Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Պաշտոնական տեղեկագիր չընթերցող բռնագաղթված անձինք կարող են զրկվել կենսաթոշակից



Ադրբեջանից 1988-1992 թվականներին բռնագաղթած անձանց եւ 1992 թ.-ին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանվածների աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողովի գործունեությունը 2016 թ․-ի դեկտեմբերի 31-ին դադարեցվել է: Հանձնաժողովը Կառավարությունն ստեղծել էր 2009 թ․-ի հուլիսի 23-ի N 907-Ն որոշումով այն անձանց համար, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով:

Ստաժ սահմանող հանձնաժողովը, Կառավարության որոշման համաձայն, պետք է գործեր մինչեւ 2011 թ․-ի դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո հանձնաժողովի գործունեության ժամկետը Կառավարությունը երկարաձգել է եւս 4 անգամ, եւ վերջին որոշումով ժամկետը սահմանվել էր մինչեւ 2016 թ․-ի դեկտեմբերի 31-ը: Սակայն, դա չի նշանակում, որ շահառուներն արդեն սպառվել են:

2017 թ. հունվարից  Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանի ներկայացուցչություն է դիմել 10 քաղաքացի, որոնց կենսաթոշակ նշանակելու դիմումը մերժել են սոցապ նախարարությունում: Նրանց մերժել են, որովհետեւ աշխատանքային գրքույկում բացակայում է Կառավարության  2009 թ․ թիվ 907-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կատարած գրառումը կամ աշխատանքային ստաժը հաստատելու մասին որոշումը:

Նրանցից ոմանց, միգրացիոն պետական ծառայությունից ուղղորդել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) hայաստանյան ներկայացուցչություն, որը ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների եւ միգրացիայի վարչության տրամադրած դրամաշնորհով անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում հակամարտություններից տուժած եւ տեղահանված անձանց, ներառյալ՝ Սիրիայի Արաբական հանրապետությունից Հայաստան տեղափոխված սիրիահայերի, ինչպես նաեւ Ադրբեջանի ԽՍՀ-ից, ԼՂՀ-ից, ԼՂՀ-ի Թալիշի տարածաշրջանից տեղահանված անձանց:

Նկատի ունենալով, որ այս խնդիրն ունեցող անձանց թիվը կարող է աճել ապագայում, ABA-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանը դիմել է Հայաստանի վարչապետին, արդարադատության նախարարին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, միգրացիոն պետական ծառայության պետին` խնդրելով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը կամ ներկայացված անձանց համար առանձին որոշումով հաստատել` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունում աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը:

«Քանի որ հանձնաժողովի գործունեությունը դադարեցվել է 31.12.2016 թ.-ին, հետեւաբար, աշխատանքային ստաժի հաստատման միակ հնարավոր միջոցը մնացել է դատական կարգով հաստատելը: Սակայն այդ դեպքում այլ խնդիրներ են առաջանում, մասնավորապես, կապված դատական ժամկետների, դատական ծախսի, դատարաններին ծանրաբեռնելու եւ այլնի հետ: Ծրագիրն ավարտվելուց հետո անվճարունակ անձանց համար դատական կարգով ստաժ հաստատելը կարող է դառնալ անհասանելի, որովհետեւ հնարավոր է նաեւ նման խնդրով անձինք չհամապատասխանեն անվճար հանրային պաշտպան ստալանու չափորոշիչներին»,- հայտնել է տնօրենը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը 2017 թ.-ի ապրիլի 26-ի պատասխան գրությամբ հայտնել է, որ մոտ 7,5 տարի գործելուց հետո հանձնաժողովի գործունեությունը շարունակելը կամ նոր հանձնաժողով ստեղծելը նպատակահարմար չէ: «Հանրապետության տարբեր շրջանների քաղաքացիների համար եւս առկա է աշխատանքային ստաժը հաստող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության խնդիր, որը լուծվում է դատական կարգով»,- հայտնել է փոխնախարարը: 

Կազմակերպության աջակցությամբ նախկին ադրբեջանաբնակ երկու քաղաքացիներ արդեն դատական կարգով վերականգնել են իրենց կենսաթոշակի իրավունքը:

Նրանցից մեկը` Երեւան քաղաքում բնակվող Նորա Կարապետյանը, դեռեւս հանձնաժողվի գործունեության ընթացքում, 19․12․2016 թ·-ին էր դիմում ներկայացրել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի  Շենգավիթի տարածքային բաժին՝ խնդրելով նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ: Բաժնի պետի գրությամբ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Ն. Կարապետյանի աշխատանքային գրքույկում բացակայում է ստաժը հաստատող հանձնաժողովի գրառումը: Սակայն, նրան չեն տեղեկացրել, որ պետք է դիմի ստաժի հարցը քննող հանձնաժողովին, որպեսզի վերջինս իրականացներ ստաժի հաստատման  իր լիազորությունը:

Վարչական դատարանը վճռում արձանագրել է, որ Ն․ Կարապետյանը հանձնաժողովին չի դիմել պետական մարմինների անգործության հետեւանքով:

Դատարանում ֆինանսների նախարարությունը ներգրավվել է որպես երրորդ անձ եւ դատաքննության ժամանակ առարկել է հայցի դեմ՝ ասելով, թե Կառավարության 2009 թ․-ի թիվ 907 որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, ուստի անհիմն է հայցվորի պնդումը, թե չի իմացել այդ որոշման մասին:

Կառավարության թիվ 907 որոշումով` «Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմը եւ մարզպետարանների աշխատակազմերը»:

Դատարանի պահանջով տարածքային կառավարման եւ սոցիալական ապահովության նախարարություններից տեղեկացրել են, որ Նորա Կարապետյանը չի իրազեկվել կառավարության թիվ 907-Ն որոշման մասին:

Դատարանը հիմնավոր չի համարել ֆիննախի ներկայացուցչի առարկությունը: «Տարածքային կառավարման նախարարը, սոցիալական ապահովության նախարարը եւ մարզպետները պարտավոր են եղել ապահովել նշված հանձնաժողովի գործունեության մասին Ադրբեջանից բռնագաղթած եւ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց իրազեկումը: Կառավարությունը համարել է, որ տվյալ դեպքում չպետք է շարժվել այն կանխավարկածով, որ բռնագաղթված անձինք պաշտոնական տեղեկագրերի միջոցով տեղեկացված պետք  լինեն ենթաօրենսդրական ակտ հանդիսացող իր որոշման մասին եւ հանձնարարել է համապատասխան մարմիններին ապահովել նրանց իրազեկումը, որպեսզի վերջիններս հնարավություն ունենան իրացնելու հանձնաժողովին  դիմելու եւ ստաժը հաստատելու իրենց իրավունքը: Հայցվորը պնդում է, որ տեղյակ չի եղել հանձնաժողովի գործունեության մասին: Հայցվորը չի կարող զրկվել կենսաթոշակից միայն այն պատճառով, որ այդ մարմինները չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները»,- ասվում է վճռի պատճառաբանական մասում:

Հայցվորի միակ ապացույցը աշխատանքային գրքույկն է, որի մեջ ՀՀ փախստականների սոցիալական ապահովության պետական վարչությունը գրառել է, որ հայցվորը 20․07․1969 թ.ից մինչեւ 1992 թ․-ն աշխատել է Շահումյանի շրջանի պահածոների գործարանում: Այդ փաստը դատարանը հիմնավորված է համարել վկաների ցուցմունքներով, որոնք նրա հարեւանությամբ են ապրել Ադրբեջանում:

Դատարանը 2017 թ·-ի հոկտեմբերի 5-ին կայացրած վճռով Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին պարտավորեցրել է Նորա Կարապետյանին կենսաթոշակ նշանակել` 1969-1992 թթ·-ին աշխատած ստաժի հաշվառմամբ, սկսած 19․12․2016 թ․-ից: Այսինքն այն օրից, երբ նա դիմել է կենսաթոշակ ստանալու համար:

ABA-ի աջակցությամբ դատական կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնած մյուս շահառուն` Էլլա Շահումյանը, նույնպես դատարանում հայտնել է, որ 1978-1988 թթ.-ը աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ-ի Շեքի քաղաքի թիվ 8 Նեկրասովի անվան ռուսական միջնակարգ դպրոցում: Հանրահայտ դեպքերից հետո առանց փաստաթղթերի տեղափոխվել է Հայաստան, ուստի հնարավորություն չունի Ադրբեջանի տարածքում մնացած փաստաթղթերը, տվյալ դեպքում, աշխատանքային ստաժը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալ կամ վերականգնել:

Ամուսինը, 1989թ.-ին վերադարձել է Շեքի քաղաք, որպեսզի վերցնի փաստաթղթերը եւ անձնական իրերը, սակայն ոչինչ չի հայտնաբերել: Դատախազությունը 1989 թ.-ին վերջինիս տրամադրել է քրեական գործով տեղեկանք, որի համաձայն նա տուժող է ճանաչվել: Նրա ուսուցիչ լինելու փաստը հաստատել են նախկին աշակերտները` դատարանում վկայելով, որ Էլլա Շահումյանը եղել է իրենց առաջին ուսուցչուհին: Դատարանը վճռով հաստատել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որ Է. Շահումյանը 1978-1988 թթ.-ը աշխատել է Ադրբեջանի ԽՍՀ-ի Շեքի քաղաքում թիվ 8 Նեկրասովի անվան ռուսական միջնակարգ դպրոցում, որպես ուսուցչուհի: 

ABA-ի իրավաբան Քրիստինե Գալստյանը հայտնեց, որ դատարան դիմելու համար եւս 4 հայց են նախապատրաստում: Բացի այդ, տարբեր բնակավայրեր այցելության ժամանակ հանդիպել են Ադրբեջանից բռնագաղթած կենսաթոշակային տարիքի անձանց, որոնք առաջիկայում առնչվելու են այս խնդրին: Սակայն, նրանք անտեղյակ են թե' հանձնաժողովի գոյության, թե դրա գործունեության դադարեցման մասին:     


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ