HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ Ալիսա Քալանթարյանի ձայնադարանից

«Հետքը» շարունակում է ներկայացնել է «Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքը, որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները ներկայացնում են ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում: Դրանք ընդգրկում են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտում են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի ղեկավար Ալիսա Քալանթարյանի ձայնադարանը:

Հավանաբար ամեն ինչ սկսվել էր այն պահից հետո, երբ դպրոցում, երաժշտական դասի հերթական պարապմունքի ժամանակ նրա համադասարանցիներից մեկը՝ հետագայում հայտնի ջազային երաժիշտ Աշոտ Բզնունին, դաշնամուրով սկսեց մի երգ նվագել: Ալիսայի ուշադրությունն իսկույն սևեռվեց այդ անսովոր մեղեդու ուղղությամբ: «Ի՞նչ է սա»,- հարցրել է դասընկերոջը: «Կոչվում է «Միշել», խմբի անունն էլ «Բիթլզ» է, ամերիկյան ինչ-որ խումբ է,- պատասխանել էր նա ու քիչ հետո ինքն իրեն ուղղել,- չէ՛, չէ՛… անգլիական խումբ է, պարզապես ձայնապնակն ինձ Ամերիկայից են ուղարկել»:

Հետո Ալիսան լիվերպուլյան քառյակին բացահայտեց արդեն ազգային ռադիոյի՝ նման երաժշտությամբ այն ժամանակ ոչ այնքան հարուստ  եթերից:

«Իմ մանկության տարիներին գրեթե բոլորի տանը պատի ռադիո կար, և բոլորը լսում էին այն,- պատմում է Ալիսան:- Դեռ այն ժամանակ նրանից հնչող մեղեդիների մեջ ես որսում էի ինչ-որ բաներ, որոնք տարբեր էին և հնչում էին անսովոր, բոլորովին ուրիշ աշխարհներից: Ֆրենկ Սինատրա, Լուի Արմսթրոնգ և այլք, առաջին անգամ պատի ռադիոյից եմ լսել»:

Հետագայում այդ անսովոր անուններն ու երաժշտությունը պիտի ռադիոյից հնչեին նաև Ալիսա Քալանթարյանի ընտրությամբ և մեկնաբանություններով: Հեռուստատեսային և ռադիո բազմաթիվ հաղորդումների հեղինակ, վարող Ա. Քալանթարյանին հենց այդ անսովոր ու հետաքրքիր երաժշտությամբ էլ հիշում ու պատկերացնում են շատ-շատերը: Ոմանց համար նրա անունն ասոցացվում է կոնկրետ ժանրի կամ ուղղության հետ: «Այսօր նաև մի, այսպես ասած, միֆ պիտի քանդեմ,- կատակում է նա,- երկար ժամանակ հետաքրքրվելով 60-ականների բրիտանական երաժշտությամբ՝ ես հայտնի ռոք լսողի համբավ էի ձեռք բերել, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէր: Թեպետ իսկապես լսում էի՝ գլուխս թափահարելով, բայց երբ ինձ համար բացահայտեցի պրոգրեսիվ ռոքը, այն դարձավ իմ ամենասիրելի ուղղությունը այս երաժշտության մեջ: Ինձ համար ոչ միայն կարևոր են մեղեդին, գործիքավորումն ու մատուցումը, այլև՝ բովանդակությունը: Իսկ պրոգրեսիվ ռոքը բովանդակությամբ հիանալու հնարավորություն տալիս է: Ես մինչև հիմա էմոցիոնալ բուռն պոռթկումներով կարող եմ լսել «Ջետրո Թալլ»-ը, փիթերգեբրիելյան շրջանի «Ջենեսիսը», եղել է մի փուլ, որ շատ լսել եմ «Emerson, Lake & Palmer» և այլն»:

Նրա ձայնադարանում են նաև Փոլ Սայմընի, Թրեյսի Չեփմենի, Էլթոն Ջոնի որոշ շրջանների ալբոմներ, ջազ, ֆոլկ երաժշտություն, ֆրանսիական հայտնի ու անհայտ պոետ-երգիչների, անպայման՝ դասական, կամերային երաժշտության տարբեր գործեր և այլն:

Սովետական տարիներին դժվար էր արևմտյան ժամանակակից երաժշտությունը գտնելը: Լսելն արտասահմանյան որոշ ռադիոկայանների հեռարձակման շնորհիվ  հաջողվում էր, բայց երգի կամ հեղինակի անունը, երկաթե վարագույրի անտակ ծալքերում կարող էր մնալ՝ դրանց գտնելը վերածելով ոչ թե օրերի, այլ տարիների անարդյունք որոնման: Այդպես Ալիսան իր սիրած երգերից շատերը գտել է տասնյակ տարիներ անց:

«Սկզբում ես այդ երգերը հիմնականում լսում էի պատի ռադիոյով,- հիշում է Ալիսան:- Բայց հետո ինձ խորհուրդ տվեցին փնտրածս լսել մեծ ռադիոընդունիչներով: «Մոնտե Կառլո», այդպիսի մի ռադիոալիք կար, որը նոր ու շատ հետաքրքիր երգեր էր հնչեցնում: Ես արդեն հստակ գիտեի ժամերն ու սպասում էի, թե երբ է համերգը սկսվելու: Դաշնամուր էի պարապում, ու երբ այն սկսվում էր, անմիջապես փակում էի դաշնամուրի կափարիչը, բարձրացնում ռադիոընդունիչի ձայնը ու փակելով աչքերս` լսում էի՝ միաժամանակ պտտվելով կլոր աթոռիս վրա: Էդպիսի մի պտույտի ժամանակ հանկարծ երգեհոնի ձայն լսեցի: Եվ դա այն դասական երգեհոնը չէր, որը ականջիս արդեն հասել էր: Երգեհոնի անսովոր հնչյուններ և հետո ձայն… այդ ձայնը ես մինչև հիմա պաշտում եմ, որովհետև առաջինն էր, որ ինձ հասկացրեց՝ ուրիշ ձայներ էլ են լինում, ուրիշ երգեցողություն և հնչյունի ու գործիքի ուրիշ համադրություն: Ես բառացիորեն գամվեցի աթոռին: Դա «Procol Harum»«A Whiter Shade of Pale» երգն էր:

Դրանից հետո, ինչպես ինքն է ասում, գրեթե ամեն օր փնտրել է այդ երգն ու կատարողին: Ժամանակակից գերարագ ու հասանելի ինտերնետն անգամ հեռավոր երազներում հնարավոր չէր պատկերացնել: «Պատկերացրեք` երևի 80-ականներն էին արդեն, երբ ես իմացա, որ խմբի անունը  «Procol Harum» էր: Բայց այդ երաժշտության, այդ ուղղության (պրոգրեսիվ ռոք) հանդեպ իմ սերը սկսվեց հենց այդ երգից: Տարիներ հետո իմացա նաև (և շատ ուրախացա այդ փաստից), որ Էննի Լենոքսը ևս ռոք երաժշտությունն ընտրել է նույն երգն առաջին անգամ լսելուց հետո»:  

«Jethro Tull»՝  «Minstrel in the Gallery» (1975թ.):

«Այս խումբը, Իեն Անդերսոնը ինձ համոզել են, որ երաժշտությունը նրանց կոչումն է, մասնագիտությունն է, աշխատանքը, կյանքը,- մեկնաբանում է Ա. Քալանթարյանը:- Երբեք այս տարիների ընթացքում ես չեմ հանդիպել նրա անվան հետ կապված որևէ սկանդալային, պրոպագանդման նպատակով հնարված շոու-ներկայացման: Նա (Ի. Անդերսոնը) ինձ համար պարզապես պրոֆեսիոնալ երաժիշտ է՝ բարձրագույն մակարդակի: Լուրջ մարդ, ով բեմում կարող է շատ անլուրջ երևալ, բայց իրականում ուղղակի փայլել: Ինձ համար նա մնում է որպես էտալոն, երաժշտի խորհրդանիշ, ում համար երաժշտությունն իր ստեղծագործական կյանքն է՝ բառի մեծ իմաստով: Նրա դիսկոգրաֆիային ծանոթ երաժշտասերներն անպայման նկատած կլինեն, որ դրանք միմյանցից շատ տարբեր են՝ ջազային, բլյուզ-ջազային, ռոք, ֆոլկ, էլեկտրոնիկ հիմքերով և ուղղվածությամբ»:

Ալիսայի նախընտրած ջեթրոթալյան ստեղծագործություններն ամփոփված են «Minstrel in the Gallery» ալբոմում:

«Նա ինձ համար պաշտամունքային կերպար է երաժշտության մեջ»,- այսպես է եզրափակում 2-րդ անվան ընտրությունն Ա. Քալանթարյանը:

3-րդ անունն ընտրելիս Ալիսան նախազգուշացնում է, որ փոքր-ինչ անսպասելի է: Բայց անսպասելին սպասելի է դառնում, երբ նշում է, որ իր համար այս դեպքում էլ չափազանց կարևոր է եղել երգի բովանդակությունը:

«Ode To Billie Joe». առաջին անգամ այս երգն էլ ազգային ռադիոյի եթերից է լսել: Կիթառի սկզբնական՝ միալար թվացող հնչյունները կամաց-կամաց հյուսել են անսովոր հնչողությամբ մի պատմություն, որը կրկին ստիպել է իր ունկնդրին գամվել աթոռին ու կախարդված լսել մինչև վերջ: «Երգում էր Բոբի Ջենթրին՝ «Ode To Billie Joe»-ն,- պատմում է Ալիսան:- Սա երգչուհու առաջին հիթն էր: Ես հետագայում լսեցի և փոքր-ինչ ուսումնասիրեցի նրա այլ երգերը ևս, սակայն որքան էլ տարօրինակ է, այդպես էլ որևէ հաջողված բան չգտա: Բայց այս մեկը, որի մասին տեղեկություն ես դարձյալ մեկ ու կես տասնամյակ անց եմ գտել, ինձ համար շարունակում է մնալ լավագույն երգերից մեկը. որովհետև նրանում ինչ-որ գաղտնիք և անավարտություն կա»:

Ալիսան հատուկ շեշտում է, որ իրեն առավել հետաքրքիր են երգերը, որոնց մեջ պատմություններ կան, կերպարներ, իմաստուն մտքեր: Այդ առումով նա առանձնացնում է ֆրանսիական երգը: «Մեզ մոտ հիմնականում մակերեսային գիտեն այն՝  մի քանի անուններով և մի քանի հայտնի երգերով,- ասում է նա,- եթե հարցնելու լինեք, կթվարկեն  բնականաբար Ազնավուր,  Ադամո, Մատիե, միգուցե Ժակ Բրել, այն էլ՝ միայն «Ne me quitte pas »-ով…. Չէ՛, բայց դժվար Բրելին հիշեն: Ինձ համար ֆրանսիական երգը սկսվում է Ժորժ Բրասանսով. փառահեղ խոսքեր ունեն այդ երգերը: Բայց երաժշտական ձեր շարքում կուզենամ առանձնացնել  մի չափազանց հակասական կերպարի, ում երգերից մեկը ես կուզենայի տպել մի մեծ ազդագրի վրա ու փակցնել տարբեր կրթական հաստատությունների, դպրոցների տնօրենների, ինչպես նաև կրթության և գիտության նախարարության աշխատասենյակներում: Կարճ ասած՝ Ռենո. «Ու՞ր ենք գնում»  (C'est quand qu'on va où ):

Հինգերորդը, կամ ինչպես ինքն է ասում` հավերժականն ու միշտ առաջինը, Բախի երաժշտությունն է:

«Ես պաթետիկ խոսքեր չեմ ուզում ասել, բայց Բախն ինձ համար տիեզերք է, որը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: Այդպիսին է իր ողջ էությամբ խորալային պրելյուդներից մեկը, որը ընդամենն իր 2,5-3 րոպեի մեջ խտացրել է ոչ միայն տիեզերքը, այլև աշխարհի, մարդկային կյանքի հույզերն ու ապրումները: Ինձ համար կրկնակի երջանկություն էր, երբ այն լսեցի նաև Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմում: Անհուններից հնչող ձայնի է նման այս ստեղծագործությունը»:

Ալիսայի ձայնադարանը ևս մեկ անգամ վկայում է «երկաթե վարագույրների անզորության» մասին: Ձայնի մեջ ամփոփված հնչյունն ու նրա մտածողությունը հասել են անհասանելի հեռուներ: Բացի այդ, դրանք զտվում էին, հավանաբար՝ ըստ պարունակության: Ալիսան վկայում է, որ, այնուամենայնիվ, Հայկական ռադիոն, հետո նաև հեռուստատեսությունը  տարբեր անսամբլների համերգային ծրագրերից բացի` հազվադեպ, բայց գոնե երբեմն «կարելի»-ի մեջ հնարավոր ինչ-որ բաներ հնչեցնում էին: Որոնց անվանումներն ու հեղինակները, սակայն, անհայտ էին նաև այս ձայնադարաններին: Պատճառը տարբեր ճանապարհներով տեղ հասած երգի՝ մի քանի սերունդ վերաարտագրված ժապավեններն էին:

«Այդ փակ վիճակն իրականում այնպիսի էմոցիոնալ պահեր է հետագայում ինձ տվել, երբ դու լսում ես, պաշտում ես երգն ու երգչին, բայց կարողանում ես տեսնել նրան միայն տարիներ անց, և քո կյանքում, աշխարհում, միջավայրում և նույն երաժշտության մեջ միայն ահռելի փոփոխությունների միջով անցնելուց հետո»:

Լուսանկարները տրամադրել է Ալիսա Քալանթարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter