HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն առաջարկում է զորակոչը ԶՈՒ Գլխավոր շտաբից փոխանցել Պաշտպանության նախարարությանը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այն քննարկվել է անվտանգության խորհրդի նիստում, ապա՝ կառավարությունում և խորհրդարանական լսումների ժամանակ։

«Մի քանի նպատակ է հետապնդում նախագիծը, որպեսզի 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած նոր իրավահարաբերությունները  արտացոլված լինեն օրենսդրական դաշտում, ինչպես նաև նոր քաղաքականությունների ներդրման համար իրավական հիմքերի առաջացումը»,-ասաց նա։

Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ այն կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ այս առաջարկվող փոփոխության՝ Զինված ուժերը գտնվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո:

 «Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:

 Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում»,-ասված է նախագծում։ («Պաշտպանության մասին» օրենք, հոդված 16):

Նախագծում նշվում է նաև, որ ՀՀ կառավարության առաջարկությամբ խորհրդարանը կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում (հոդված 6):

Փոփոխություններից մեկն էլ այն է, որ զորակոչը  ԶՈՒ Գլխավոր շտաբից փոխանցվելու է Պաշտպանության նախարարությանը։

Նախարարի խոսքով՝ զորակոչի փոխանցումը Գլխավոր շտաբից ՊՆ-ին լայն մոտեցում է արտացոլում:

Նախարարը խոսեց նաև կամավորականության սկզբունքի մասին․

«Կամավորականության հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիներին մեր բանակաշինությունը և ապրիլյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և լիարժեք պետք է իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ։ Նախագծում թողել ենք հստակեցում՝ նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել մեր այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում»,-ասաց նախարարը։

Ըստ Սարգսյանի՝ փոփոխության նպատակն այն է, որ կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավորության կատարմանը, ըստ որի՝ եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր զինկոմիսարիատի կողմից տրված առաջադրանքով՝ ներկայանա նշված վայր՝ նշված պահի:

«Մոտեցումը մեկն է՝ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է: Բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ, և տալ իրավական կարգավորում, որպեսզի քաղաքացին լիարժեք օգտվի ԶՈւ կարգավիճակից»,-նշեց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանձնաժողովին էր ներկայացրել առաջարկություն, ըստ որի՝ ԶՈՒ գնումները տեղական արտադրողներից յուրաքանչյուր տարի ավելանան նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առվազն 2 տոկոսի չափով։

«Հիմնավորման կարիք էլ չկա, մենք ասում ենք հետևյալը, որ հայկական բանակը իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից՝ այդ կերպ զարգացնելով նաև մեր տնտեսությունը: Առաջարկում ենք, որ դա ամրագրվի օրենքով»,-ասաց Մարուքյանը։

Վիգեն Սարգսյանը, սակայն, դեմ էր առաջարկությանը՝ որակելով այն որպես ոչ նպատակահարմար։

«ԶՈՒ-ն թիկունքային ապահովման իրենց գնումները մեծամասամբ կատարում է տեղական արտադրողներից և օրենքով ամրագրման կարիք չկա, ինչ վերաբերում է սպառազինության գնումներին,  մենք հետապնդում ենք որակ և ադյունավետություն սկզբունքները»,-ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ այնպես չէ, որ իրենք դեմ են տեղական արտադրողների հետ համագործակցությանը, պարզապես գտնում են, որ օրենքով նման կետ ամրագրելով ոչ արդյունավետ դաշտ կստեղծվի։ Մարուքյանն ընդգծեց, որ եթե ՊՆ-ն այս առաջարկին դեմ է, նշանակում է, որ կառավարությունն էլ դեմ կլինի «Գնումների մասին» օրենքում նման փոփոխությանը։

Առաջարկությունը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացավ։

«Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն արժանացավ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկելով լիագումար նիստի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter