HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ոստիկանությունն առաջարկում է ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով հաշվառել ԴՆԹ բնութագրերը

Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ոստիկանության մասին» օրենքում և համապատասխանեցնել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց Ոստիկանության ներկայացրած լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է 2015 թվականի սահմանադրական հանրաքվեով։

 Նախագծով առաջարկվում է խմբագրել օրենքի 5-րդ հոդվածը հետևյալ կերպ.

«Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու արժանապատվությունը, կյանքի, պատվի ու բարի համբավի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը, ինչպես նաև մյուս իրավունքներն ու ազատությունները: Ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումները թույլատրելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում»:

Առաջարկվում է նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և  անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ:

Նախագծում նշվում է, որ հաշվառման ենթակա են հանցագործության դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձանց և մեղադրյալից ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերցված նմուշներից դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը:

«Փորձագիտական հիմնարկները, դատագենետիկական փորձաքննությունն ավարտելուց հետո, 5-օրյա ժամկետում պարտավոր են էլեկտրոնային եղանակով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոստիկանությանը տրամադրել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը»,-ասված է նախագծում։

Նախագծում նշվում է նաև, որ ԴՆԹ բնութագրերը պահվում են 80 տարի ժամկետով, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում: Եթե դեպքի վայրից վերցված քրեական գործով չպարզված անձի ԴՆԹ բնութագիրը նույնացվում է քրեական գործի քննությամբ հետագայում պարզված և հանցագործության մեջ չմեղադրվող անձի հետ, ապա այդ մասին ոստիկանությունում տեղեկատվություն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տվյալ ԴՆԹ բնութագիրը ոչնչացվում է:

«ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման և հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է»,-շեշտվում է արձանագրությասն մեջ։

Նախագծի հարակից զեկուցող, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, որ օրենքում արտառոց փոփոխություններ չկան, միայն պայմանավորված է 2015-ի սահմանադրական հանրաքվեով, ուստի առաջարկեց կողմ քվեարկել։

Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանն ու ընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter