HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվում հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Ողջունելով հյուրին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով ևս մեկ անգամ շնորհավորել է Միաբանության 300-ամյակի առթիվ՝ ընդգծելով այն անփոխարինելի և հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝աշխարհին հայտնի դառնալով որպես հոգևոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն: Նախագահի խոսքով՝ երեք դար առաջ հայ մտքի հոգևոր հսկա Մխիթար Սեբաստացու հիմնած հաստատությունը Սուրբ Ղազար կղզում գործունեություն սկսելու պահից ի վեր բացառիկ մեծ ավանդ է ներդրել հայապահպանության գործում, որի վկայություններից են Միաբանության վանական համալիրում պահվող՝ հայ մշակութային ժառանգության մաս կազմող բազմաթիվ ձեռագրերն ու մատյանները, որոնք նաև համաշխարհային քաղաքակրթության նմուշներ են: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ Իտալիա և Ավստրիա իր այցելությունների ընթացքում աշխատում է բաց չթողնել առիթը և մեծագույն հաճույքով այցելում է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության հաստատություններ:

Նախագահն անհրաժեշտություն է համարել, որպեսզի Միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ ցանկացած դժվարություն, առաջացող խնդիրներ հնարավոր է լուծել միայն Հայաստան-սփյուռք սերտ համագործակցությամբ, որի պատրաստակամությունը երկուստեք կա: 

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգևոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը:

Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ և քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով, որ հայրենիքի ամուր թիկունքը մշտապես զգալը շատ կարևոր է: Նա ջերմությամբ է հիշել Նախագահի այցելությունները Միաբանության հաստատություններ և հույս հայտնել, որ նման առիթներ առաջիկայում ևս կլինեն: «Միասնաբար, ձեռք ձեռքի տված միաբանությունն իր անդամների և նաև բարեկամների հետ Ձեր՝ մեծարգո՛ նախագահ և Վեհափառ Տիրոջ բարձր հովանու ներքո պետք է ջանա 300-ամյակի հոբելյանական տարին պատշաճ անցկացնել»,- նշել է Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Թուրքիայի հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր:

Մեկնաբանություններ (1)

նրա՞նց ով էր արգելում մասնակցել Մարդու թաղմանը...
Բաղրամյան 26-ը Էռնեկյանին Ազգային հերոսի կոչման է արժանացնում, իսկ Լևոն Հայրապետյանի մահվան առիթով մի ցավակցական հեռագիր էլ չի հղում: Էդ ո՞վ է գծել բարեգործության սահմանագիծը: Բ26-ը չի ցավակցում հերիք չէ, Մարդու հուղարկավորման օրը մասնակցում է 30 տարի առաջ սպառված անհամ «կատակերգուի» հոբելյանական երեկոյին: Իսկ Մոսկվայում Մարդու հուղարկավորմանը տեսնում ենք միայն Բակո Սահակյանին ... Հրեաները երբե՛ք «անտեր մեռել»-ի տեսարան թույլ չէին տա: Ռուսաստանաբնակ հայազգի մեծահարուստ բարերարներին ո՞վ է արգելել մասնակցել Մարդու հուղարկավորման արարողությանը, որ ներկա չէին: Գրոշ չարժեն «ավրորաներն» ու «պիցցայանոց»-ական ներդրողները... ՀՀ-ում էլ մեծահարուստ բարեգործներ կան, նրա՞նց ով էր արգելում մասնակցել Մարդու թաղմանը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter