HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ-ի քննչական վարչության պետը պղինձ և բազալտ է որոնում

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին արդեն իրենց ոլորտը չի բավարարում։ Նրանք ներգրավվում են բիզնեսի զանազան ոլորտներում։ Իրավապահներին  «հրապուրել է» նաեւ հանքարդյունաբերությունը։  Նրանցից ոմանք դեռ թանկարժեք մետաղներ են որոնում, մյուսներն արդեն արդյունահանում են:

Նախորդ տարվա նոյեմբերին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետի պաշտոնում նշանակված արդարադատության փոխգնդապետ Մարատ Դուրյանը ևս ներգրվված է հանքարդյունաբերությունում:

Էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների նախարարի այս տարվա փետրվարին կայացրած երկու հրամաններով` արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն է տրվել «Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ին: Մի դեպքում թույլատրվել է Տավուշի մարզի Կառնուտի հանքերևակման տեղամասում՝ 153,4 հա տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու աշխատանքներ կատարել, մյուս դեպքում՝ դարձյալ արդյունահանման նպատակով իրականացնել երկրաբանական ուսումնասիրություններ այս անգամ արդեն Կառնուտ-Սառնաղբյուրի պղինձ-բազմամետաղային հանքային դաշտում:

Բնապահպաններն ահազանգում են, որ ուսումնասիրվող տարածքի մոտ 20%-ն անտառածածկ է և տարածքում է հայտնվել նաև Դիլիջանի կազմի մեջ մտած Հաղարծին գյուղը: Նախորդ տարի` աշնանը, Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպված հանրային լսումների ժամանակ բնապահպաններն ահազանգում էին, որ տարածքում կան նաև կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներ, որոնց գոյությունը վտանգվում է:

«Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. օգոստոսի 24-ին: Բաժնետերերը երկուսն են՝  Մարատ Դուրյանը և Երվանդ Հովսեփյանը: Մարատ Դուրյանին է պատկանում ընկերության բաժնեմասի 90%-ը: Իսկ 10% բաժնեմաս ունեցող 30-ամյա Երվանդ Հովսեփյանը զբաղեցնում է նաև  ընկերության տնօրենի պաշտոնը:

Մարատ Դուրյանը հանքարդյունաբերության ոլորտ մուտք է գործում միանգամից 2 ընկերություններով: 2016թ. սեպտեմբերի 8-ին հիմնել է նաև «Բազալտ Մայնինգ» ՍՊԸ-ն:

Այդ ընկերությունում Մարատ Դուրյանն ու Երվանդ Հովսեփյանը 50/50 բաժնեմաս ունեն:

Ըստ կառավարության կայքում հրապարակած տեղեկատվության՝ «Բազալտ Մայնինգ» ՍՊԸ-ն այս տարվա հունվարի 10-ին, 3 տարի ժամկետով, ստացել է Գեղարքունիքի մարզի Լիճքի բազալտի երևակման «Քարադան» տեղամասում արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն:

Մարատ Դուրյանի գույքն ու դրամական միջոցները

ՊԵԿ քննչական վարչության պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի ու եկամուտների հայտարարագիր:  Պաշտոնյայի նշված ժամանակահատվածում առկա եկամուտը կազմել է 6 մլն 286 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաև՝ 20 000 ԱՄՆ դոլար, որը գոյացել է վերցրած վարկից:

Մարատ Դուրյանն ունի 2 հողամաս, մեկ առանձնատուն:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հայտարարագրել է 24 մլն դրամ, 274 հազար դոլար և 53 հազար 750 եվրո:

Նշենք, որ մինչև ՊԵԿ-ում աշխատելը Մարատ Դուրյանը զբաղեցնում էր քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը: Նա ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի ազգականն է:

«Հետք»-ն արդեն հրապարակել է  հանքարդյունաբերությամբ զբաղվող Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի մասին հոդվածը: Պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԱՆԻ-ԿՎԱՐՑ» ՍՊԸ-ները, որտեղ Դավիթ Սուքիասյանն ունի 100% բաժնեմաս: Նշված բոլոր ընկերությունները ստացել են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter