HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարքային Արամ Խաչատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին

Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խաչատրյանի մահվան դեպքի հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:

Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԱԽաչատրյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով:

Բացի այդ, քննությամբ պարզվել են կրտսեր սերժանտի կողմից կատարված հանցավոր այլ դրսեւորումների՝ ծառայակիցներին վիրավորելու դեպքեր, պարզվել դրանց շարժառիթները։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝  խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter