորի, որը բարձրակարգ վերանորոգում իրականացրեց, անցկացրեց ջեռուցում, եւ իրավունք ունի այդ 5 տարիներին քոթեջները վարձակալության տալու որպես հյուրատուն՝ իր ներդրումները վերադարձնելու նպատակով: Յուրաքանչյուր քոթեջի բարեկարգումն արժեցել է 8-10 միլիոն դրամ: Արդեն վեցերորդ տարում քոթեջներն ամբողջությամբ մեր հայեցողությանն են մնում: Ընդ որում՝ անգամ մասնավորի հայեցողության պարագայում բոլոր այն կոմպոզիտորները, ովքեր ստեղծագործելու համար կարիք կունենան Դիլիջանում մնալու, տարվա մեջ 2 ամսով կարող են անվճար մնալ հենց այդ բարձրակարգ քոթեջներում: Միակ պայմանն այն է, որ նրանք պետք է անպայման ստեղծագործություն բերեն:

Սա, իմ կարծիքով, լավագույն լուծումն է, որպեսզի եւ ստեղծագործական տունը նորոգվի, եւ չմասնավորեցվի, եւ չքանդվի, եւ միությունը հետագայում լրացուցիչ եկամուտ ունենա: Եթե համագումարից հետո այս ծրագիրը շարունակվի, կարծում եմ՝ մոտ 3 տարվա ընթացքում միության բոլոր քոթեջները բարեկարգված կլինեն:

- Չորս տարվա ընթացքում ի՞նչ հաջողություններ ու ձախողումներ գրանցվեցին:

- Ես ուզում էի, որ միության անդամներն ունենան առողջության ապահովագրություն: Դիմեցի կառավարությանը, պատասխանեցին, որ առանց պետական կարգավիճակի դա հնարավոր չէ: Այդուհանդերձ, մի քանի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ միջնորդեցինք, եւ կոմպոզիտորներն աջակցություն ստացան:

Հաջողություններից մեկն այն է, որ ավելի քան 80 կոմպոզիտորներ այս ընթացքում հնչել են արտերկրում, ընդ որում՝ այնպիսի երկրներում, որտեղ կարող են բարձր հոնորարներ ստանալ՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան եւ այլն:

Սա կոմպոզիտորների միության շնորհքն է, նա իր վրա վերցրել է մենեջերական գործառույթներ, որն իր վրա պետք է վերցներ նաեւ Մշակույթի նախարարությունը:

Մենք այս տարիներին ստեղծեցինք առցանց ռադիո, գործարկեցինք մեր պաշտոնական կայքը: Պատրաստվում ենք այն դարձնել եռալեզու, որպեսզի դրսից էլ մուտք գործեն, մեր կոմպոզիտորներին ճանաչեն, գործեր պատվիրեն:

Ստեղծագործող մարդուն քիչ բան է պետք: Կոմպոզիտորն այն մարդն է, որ չի կարող չգրել: Կտան փող, չեն տա՝ մարդիկ ստեղծագործում են: Ուղղակի պետք է մեր պետության մեջ խրախուսվի ստեղծագործելը: Հիմա Հայաստանում այդ խրախուսանքները շեղված են. հիմնականում առաջարկվում են պսեվդո-գործեր, պսեվդո-պրոյեկտներ, որոնք բարձր արվեստ չեն եւ մեր պետությանն օգուտ չեն տալիս:

- Կոմպոզիտորներից ոմանք ասում են, որ եղած փառատոնները քիչ են, ինչպես որ Ռոբերտ Ամիրխանյանի օրոք էր:

- Համաձայն չեմ: Երիտասարդ կոմպոզիտորների փառատոնը մեկնարկեց մայիսին, ավարտվեց սեպտեմբերին: Սրան զուգահեռ մեկնարկեց Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Ունենք նաեւ պատանեկան մրցույթ-փառատոն: Այս բոլորն ամենամյա են, իսկ ծավալն աննախադեպ է վերջին տարիների համար։ Մենք խրված ենք փառատոնների մեջ: Ազատ ժամանակ չունենք: Միության 2-3 աշխատող այսքան բան են կազմակերպում: Ընդ որում` մեր փառատոններին պետությունից հատկացվում է շատ չնչին գումար, իսկ տարբեր այլ երաժշտական փառատոնների հատկացվում են ոչ թե տասնապատիկ, այլ հարյուրապատիկ անգամ ավելի:

Մեզ հատկացվող գումարը միշտ կրճատվում է: Ես շնորհակալ եմ նախարարությանը, որ տալիս է, բայց նրա հնարավորություններն այդքան չեն: Պետք է հաշվի առնել, որ Կոմպոզիտորների միությունը պրոֆեսոնալ արվեստն է զարգացնում, որը չես ամաչի աշխարհում ցույց տալ:  

- Հոկտեմբերի 29-ի համագումարում առաջադրվելու եք: Այլ թեկնածուներ կա՞ն:

- Ես այլ թեկնածուների մասին չեմ լսել: Դա եւ վատ է, քանի որ եթե ասելիք ունես, պիտի ասես: Իսկ եթե ուզում ես վատախոսել, գործընթացին խանգարել, կարող ես դա էլ անել: Այս լռությունը նման է գործընթացին խանգարելուն:

Ընդհանրապես կարծում եմ պետք է փոխել կանոնադրությունը, որպեսզի առաջադրումները լինեն ավելի վաղ, քան համագումարն է։ Դա հնարավորություն կտա ծրագրային քննարկումներ ունենալ։

Չեմ բացառում, որ կարող են անակնկալ առաջադրումներ լինել: Բնական է, դժգոհություններ կարող են լինել: Երբ մարդ չի կարողանում իրեն լրիվ բացահայտել, կամ էլ նրա տաղանդը չի համապատասխանում պատկերացումներին, պետք է դժգոհի: Իսկ տաղանդավոր մարդը սուսուփուս գրում է իր երաժշտությունը:

Միության նախագահ լինելը դաժան աշխատանք է: Ես այս 4 տարվա մեջ քիչ եմ ստեղծագործում, ժամանակ չի մնում: Եվ չեմ կարծում, որ ամեն մեկը կկարողանար թողնել ստեղծագործելն ու նվիրվել կազմակերպչական աշխատանքներին:

Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ մենք արթնացրինք միությունը:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Ես չեմ մտածում այդ մասին: Կարեւորը, որ Կոմպոզիտորների միությունը շարունակի կայանալ, մեր կոմպոզիտորները գրեն լավ երաժշտություն, եւ այն սփռվի աշխարհով մեկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter