HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Alluria օրգանական գինի. «Լավ գինու խաղողը հողի հետ կռիվ տված խաղողն է»

Կարմրահյութ և հաղթանակ տեսակի խաղողներից Էջմիածնում պատրաստում են Alluria («Ալլուրիա») կարմիր գինին: Արտադրողներն ասում են, որ այն դեռևս միակ հայկական գինին է, որը պատրաստվում է առանց կոմերցիոն խմորիչների և սուլֆիտների:

«Շշալցված, պիտակավորված, խցանված գինիների մեջ մեր գինին, այո, միակն է: Բայց տնային գինեգործության մեջ, հավանաբար, մարդիկ ևս մեզ պես են պատրաստում»,- ասում է արտադրողներից մեկը՝ Սամվել Մաչանյանը

Իհարկե, նա նշում է, որ կոմերցիոն խմորիչներ չօգտագործելը կարող է վնասել և փչացնել ամբողջ գինին, և այն կարող է քացախանալ, սակայն մինչ օրս նման բան դեռևս չի եղել:

«Մեզ մոտ բացարձակ վայրի խմորում է։ Այսինքն՝ մեզ մոտ խաղողն այգուց գալիս է գործարան, մենք իրականացնում ենք խաղողի մանրակրկիտ զննում,  հատ-հատ ընտրում ենք։ Մենք թողնում ենք, որ վայրի խմորիչներն իրենց գործն անեն։ Դա շատ մեծ ռիսկ է, իհարկե, քանի որ տարբեր խմորիչներ կարող են աշխատել: Բայց մենք էդ ռիսկին գնում ենք, որովհետև մեր ամբողջ նպատակը տրադիցիոն գինեգործությունն է, այն գինեգործությունը, որը որ մեր պապիկն է մեզ սովորեցրել»,- ասում է նա։

Գինու արտադրությամբ Մաչանյանների ընտանիքը զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ: Դեռևս Վանում Սամվելի պապի պապերը խաղողի մեծ այգիներ են ունեցել: Նա ասում է, որ գինու արտադրությունն իրենց ընտանիքի անբաժան մասն է կազմում:

«Ես ինձ ինչ հիշում եմ՝ գինի ենք սարքել: Ես 33 տարեկան կլինեմ: Ես ծնվել եմ, իմացել եմ, որ գինին էդ նորմալ բան ա: Առավոտվա ձվածեղի նման, բոլոր մարդիկ գինի են սարքում»,- ժպիտով հիշում է Սամվելը: 

Սկզբում գինեգործությունն իրենց համար եղել է ուղղակի հոբբի: 2007-2008թթ․-ից սկսած` եղբայրների հետ գինի էին պատրաստում, բայց միայն ընտանիքի, ընկերների համար:

Վաճառելու միտքն առաջացել է 2013թ., երբ գինու մի քանի շիշ վերցրած` Սամվելը գնացել է ծանոթ սոմելյեի (գինեգետ) մոտ՝ խնդրելով, որ փորձի և իր կարծիքը հայտնի: Վերջինս դրական արձագանք է տվել ու ասել, որ գինին մեծ պոտենցիալ ունի:

Այնուհետև իրականացվել են բրենդավորման, շիշ ընտրելու, պատվիրելու, սարքեր գնելու և այլ գործընթացներ, որոնցից հետո միայն՝ 2016թ.-ի դեկտեմբերի 15-ին վաճառքի են հանվել «Ալլուրիա» անունով կարմիր չոր գինիները:

Անվանումն ընտրվել է ի պատիվ Վանի շրջանում գտնվող իրենց պապական գյուղի՝ Ալյուրի կողքով հոսող Ալլուրիա գետի: Հիմա այդ գետը կոչվում է Կարասու (թուրքերենից թարգմանաբար՝ սև ջուր):

Գինու արտադրման ամբողջ գործընթացը` բացառությամբ բերքահավաքի, իրենք` եղբայրներով են անում։

Սամվելն ասում է, որ կողքից իրենց գինեգործ ընկերները շատ են ասում, որ այնուամենայնիվ սուլֆիտներ և ծծումբ ավելացնեն, ինչը գինու արտադրության մեջ որոշակի չափով թույլատրելի է, սակայն իրենք չեն ավելացնում: Ասում են, որ այդպես իրենց ավանդական ընտանեկան գինին չի լինի։

Կոմերցիոն գործունեության 9 ամիսների ընթացքում վաճառքի համար արտադրել են մոտ 4500-5000 շիշ գինի, սակայն մյուս տարի նախատեսում են ընդլայնել խաղողի այգիներն ու արտադրել մոտ 10 000 շիշ:

Գինին սովորական խանութներում չի վաճառվում։ Այն կարելի է գտնել  միայն մասնագիտացված խանութներում, ինչպես նաև՝ գինու բարերում և ռեստորաններում:

Պատճառներից մեկն, իհարկե, արտադրության փոքր ծավալն է։ Իսկ երկրորդ, ամենակարևոր պատճառն այն է, որ ուզում են իրենց «գինին յուրահատուկ մնա»:

«Մենք էս գինին ուզում ենք, որ խմեն գինին հարգող, սիրող մարդիկ: Չեմ ուզում, որ ինքը դառնա սովորական»,- ասում է Սամվելը։- Իմ սրտից արյուն ա գնում, երբ որ մեր գինին լցնում են ու թողնում բաժակի մեջ: Որովհետև որ դու գիտես էն աշխատանքը, որ դու տանում ես, որ էդ մի գրամը ստանաս, ու ինչ-որ մեկը չի հարգում այդ աշխատանքը, էդ սպանիչ է»,- ժպիտով ասում է Սամվելը։

 

Կռիվ տված խաղողն ու «կոտոշավոր» գինին 

 Լոգո՝M(achanyan) W(ine)

Սամվելը վստահ է, որ լավ գինու խաղողը պետք է հողի հետ կռիվ տված խաղող լինի, պետք է լինի «պայքարող»:

«Եթե սևահողի մեջ խաղող եք տնկում, իրանից լավ գինի չի ստացվելու: Կլինի շատ լավ, ուղղակի խմելու գինի,- ասում է նա։- Արմատը պետք է պայքարի, քարը ջարդի, գնա հասնի ամենախորքի ջուրը խմի: Դա ինքնապաշտպանական բնազդն է, որով խաղողը հասկանում է, որը ինքը կարող է վերանալ և սկսում է կռիվ տալ, պայքարել»:

Հենց այդ սկզբունքով էլ ընտրել են պիտակի վրայի պատկերը՝ խոյին, որը ևս ապրում է սարերում, ժայռերում, «քարից խոտ գտնող», պայքարող կենդանի է, ինչպես իրենց խաղողը: «Ես շատ եմ լսել, որ մեր գինու անունը չեն հիշում, ասում են՝ էն կոտոշավոր գինին»,-կատակում է Սամվելը։

Օրեր առաջ եղբայրներով գնացել են Վանի իրենց գյուղն ու գտել իրենց պապական այգին, որը քանի տարի է` նորմալ չի ոռոգվել: Սակայն խաղողները դեռևս աճում են: Այդտեղից մի վազ են բերել իրենց հետ և փորձելու են աճեցնել այստեղ:

Թե խաղողի որ տեսակն է, չգիտեն: Սամվելը նմանեցնում է  արենիին, սակայն վստահ չէ:

 

Էմոցիոնալ գինին. ինչպե՞ս հասկանալ, որ այն լավն է

«Եթե մարդ խմեց, դուրն եկավ, ուրեմն գինին լավն է»,- սա է Սամվելի կարծիքը: Սակայն նա այնուամենայնիվ առանձնացնում է մի քանի հատկանիշ, որոնցով կարելի է գնահատել գինին:

Առաջինը Տեսքն է

-  Գինին առաջինը խմում են աչքերով: Լցնում եք բաժակը, եթե տեսքը ձեզ հաճելի է, դա արդեն պլյուս է՝ տեսքը վառ է, փայլում է բաժակի մեջ: Աչքերով եք իրեն խմում:

Երկրորդը ՝ Հոտը

-  Հոտով կարողանում եք իր մրգային նրբությունները բացահայտել: Ասում են՝ զգում եմ բալի չրի հոտ կամ սեխի հոտ: Ամեն խաղող, տարածաշրջանի հետ կապված համային և բույրային կարողություններ է վերցնում: Օրինակ՝ Հաղթանակ խաղողը շատ հայտնի ա խտացրած բալի հոտերով: Կարմիր գինին ավելի շատ կարմիր մրգերի հոտ է բերում, սպիտակը՝ սպիտակ:

Երրորդը` Համը

-   Վերջինը նոր համայինն է: Եթե սա էլ դուր եկավ, ուրեմն գինին լավն է: Չկա վատ գինի, ամեն դեպքում, աշխատանք է տարվում գինի ստանալու համար: Այդ դեպքում ուղղակի ասում են՝ իմ համար չի:


«Ես գինեգործությունը համեմատում եմ արվեստի հետ: Բոլոր մարդիկ էլ վրձինը կարան բռնեն ու նկարեն: Բայց բոլորինն էլ արժեք չունի: Արժեք ունեն էն էմոցիաները, էն ամեն ինչը, որը ինքն էդ նկարի մեջ դնում ա, ու կարողանում է փոխանցի: Գինին էլ, ես համոզված եմ, էդ էմոցիաները կուտակող մի հատ հատկություն ունի: Էդ ամբողջ պրոցեսի ընթացքում դրա մեջ դրված քո էմոցիաները՝ սկսած բերքահավաքից, վերջացրած շշալցմամբ, գինին կուտակում և փոխանցում է»:

Այդ պատճառով, երբ մտնում ենք մառան՝ հնեցվող գինիները նայելու, Սամվելն ասում է.«Այստեղ մտնում ենք միայն դրական մտքերով, որ գինին դրական լիցքեր կուտակի և հանկարծ չնեղանա, քանի որ ինքն այստեղ հասունանում, կրթվում ու դառնում ա մեծ գինի, իրան սթրեսներ պետք չեն: Ինքը պետք է լինի հանգիստ վիճակում»։

Մեկնաբանություններ (2)

Michael Carroll
I have just tasted Alluria wines for the first time. They are superb and the family that produced these wines should be congratulated for their dedication to their wine and the heritage. I hope the cutting from their home village grows to become something amazing.
Jeremi Avakian
Beautiful process! You can taste the love that went into this magnificent wine.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter