HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Օրենսդիր և գործադիր մարմինների դերերի փոխատեղումը

Կառավարության արդյունավետության, կամ ավելի ճիշտ անարդյունավետության մասին տեսակետները գնալով շատանում են,  սակայն նախկին կառավարություններից ոչ մեկն էլ արդյունավետ չի համարվել: Ստացվում է, որ կառավարությունների անարդյունավետությունը ոչ թե անձերի գործոնով է պայմանավորված, այլ ունի այլ՝ ավելի հիմնավոր, պատճառներ:

Իցխակ Ադիզեսը համարվում է բիզնեսի և պետական կառավարման արդյունավետության բարձրացման ժամանակակից, հեղինակավոր փորձագետներից մեկը: Նրա խորհրդատվություններից են օգտվում տարբեր երկրների կառավարությունները և խոշորագույն ընկերությունները: Նրա խորհրդատվություններից օգտվում են «Կոկա-Կոլա»-ն, «Վոլվո»-ն, «Բենկ օֆ Ամերիկան»-ը և այլն:

Նրա խորհրդատվությունները ոչ միայն գիտական, այլև փիլիսոփայական ու աշխարհայացքային բաղադրիչներից են բաղկացած: Ադիզեսը համարում է, որ պրոբլեմներն իրականում հնարավորություններ ու փոփոխությունների պատճառներ են, և միայն մահն է կանգնեցնում փոփոխությունների շրջապտույտը:

Ո՞րն է Հայաստանի կառավարման մեթոդաբանական և բովանդակային հիմնական խնդիրը, որի պատճառով բնակչությունը փախչում է Հայաստանից, իսկ մնացածները մտածում են նման հնարավորության մասին, եթե հետևենք Ադիզեսի մտքերին: 

Ըստ նրա՝ ցանկացած հիմնարկի կառավարման համար (իսկ պետությունը նույնպես հիմնարկ է), պետք են լավ որոշումներ և այդ լավ որոշումները պետք է արդյունավետ կերպով կյանքի կոչել: Ըստ նրա՝ որոշումներ ընդունելու համար լավագույն մեխանիզմը ժողովրդավարությունն է, երբ տեղի են ունենում մտքերի բախումներ, քննարկումներ, և արդյունքում ընդունվում են լավագույն որոշումները, իսկ այդ որոշումները կյանքի կոչելու համար լավագույն մեխանիզմը դիկտատուրան է. ընդունված որոշումներն այլևս քննարկման թեմա չեն, և յուրաքանչյուր օղակ պարտավոր է, առանց առարկությունների, կատարել հրահանգները: Եթե ավելի կոնկրետացնենք այդ մոտեցումը, ապա խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական կառույց, իսկ կառավարությունը՝ ճիշտ հակառակը` ուղղահայաց գործող կոշտ մեխանիզմ:

Հայաստանում ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Հայաստանում պառլամենտարիմզը, որպես այդպիսին, վերացված է, և որոշումներն արդեն «ընդունված» են բերվում խորհրդարան` ըստ որոշումներ ընդունող նեղ խմբի պատկերացումների և շահերի: Միակուսակցական համակարգը և ըստ այդ կուսակցության՝ «կլիենտներ» հանդիսացող ֆորմալ ընդդիմությունները, բնականաբար, կոսմետիկական դերակատարություն ունեն: Որոշումների կատարման փուլում ճիշտ հակառակ պատկերն է. որոշումների իրականացման փուլում չի գործում կառավարման մեխանիզմը, կամ այլ լեզվով ասած՝ չկա ուղղահայաց կարգապահությունը: Դրա պատճառները պետք է որոնել իշխանության ձևավորման մեխանիզմի մեջ:

Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների ժամանակ: Ովքեր ընտրությունների ժամանակ կարողանում են ապահովել անհրաժեշտ քանակությամբ ձայներ (եղանակները կարևոր չեն), նրանք էլ ստանում են տեղը խորհրդարանում, իսկ դրա դիմաց՝ իրենց ընտրատեղամասերում կամ ոլորտներում իրենց դիվեդենտները` ընդհանրական շահերի հաշվին: Նոր սահմանադրությունը փոփոխվել է հենց այդ երևույթն օրինական դարձնելու համար: Կուսակցական ցուցակները կազմում են կուսակցությունների ղեկավարները, իսկ տարածքային ցուցակներում հայտնվում են տեղական հեղինակությունները: Բնականաբար, կառավարությունը չի կարող արդյունավետ կերպով իրականացնել որոշումները: Պարզ է թե ինչու, որովհետև հրահանգներ չկատարողների «տանիքները» խորհրդարանում են և այնտեղ իրենց լռության և հնազանդության դիմաց՝ ստանում են տեղերում ամենաթողության հնարավորությունները: Բնականաբար, ոչ մի կառավարություն չի կարող նման պայմաններում լինել արդյունավետ:

Իրական կյանքում օրենսդիր և գործադիր մարմինները տեղերով փոխվել են` կառավարությունն օրենքներ է «ընդունում», իսկ խորհրդարանում՝ տեղական հեղինակություններն և կուսակցական ֆունկցիոներներն, այսինքն մոնոպոլիաների և տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Արդյունքում Ադիզեսի նկարագրած  արդյունավետ կառավարման ճիշտ հակառակ պատկերն է՝ օրենսդիր մարմնում դիկտատուրա է, իսկ գործադիր մարմնում դեմոկրատական, կամ ավելի ճիշտ ասած՝ անկառավարելի վիճակ է:

Հայաստանի համար կարևոր է Ադիզեսի մյուս սկզբունքը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր հիմնարկում, նաև պետություններում (պատահական չէ, որ նրա խորհուրդներին են դիմում կայացած երկրների կառավարությունները) կարևոր է հասկանալ այդ հիմնարկի գոյության նպատակը: Ըստ նրա՝ սխալ է այն պատկերացումը, որ հիմնարկի գերագույն նպատակը շահույթն է: Շահույթի գծապատկերը կամ կառավարության հաշվետությունների թվերը չեն կարող լինել գլխավոր նպատակը։ Նրանց իրական կոչումը  կլինետների կամ հասարակության պահանջմունքները բավարարելն է: Եթե այդ կոչումը իրագործվում է, ապա լինում է շահույթ: Հայաստանի կառավարման  համակարգը հակառակ տրամաբանությամբ է գործում, այն բավարարում է իր անդամների կարիքները, իսկ շահառուների կարծիքը կարևոր չէ և դրա հետևանքով է Հայաստանում ֆինանսների արտահոսք տեղի ունենում, իսկ նույն այդ կառավարության, խորհրդարանի ներկա կամ անցյալի դերակատարները իրենց ներդրումները դրսում են կատարում, ավելի արդյունավետ կառավարում ունեցող երկրներում: Այսինքն՝ օրենսդիր և գործադիր մարմինները ինքնանպատակ են` ցանկացած եղանակով եկամուտ ապահովել այդ մարմիններում ներգրավված անձանց, իսկ շահույթը ստանում են այլ երկրներում: 

Այս պարագայում անիմաստ է քննարկել կառավարության կամ քաղաքական համակարգի արդյունավետության հարցը: Ցանկացած կառավարություն Հայաստանում անարդյունավետ է լինելու, և նման համակարգերը, ըստ Ադիզեսի, խոսքերի, վերածվում են «չարորակ գոյակցությունների», այսինքն՝ ոչ թե կառավարման կամ խնդիրներ լուծելու մեխանիզմներ  են, այլ ճիշտ հակառակը` իրենք են հանդիսանում խնդիրներ ստեղծող հիմնական կառույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter