HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թոշակառու գնդապետին ասում են․«Լավ ենք արել, որտեղ ուզում ես գնա բողոքի, մեր դեմը խաղ չկա»

Թոշակառու գնդապետ Արմեն Գալստյանը, որի պատմությունը «Հետքը» ներկայացրել է, նորից է նամակ գրել նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա նախագահի աշխատակազմի ղեկավարներին խնդրել է իր նամակը չուղարկել Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե կամ ՀՔԾ, քանի որ այն, ինչպես նաև բազմաթիվ բողոքները, վերահասցեագրվում են նույն մարդկանց, ովքեր կատարել են հանցագործությունները։ «Այդ հանցավոր խումբն, արհամարհելով իմ բողոքները, ասում է․ «Լավ ենք արել, որտեղ ուզում ես գնա բողոքի, մեր դեմը խաղ չկա»»,-նամակում գրել է Ա․Գալստյանը։

Ստորեւ ներկայացնում ենք նամակը նույնությամբ․

«Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան,
Ճարահատյալ կրկին դիմում եմ Ձեզ՝ իմ հանդեպ կատարած ծանր հանցագործության վերաբերյալ։ Ես այդպես էլ չկարողացա հասնել արդարության և հստակ պատասխան ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից և ՀՔԾ-ից, Քննչական կոմիտեի տեղակալ Վ․ Հարությունյանի և դատախազության ՀԿԳ վարչության պետ Վ․ Մուրադյանի՝ իմ հանդեպ կատարած հանցանքների հետ կապված։ Ինձ զրկեցին իմ բոլոր սահմանադրական իրավունքներից։ 7 ամիս ինձ պահեցին անարդարության և ահաբեկչության մթնոլորտում։

Կարճ թվարկեմ իրողությունը փաստերով՝
2014 թ․-ի օգոստոսին ինձ կանչեցին Վլադ Մանգասարյանի քրեական գործով հարցաքննության, որպես վկա (ումից ես գնել էի բնակարան 154 քմ, 55 միլիոն 440 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որի գումարը վճարել եմ ամբողջությամբ, ինչպես նշված է նոտարի կողմից հաստատված նախնական առք և վաճառքի պայմանագրում, սակայն չեմ ստացել ոչ բնակարանը, ոչ էլ գումարը)։

Ես կարծեցի, թե ինձ կանչել են բնակարանի գնման վերաբերյալ մանրամասներ պարզելու, սակայն նրանք, ոչ միայն ինձ տուժող չճանաչեցին և այդ փաստի վերաբերյալ ոչ մի գործողություն չիրականացրեցին, այլ ունեին լրիվ այլ մտադրություններ։ Սկսվեց անհասկանալի հարցաքննությունների շարան։ 2014թ․-ի սեպտեմբերին կազմակերպեցին առերեսում հարցաքննություն իմ և ստախոս, իրենց խարդախ խմբի անդամ Կարեն Հովհաննիսյանի հետ։ Այդ ժամանակ նա ինձ հայտնեց, որ ինձ հետ ոչ մի կապ չունի, ինձ հետ ոչ մի խնդիր չունի։ Նա ականատես է եղել, թե ինչպես են իմ տղային գումար տալիս։ Հարցաքննությունից անմիջապես հետո Վ․ Հարությունյանի տեղակալ Ամբակում Գրիգորյանը իմ փաստաբանին հանում է դուրս և շատ լկտի կերպով ինձանից պահանջում է գումար, 70000 ԱՄՆ դոլար, որը ուղիղ այն գումարն է, որը ես նոր ստացել էի իմ հայրական տան վաճառքից՝ երեխաներիս տուն գնելու նպատակով, քանի որ ապրում են վարձով։ Ա․Գրիգորյանը ավելացրեց, որ իրենց դեմը խաղ չկա, որ այդ գումարը ես պիտի տամ, հակառակ դեպքում իմ տղային կկալանավորի և տղայիս վրա շատ ցուցմունքներ կան քրեական գործում։ Ճարահատյալ գումարը տվել եմ, քանի որ երեխաներիս շանտաժի են ենթարկել և գումարը խարդախությամբ վերցրել են։ 

Դրանից հետո ուղիղ 1 տարի 3 ամիս ինձ չեն անհանգստացրել և ոչ մի գործողություն չեն իրականացրել ոչ իմ, ոչ տղայիս հետ կապված՝ ճշմարտությունը բացահայտելու ուղությամբ։ 

2015թ․-ի դեկտեմբերի 18-ին գրավադրել եմ աղջկաս տունը, որպեսզի գնամ Միացյալ Նահանգներ բուժում ստանալու։ Ստացել եմ 35000 ԱՄՆ դոլար և մեկ տոմս եմ գնել դեկտեմբերի 26-ի համար 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պարզվեց, որ Քննչական կոմիտեի հանցագործները՝ Վ․ Հարությունյանի գլխավորությամբ, իրենց խարդարությունը շարունակելու նպատակով ինձ հետևում էին, և դետկեմբերի 23-ին ինձ կանչում են, որպես վկա հարցաքննության և առանց որևիցե մի հիմքի մեղադրանք են առաջադրում խարդախություն կատարելու համար և 2-րդ անգամ նույն թատրոնն են խաղում․ կանչում են ոստիկանական վերակարգ, հանում են ձեռնաշղթաներ և սպառնում տեղում կալանավորել։ Ինձանից պահանջել են 20000 ԱՄՆ դոլար, հակառակ դեպքում սպառնացել են տեղում տեղափոխել բանտ։ Կրկին ճարահատյալ վճարել եմ փրկագին, հակառակ դեպքում՝ վատառողջ լինելով Նոր տարին պիտի անցկացնեի բանտում։ Այդ դեպքի հետ կապված 2016թ․ի հունվարի 16-ին Ձեզ ներկայացրել եմ տեղեկանք։ Այդ տեղեկանքը հանձնարարությունով ուղարկվել է Աղվան Հովսեփյանին, ով հունվարի 29-ին կազմակերպել է անհեթեթ «շոու» (ինչպես արտահայտվեց հանցագործ քննիչ Բագրատ Ադամյանը, ով անհիմն գործ հարուցեց և գողացավ փողերը, ձայնագությունները հրատարակված են «Հետք» թերթում)։ Այդ շոուիի ժամանակ, որի մասին Ձեզ նամակով տեղյակ եմ պահել փետրվարի 3-ին, Ա․ Հովսեփյանը համոզվեց, որ գործը անհիմն են հարուցել, սակայն գործը կարճելու հրաման տալու փոխաարեն, հրաման տվեց գործը վերսկսել։ 2016 թ․-ի փետրվարի 11-ից մինչև 2016թ․-ի հուլիսի 8-ը, Վ․ Հարությունյանի գլխավորությամբ խարդախների խումբը տարբեր ստախոս վկաներ էին ներկայացնում, ուղորդված հարցաքննություններ էին կազմակերպում՝ ինձ վարկաբեկելու, նսեմացնելու և արժանապատվությունս ոտնահարելու նպատակով։ Մոտ երկու տարի բողոքելուց հետո և ՀՔԾ հաղորդում տալուց հետո, ՀՔԾ-ում «տաղանդավոր» և ոչ պակաս խարդախ քննիչ Վ․ Մինասյանը անհեթեթ հիմքերուվ մերժում է գործ հարուցելը։ Դրանից հետո դիմում եմ ՀՀ դատախազություն և ստանում եմ նույն անհեթեթ պատասխանը Վ․ Դոլմազյանից, որը ոչ մի կապ չունի իրավաբանության հետ և նորամուծություններ է մտցնում իրավաբանության մեջ։

Այժմ դիմել եմ դատարան, սակայն որևէ ակնկալիք չունեմ, քանզի նրանք գործում են նույն գործելաոճով, և բոլորը սարսափում են Վ․ Հարությունյանից և Վ․ Մուրադյանից։ Չնայած Գլխավոր դատախազությունում և Քննչական կոմիտեում Ձեր ելույթներին, որտեղ Դուք նշում եք, որ ամենակարևորը արդարությունն է, Դատախազության և Քննչական կոմիտեի վերը նշված անձիք շարունակում են նույն հանցագործ գործելաոճը՝ արհամարհելով բոլորին։

Այժմ պահանջում եմ արդարության վերականգնում։ Ինձանից խաբեությամբ տարած գումարները իմ երեխաների գումարներն են։ 6 անչափահաս երեխա մնացել է առանց տանիքի։ Խնդրում եմ հասկացնել Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի ղեկավարությանը, որ չի կարելի գողանալ 6 անչափահաս երեխաների ունեցվածքը և թոշակառու գնդապետին թողնել առանց բուժման։ 

ՀԳ․ Խնդրում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարներին տվյալ նամակը չուղարկել Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե կամ ՀՔԾ, քանի որ այն, ինչպես նաև բազմաթիվ բողոքները, որոնք ուղղել եմ ձեզ, վերահասցեագրվել են նույն մարդկանց, ովքեր կատարել են սույն հանցագործությունները։ Այդ հանցավոր խումբն, արհամարհելով իմ բողոքները, ասում է․ «Լավ ենք արել, որտեղ ուզում ես գնա բողոքի, մեր դեմը խաղ չկա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter