HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի տրանսպորտը. ե՞րբ կիրականանան Տարոն Մարգարյանի նախընտրական խոստումները

Շուրջ մեկ տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին, Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց եվրոպական չափանիշներին համապատասխան երթուղային տրասնպորտի` մեկ միասնական օպերատոր ներդնելու և մայրաքաղաքում երթուղային «գազելներ» չշահագործելու մասին։

«Մեր նպատակն է, որ Երևան քաղաքում ունենանք միասնական տոմս և լինի մեկ օպերատոր, այսօր մենք ունենք 65 օպերատոր։ Մեր ժողովրդի ասած՝ 65 գծատերեր, իսկ մեր առաջարկն  է, որ Երևան քաղաքն ունենա մեկ օպերատոր, և այստեղ Երևան համայնքն ունենա իր բաժնեմասը»,-մասնավորապես ասել էր Մարգարյանը։

«Հետք»-ի հարցին, թե որ փուլում են միասնական օպերատորի ներդրման աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են․ «Միասնական օպերատորի ներդրման աշխատանքների սկիզբը կարող է ազդարարվել երթուղային նոր ցանցի նախագիծը, չափորոշիչներն ու հիմնական սկզբունքները հանրությանը ներկայացնելու՝  հանրային քննարկման դնելու և բնակչության հավանությանն արժանանալու արդյունքում»։

Միասնական երթուղային օպերատոր ներդնելու հարցը ներառված էր նաև Երևանի ավագանու՝ այս տարվա մայիսի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրում։

Հնգամյա գործունեության ծրագրում նշվում է. «Ապահովել հասարակական տրանսպորտի միջազգային չափանիշներով սպասարկման ծառայությունների մատուցում՝ կազմավորելով նոր օպերատոր»։

Նկատենք, որ երթուղային տրանսպորտի բարելավման մասին նշվում էր նաև Տարոն Մարգարյանի նախորդ՝ 2013-2017 թվականների նախընտրական ծրագրում։ 

2017 թվականի ապրիլի 28-ին Երևանի Կենտրոն համայնքում բնակիչների հետ նախընտրական հանդիպումից հետո Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը միասնական օպերատորի ներդրման հարցով աշխատանքներ է սկսել միջազգային խորհրդատու ընկերության հետ, որն էլ հունիսին ամբողջ փաթեթը  ներկայացնելու է քաղաքապետարանին, ուստի հնարավոր կլինի վերջնական լուծում տալ։

Մեր  հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել, թե որ ընկերությունն է խորհրդատվություն իրականացրել, որքան գումար է առաջարկվել ներդրում անելու համար, և արդյոք ամբողջական փաթեթը պատրաստ է: Երևանի քաղաքապետարանից պատասխանել են․ «Վերջին փուլում է հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքը, որի ավարտը նախապես պլանավորված էր հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն արդյունավետ ցանցի մշակման համատեքստում, «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի» ընտրանքային կրկնողական ուսումնասիրության կարիք առաջացավ, որը բերեց ժամանակացույցի որոշակի փոփոխության։ Միջազգային խորհրդատու WYG International ընկերության կողմից իրականացվող երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներն իրենց մեջ ներառում են նաև քաղաքային տրանսպորտի բոլոր ձևերի արդյունավետ փոխհամագործակցության, ավտոպարկի արդիականացման, ընդհանուր սպասարկման որակի բարելավման, կանգառների արդիականացման, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրման առաջարկների փաթեթի ներկայացում»։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ ֆինանսական հոսքերի շրջանառության արդյունավետության և թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվում է ներդնել միասնական էլեկտրոնային քարտային համակարգ։

«Աշխատանքների արդյունքները հրապարակվելու ու դրվելու են հանրային քննարկման և լսումների։ Գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ գործում է հասարակական տրանսպորտի բարեփոխումների էլեկտրոնային հարթակը, որի միջոցով շահագրգիռ յուրաքանչյուր քաղաքացի կամ կազմակերպություն կարող է ստանալ գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկատվություն և ներկայացնել իր առաջարկություններն ու դիտողությունները։ Հանրային լսումների և բնակչության հավանությունը ստանալու արդյունքում, բարեփոխումների փաթեթը վերջնական և ամբողջական տեսքի բերելուց հետո, 2018 թվականի սկզբում կսկսվի բարեփոխումների գործնական փուլը, որի արդյունքում ակնկալվում է 2018 թվականի ավարտին մայրաքաղաքում արդեն իսկ ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ»,- ասված է պատասխանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter