HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մենք ոտքի կկանգնենք, որ էս շղթան չլինի մեր գերբի վրա». «Սասնա ծռերի» նիստին հայտարարեց ամբաստանյալը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Սասնա Ծռերի» գործից անջատված մասով դատական նիստը:

Այսօրվա նիստի ընթացքում քննվում էր Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի,  Մարտիրոս Հակոբյանի, Գևորկ Իրիցյանի և Սերգեյ Կյուրեղյանի գործը: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով  նախապես երկու գործ էր քննվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, սակայն վերջինս որոշեց այդ երկու գործերից մասեր անջատել: Արդյունքում այս պահին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է այս դեպքի առնչությամբ երեք քրեական գործ:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Արամ Մանուկյանի ինքնությունը ճշտելու ժամանակ դատարանի այն հարցին, թե որտեղ է ծնվել, նա ասաց՝ Հայաստանի Հանրապետության մարզ Արցախում: Արամը նշեց նաև, որ միջնակարգ կրթությունից բացի թերի բարձրագույն կրթություն ունի, որը կիսատ է թողել և չի կարողանում շարունակել, քանի որ ուսումը շարունակելու համար ներկայացված միջնորդությունները մերժվում են:

Նիստի սկզբին պաշտպան Դավիթ Գյուրջյանը հայտարարությամբ հանդես եկավ Արամ Հակոբյանի հիվանդությունների վերաբերյալ և նշեց, որ իրենց կողմից ներկայացրած միջնորդությունները չեն քննվել, սակայն հարցը կարևոր է՝ վերաբերում է ամբաստանյալի կյանքին և առողջությանը:

«Առողջական վիճակս քանի գնում, վատանում է, ինչպես դուք ասացիք, անմեղության կանխավարկած կա, բայց  պայմանները... մենք նստում ենք մի քանի անգամ դատապարտված, պատժված  մարդկանց հետ»,-իր առողջական վիճակի մասին հայտնեց Վարդան Գերավետյանը, իսկ Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ իրեն դատարանի դահլիճ են բերում շղթայակապ, և խնդրեց դատավորին այդ հարցը կարգավորել և լինել անաչառ:

Թորոս Թորոսյանի անձը ճշտելուց հետո դատավորը նորից անդրադարձավ առողջական վիճակին, ինչի վերաբերյալ ամբաստանյալն ասաց. «Առողջական լուրջ խնդիրներ կան, հանձաժողովը երեկ թույլ ա տվել, որ ЦБ (դատապարտյալների հիվանդանոց-հեղ.) տեղափոխեն, բայց ես հրաժարվել եմ: Ասում են՝ դժոխքի մասնաճյուղն է»:

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո դատավորը ներկայացրեց նաև դատական կողմերի իրավունքերն ու պարտականությունները:

Արամ Մանուկյանը միջնորդությամբ հանդես եկավ և մեղադրողների նկատմամբ բացարկ հայտարարեց: «500 և ավել էջանոց հեքիաթ է, իրանք գրելուց առաջ գործը կարդացե՞լ են, ուսումնասիրե՞լ են, Պետրոս Պետրոսյանը  հանդիսանում է թմրամիջոցների և կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատող, կբացատրեք՝ ի՞նչ կապ ունի գործի հետ: Մեղադրական եզրակացությունը զակազ է, պատվերով գրած: Ընդամենը զենքի տեսակ է գրած, իբր գնացել ենք էնտեղ փամփուշտ կրակելու, է՞դ ա մեր գործողությունը, ոչինչ գրված չէ, չկա, որ պահանջել ենք իշխանափոխություն, բացի դրանից, նախագահի հրաժարականը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Դատավորը նշեց, որ դատախազությունը միասնական մարմին է և ներկայացած դատախազ Պետրոս Պետրոսյանը տվյալ վարչության դատախազ է:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ քիչ դրույթներ են վերաբերում իր պաշտպանյալին, և նաև գրված չէ հանցագործության ծնման շարժառիթները:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ մեղադրական եզրակացությանը կանդրադառնան համապատասխան փուլում, ինչպես նաև նշեց, որ ամբաստանյալները դատարանի հետ նստած են խոսում, որն անհարգալից վերաբերմունք է:

Դատավորը հիշեցրեց դատարանի հետ խոսելու կարգը, որից հետո Մարտիրոս Հակոբյանն ասաց, որ միանում է ներկայացված բացարկի միջնորդությանը. «Դուք մեզ չեք մեղադրում, ինչե՞ր եք սարքել, դրա մեջ եք մեղադրում, դուք մեզ չեք դատում նրա համար, ինչ մենք արել ենք, դուք գիտեք՝ մենք չե՞նք հասկանում օրենքը, չգիտե՞նք ոտքի կանգնել: Եթե տեսնենք, որ անաչառ եք, մենք կխոնարհվենք դատարանի առաջ: Ոտքի չկանգնելը ինքնանպատակ չէ, երկիրը կործանվում է ձեր աչքի առաջ»,-հայտնեց Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը:

Վարդան Գերավետյանն էլ հայտարարեց. «Նախագահը հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն, իր ասելով, ոչ էական տարածքները հանձնելուն, եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել, թող գնան, դրա համար ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը, ժողովուրդը պարտավոր էր ապստամբել և իր իրավունքները պաշտպանել: Մենք, սեփական կյանքը վտանգելով, փորձեցինք խնդիրը լուծել»:

Հովհաննես Հարությունյանն էլ, միանալով միջնորդությանը, հայտարարեց, որ Հայաստան է եկել 2016թ.-ի ապրիլին՝ քառօրյա պատերազմի օրերին, նշեց նաև, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վնասվածքներ է ստացել: «Ոստիկանությունը փորձում էր կասեցնել իմ գործողությունները՝ կրակ բացելով, մինչև էսօր ես որևէ օգնություն չեմ ստացել, առաջին օրն են գնդակներ հանել ոտքիս մեջից, հիմա կան ասկոլկեք: Մենք էն ժամանակ էինք զենք բարձրացրել էս կառավարության դեմ, որ մեր զինվորները զոհվում են, դուք թքած ունեք, էլի չե՞ն զոհվում զինվորները: Կա՞ էլ ուրիշ երկիր, որի վիճակն էսպիսին է: Մեզ էլ ամենավերջին մանյակների նման շղթայակապ տանում-բերում են: Դժվար չի ոտքի կանգնելը, մենք ոտքի կկանգնենք, որ էս շղթան չլինի մեր գերբի վրա: Ամեն տարի 100 երեխա կորցնենք, մենք ոչ մի բան չանեն՞ք, ոչ մեկի երեխեն չի ծառայել, վտանգված չէ»,- ասաց Հովհաննես Հարությունյանը և նայելով դատախազին՝ ավելացրեց՝ ջիպերով լա՞վ ա:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ներկայացված բացարկի միջնորդությունն անհիմն է, և մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը, շարժառիթները  գործի տվյալ փուլում քննվելու հարց չէ:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշեց դատախազներ Արթուր Չախոյանի և Պետրոս Պետրոսյանի վերաբերյալ բացարկի միջնորդությունը մերժել:

Այսօրվա նիստը հետաձգվեց՝ բոլոր փաստաբանների ներկայությունն ապահովելու համար:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter