HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճաշ կամ ընթրիք գինեգործի ընտանիքում». եղեգնաձորցի գինեգործի բիզնես մոդելը

Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան

Եղեգնաձորի ծայրամասի նեղ փողոցներից մեկում միանգամից աչքիդ է զարնում փայտյա դարպասը, կարմրավուն քարերով պատերն ու կարասները։ Հետո զգում ես նոր ճզմած խաղողի հոտը. դարպասից ներս Արման Հախվերդյանի գինետուն-մառանն է:

Արմանը գինետունը կառուցել է 2013-ին՝ ընկերներին, բարեկամներին գինի հյուրասիրելու համար: Չի մտածել, որ մի օր սիրած զբաղմունքը կարող է վերածվել եկամուտ բերող աշխատանքի։

«Երբեք չէի պատկերացնում՝ ինչ ոլորտ եմ մտնում, տուրիզմի վերաբերյալ գաղափար չունեի, բայց որոշեցի կառուցել գինու հյուրասիրության սենյակ»,- պատմում է Արմանը: Գինեգործը բիզնեսի իր մոդելն անվանել է «Ճաշ կամ ընթրիք գինեգործի ընտանիքում»: Հիմնական այցելուները Վայոց ձոր ժամանած արտասահմանցի զբոսաշրջիկներն են:

Բիզնեսում տնօրեն-գինեգործը Արման Հախվերդյանն է, կազմակերպչական հարցերը կարգավորում է կինը՝ Սուսաննան, իսկ ավագ խոհարարի պատասխանատվությունը և «տան շերեփը» Արմանի մոր՝ Լիդա Ասատրյանի ձեռքերում են։ Նա հայկական ուտեստներ և սեփական բաղադրատոմսով գաթա է հյուրասիրում զբոսաշրջիկներին:

Արման Հախվերդյանը գինու մառան կառուցելու նպատակ երիտասարդ տարիներին է ունեցել, թողել է մշտական աշխատանքն ու կառուցել գինու համտեսի առաջին սենյակը: Հիմա մայրը, կինը, նույնպես աշխատանք ունեն, նույնիսկ անչափահաս երեխաներն են օգնում ՝ զբոսաշրջիկներին գինետուն ուղեկցում ու վարձատրվում:

Արմանն ասում է, որ Երևանից դուրս ևս կարելի է հաջողված բիզնես ունենալ, մշակել ու իրականացնել գաղափարներ։

«Երբ գործը սկսում էի, ծանոթների մի մասն ասում էր՝ Եղեգնաձորի վերին հատվածում ո՞վ պիտի գա ու գինի փորձի, էստեղ տուրիստ չի գա: Բայց ես հավատում էի, որ կկարողանամ»:

Գինու մառանի առաջին այցելուները եղել են հարևան գիշերակացներում հյուրընկալված զբոսաշրջիկները, նրանց առաջարկը լսելով էլ` որոշել է նաև ուտեստներ հյուրասիրել:

Գինու համտեսի առաջին սենյակը գինեգործն ու կինն են վերանորոգել, քանի որ շինարարները հրաժարվել են ժամանակատար աշխատանք անել։

«Առավոտ շուտ գնում էինք քարեր հավաքելու, բերում մանրացնում էինք, հետո քարերն, ամբողջ ընտանիքով իրար օգնելով, կպցնում սենյակի պատերին»,- ասում է Արմանը:

Նոր տաղավարներ կառուցելու համար երեխաների ննջասենյակներն են օգտագործել։ «Տաղավարները փոքր էին, տուրիստներն էլ մեծ խմբերով գալիս էին, ուստի որոշեցինք տղաների սենյակները գինու համտեսի ու հյուրասիրության սենյակ սարքել»,- ծիծաղելով պատմում է Արման Հախվերդյանը:

Գինետանը կարելի է համտեսել խաղողի, նռան և բալի գինի: Խաղողը գնում են գյուղացիներից, քանի որ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի հասցնում այգի մշակել։

«Եթե սեփական այգու խաղողը լիներ, վատն էլ լիներ, գինի էի սարքելու, հիմա ավելի լավ է՝ գնում եմ այն մթերքը, որն ավելի լավն է»,- ավելացնում է Արմանը:

Գինու պատրաստման համար հատուկ սարքավորումներ չեն օգտագործում, իսկ ամեն անգամ նռան գինի սարքելուց հետո խոհանոցը վերանորոգում են։ «Նռան գինին կինս է պատրաստում: Մի օր տուն եկա, տեսա խոհանոցի բոլոր պատերը կարմիր են, կինս նուռը մուճով ճզմել էր, ու պատերը  կարմիր գույնով ներկվել էին»,- ծիծաղելով հիշում է գինեգործը:

Արմենը նաև չրի բիզնես է հիմնադրել: Ասում է՝ բիզնեսը բիզնես է ծնում: Ծիրանի, սալորի, դեղձի չրերի մշակմամբ կինն է զբաղվում, չրերի մի մասը նաև արտահանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter