HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունները` Ջավախքում. Ախալքալաքը կղեկավարի դատախազության աշխատակիցը, Նինոծմինդան` վրաց լեզվի ուսուցչուհին

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց` քվերակությանը մասնակցել է 1,6 մլն մարդ, տոկոսային հարաբերությամբ` ընտրողների 45,64 %-ը: 

Սամցխե-Ջավախքում ընտրողների մասկանցության համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել: 145 321 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 79 912 ընտրող: Դա ընտրողների թվի 55 %-ն է կազմում: Սամցխե-Ջավախքը մասնակցությամբ զիջել է միայն Ռաճա-Լեչխումի (60,2%) և Գուրիայի (58,5%) շրջաններին:

Ջավախքում երկու հայաբնակ քաղաքների քաղաքապետեր են ընտրվել իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուները: 

Ախալքալաքում ընտրություններին մասնակցել է 19971 ընտրող (52%): 70 ընտրատեղամասից դեռևս չեն ամփոփվել մեկ ընտրատեղամասի ձայները: Իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող շրջանային դատախազության աշխատակից Յուրիկ Հունանյանը, համաձայն արդյունքների, ընտրվել է` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 58%-ը: 

57-ամյա Յուրիկ Ունանյանը Բորժոմի շրջանի Չխարոլա գյուղում է ծնվել: Սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1991 թվականից մինչ օրս աշխատել է Ախալքալաքի շրջանային դատախազությունում, սկզբում` որպես քննիչ, այնուհետև դատախազի օգնական, շրջանի դատախազ, 2004-ից հետո` Ախալքալաք-Նինոծմինդա շրջանային վարչության դատախազ: 

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածություն առաջադրել էին 6 անձինք: Յուրիկ Ունանյանի մրցակիցն էր «Վրաստանի հայրենասերների ալյանս»-ից առաջադրված Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Վրաստանի նախորդ խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Վերջինս իր զբաղեցրած պաշտոններում քաղաքական իշխող ուժն էր ներկայացնում. սկզբում հարել է Մ. Սահակաշվիլու, այնուհետև Բ. Իվանիշվիլու կուսակցություններին, սակայն այս անգամ իշխող կուսակցությունը նրան չէր սատարում, և Սամվել Պետրոսյանը ներկայացնում էր «Վրաստանի հայրենասերների ալյանս»-ը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 33%-ը: 

«Վաշաձե-Միացյալ Վրաստան»-ին ներկայացնում էր Ռուբեն Մկրտչյանը, «Եվրոպական Վրաստան»-ը՝ Հարություն Ալեքսանյանը: Միակ վրացի թեկնածուն Մ.Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից էր` Զուրաբ Օզգեբիշվիլին, ով չի հաղթահարել նույնիսկ 1 %-ի շեմը: «Դեմոկրատական շարժում» ուժը ներկայացնում էր նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանը

Նինոծմինդայում առաջադրվել էր 4 թեկնածու: 11627 ընտրող է մասնակցել քվեարկությանը (55%):

Ձայների գերակշիռ քանակով` շուրջ 77%, քաղաքապետ է ընտրվել վրաց լեզվի ուսուցչուհի, Նինոծմինդային ռեսուրս կենտրոնի նախկին ղեկավար և շրջանային ժողովի պատգամավոր Անիվարդ Մոսոյանը

Ըստ վերջինիս կենսագրության, նորընտիր քաղաքապետն ավարտել է Երևանի տնտեսական-իրավական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Այնուհետև նաև Թբիլիսիի «Գաենաթի» հասարակական գիտությունների ինստիտուտը, մասնագիտությանբ հոգեբան է և վրաց լեզվի ուսուցիչ: 1994 թվականից մինչ օրս Նինոծմինդայի N3 հանրակրթական դպրոցում վրացերենի ուսուցիչ է: 2008-2009թթ. եղել է նույն դպրոցի տնօրեն: 2009-2013թթ. Նինոծմինդայի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել: 2014 թվականից մինչ օրս Նինոծմինդայի շրջանային ժողովի պատգամավոր է, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ:

Ախալցխայում հայ թեկնածու չէր առաջադրվել: Այստեղ ընտրվել է իշխող ուժը ներկայացնող Զազա Մելիքիձին:

Թբիլիսիում ընտրողների 51% քվեն հավաքել և քաղաքապետ է դարձել Կախա Կալաձեն: Նա Վրաստանի էներգետիկայի նախարարն էր` սկսած 2012 թվականից: Վրաստանի մնացյալ մեծ քաղաքներում, մասնավորապես` Փոթիում, Ռուսթավում, Բաթումում և Քութաիսում նույնպես քաղաքապետեր են դարձել «Վրացական երազանք»-ի թեկնածուները: 

Համաձայն մինչ այս պահը հրապարակած տվյալների` «Վրացական երազանք»-ը ողջ Վրաստանի տարածքում հավաքել ավելի քան 55% ձայն: Երկրորդ հորիզոնականում Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում»-ն է` ավելի քան 17 %: Երրորդ հորիզոնականում «Եվրոպական Վրաստան»-ն է` ավելի քան 10% քվե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter