HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական ինստիտուտի օտարված տարածքում բնակելի նորակառույցներ են «աճում»

«Հետքը» շարունակում է ներկայացնել ԳԱԱ ինստիտուտները՝ ըստ բաժանմունքների: Բնական գիտությունների բաժանումքի կառույցներին անդրադարձել ենք, այժմ ներկայացնում ենք քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքը:

Սրա մեջ ներառված են հետեւյալ հաստատությունները՝ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:

Բաժանմունքի մասին հոդվածաշարն սկսում ենք Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտից: Այս տարի լրանում է վերջինիս հիմնադրման 60 տարին: Հիմնադիրը եւ առաջին տնօրենը ակադեմիկոս, քիմիկոս Մանվել Մանվելյանն էր:

Ինստիտուտը պայքարում է՝ սեփականաշնորհման վկայական ստանալու համար

Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ենք՝ ալյումինի գործարանի հարեւանությամբ: Նորակառույց շենքերի դարպասից ներս ենք մտնում՝ ինստիտուտը գտնելու համար: Տեղի բնակիչներից մեկն ասում է, թե ինչ նոր շենքերը կառուցել են, ինստիտուտի տեղը շատերը չեն գտնում, նորակառույցները փակել են տեսադաշտը:

Ինստիտուտի նախկին մոտ 16,5 հա տարածքից այսօր մնացել է 5,5 հա: Գիտնականներն ասում են, թե իրենք էլ տեղյակ չեն եղել կատարվածից. երբ առաջին նորակառույցի շինարարությունն սկսվել էր, իմացել են, որ տարածքը վաճառվել է՝ առանց ինստիտուտի իմացության: Սա ամենամտահոգիչն է նրանց համար:

Ինստիտուտը 10 տարուց ավելի պայքարում է, որ իր ունեցած անշարժ գույքի համար սեփականաշնորհման վկայական ստանա: Դեռ 2003-2004-ին, աշխատակիցներից փոխանցմամբ, չափագրում են արել, ինչի համար 200 հազար դրամ են վճարել, սակայն ամեն ինչ մնացել է թղթի վրա: Այս տարվա ապրիլին Գիտությունների ազգային ակադեմիայում խնդրի մասին տեղյակ են պահել նաեւ Սերժ Սարգսյանին: Նշումներ է արել, բայց դեռեւս հարցի լուծումն առկախ է:

Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կնյազյանն ասում է, որ բազմիցս գնացել-եկել է թե՛ քաղաքապետարան, թե՛ քաղաքաշինական հիմնարկներ, նամակներ է գրել, սակայն որեւէ արդյունք չեն ունեցել:

Նախկինում ինստիտուտի բակն սկսվում էր այն դարպասից, որից ներս հիմա գտնվում են նորակառույց շենքերը: Տեղի բնակիչներն էլ ավտոմեքենաներով երթեւեկում են ինստիտուտի տարածքում: Գիտնականները մտավախություն ունեն, որ իրենց գուցե դիտավորյալ չեն ցանկանում սեփականաշնոհման վկայական տալ, որպեսզի մնացած տարածքն էլ վաճառեն ու ինստիտուտին փաստի առաջ կանգնեցնեն:

Ինստիտուտի տարածքը 2000 եւ 2016 թթ.

«Շնչում են» այն ոլորտները, որոնք կապ չունեն նորագույն սարքավորումների հետ

1957-ից գործող Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը մասնագիտացած է հանքային ապարների եւ արդյունաբերական թափոնների կոմպլեքսային վերամշակման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծման մեջ:

Ինստիտուտը 4 մասնաշենք ունի, իսկ ժամանակին՝ նաեւ փորձնական գործարան, որի տարածքը նույնպես վաճառվել է, ու, աշխատակիցների խոսքով, հնարավոր է, որ դրա տեղում էլ նորակառույց լինի:

Փորձնական գործարանը ինստիտուտին զուգահեռ էր հիմնադրվել, ժամանակին մոտ 400 աշխատող ուներ, ինստիտուտի մտահղացումները գործարկվում էին այդտեղ: Իր հերթին ինստիտուտն ուներ շուրջ 200 աշխատակից: Քիմիական գիտությունների դոկտոր Նշան Զուլումյանը, ով 46 տարի աշխատում է ինստիտուտում, պատմում է, որ հիմնարկի ստեղծման հիմքում դրված էր նեֆելինային սիենիտներից ալյումինի միօքսիդի ստացումը՝ հետագայում ալյումին ստանալու համար:

Բանն այն է, որ խորհրդային տարիներին Երեւանի (Քանաքեռի) ալյումինի գործարանի («ԿանԱԶ») հումքը՝ ալյումինի օքսիդը, բերվում էր Ռուսաստանից, այդ իսկ պատճառով մեր գիտնականները ցանկություն էին հայտնել հենց տեղում ստանալ այն: Հրազդան քաղաքի հարեւանությամբ՝ Թեժ լեռան տարածքում, նեֆելինային սիենիտի հանքավայր կար: Հանքանյութից ալյումինի օքսիդ ստանալու նպատակով Հրազդանում մեկնարկեց լեռնաքիմիական կոմբինատի շինարարությունը, որը, սակայն, ավարտին չհասցվեց, հակառակ դեպքում, ինչպես հավաստիացնում են մեր զրուցակիցները, Հայաստանն այսօր քիմիական մեծ գործարան կունենար:

Պատճառը, Նշան Զուլումյանի կարծիքով, ֆինանսական էր: Խնդիրը լուծելու համար որոշել էին նեֆելինային սիենիտից առաջացած թափոններն օգտագործել ցեմենտ ստանալու նպատակով, դրա համար էլ պետք էր ցեմենտի գործարան կառուցել: Այսինքն՝ ցեմենտի գործարանից ստացած եկամտի հաշվին ավարտին էր հասցվելու կիսատ մնացած կոմբինատի կառուցումը: Այսօր բոլորին հայտնի Հրազդանի ցեմենտի գործարանը 1970-ին շահագործման է հանձնվել որպես լեռնաքիմիական կոմբինատի ստորաբաժանում, իսկ 1977-ին վերածվել է ցեմենտի ինքնուրույն գործարանի:

«Ցեմենտի գործարանը կառուցեցին, սկսեցին ցեմենտ արտադրել: Այն ժամանակ (1974-ին- հեղ.) Քոչինյանին Դեմիրճյանը փոխարինեց, որն ասաց, թե մեզ պետք չէ քիմիական կոմբինատը: Այդ կորպուսները դրեցին «Հրազդանմաշի» էլեկտրոնիկայի տակ, սկսեցին աշխատել»,- պատմում է Ն. Զուլումյանը:

Տնօրեն Ն. Կնյազյանն էլ նշում է, որ կոմբինատի չկայացման պատճառներից մեկն էլ Խորհրդային Միության քաղաքականությունն էր, ըստ որի՝ ցանկալի էր, որ միութենական հանրապետություններն իրարից կախում ունենային, այսինքն՝ եթե մեկում գործարան կար, լավ կլիներ դրա հումքը բերել հարեւանից: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1990-ականներին, ինչպես մյուս ինստիտուտներում, Մանվելյանի անվան հաստատությունում էլ կրճատումներ եղան, փորձնական գործարանն էլ գիտնականների ձեռքից վերցրին:

Չնայած այս ամենին՝ ինստիտուտը շարունակում է կիրառական արդյունք ապահովել: Նիկոլայ Կնյազյանն ասում է, որ ի ծնե տեխնոլոգներ են, քանի որ ինստիտուտի ուղղվածությունը տեխնոլոգիաների մշակումն է ընդերքի հարստության հիման վրա:

Ինստիտուտն այսօր ունի 14 լաբորատորիա, 105 աշխատակից, որից 84-ը գիտաշխատողներ են:

Տնօրեն Կնյազյանն ասում է, թե մեր երկրում գիտական ինստիտուտների դժվարությունները նույնն են:

Ըստ տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Կոստանյանի՝ Հայաստանում գիտությունը մի քիչ «շնչում է» այն ոլորտներում, որոնք կապ չունեն նորագույն սարքավորումների հետ: Օրինակ է բերում ֆիզիկոս-տեսաբաններին, որոնց թուղթ, մատիտ ու մի համակարգիչ է անհրաժեշտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներին, որոնց մի հզոր համակարգիչ է անհրաժեշտ: Գիտության այն ներկայացուցիչները, որոնք սարքավորումներով, նյութերով են զբաղված, Կոստանյանի փոխանցմամբ, խնդիրներ ունեն: Նորագույն սարքավորումները մեծ գումարներ արժեն, օրինակ, 250 հազար դոլար:

Մի քանի սարքավորումներ ինստիտուտը կարողացել է ձեռք բերել դրամաշնորհների միջոցով: Անցյալ տարի ՀՀ գիտության պետական կոմիտեից ստացել են 2 դրամաշնորհ, այս տարի՝ 3-ը:

ԸԱՔԻ
Infogram

Ինֆոգրաֆիկայում նշված տվյալները վերցված են պետբյուջեից, սակայն լինում են դեպքեր, երբ ինստիտուտները ստանում են նախատեսվածից ավելին: Օրինակ՝ այս պարագայում, ինստիտուտի տրամադրած տվյալների համաձայն, 2014-ին, բացի բազային ֆինանսավորումից, որը երեւում է վերեւում, ստացել են նաեւ 6.180.000 դրամ գումար թեմատիկ հետազոտությունների համար, 2015-ին նույն նպատակով հատկացումը տարեվերջյան տվյալներով կազմել է 9.620.000 դրամ, իսկ 2016-ին՝ 24.427.000: 

Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների զգալի մասը՝ 105-ից 75-ը, նվազագույն (55.000 դրամ) աշխատավարձ է ստանում: Ամենաբարձր աշխատավարձը («մաքուր»՝ 130.420 դրամ) ստանում է տնօրենը:

Գիտությունը՝ նվիրյալների աշխատանք

Նիկոլայ Կնյազյանն ասում է, որ մեր երկրում գիտությունը գոյություն ունի նվիրյալների շնորհիվ, ում պետք է հանգիստ աշխատելու, մտածելու հնարավորություն տալ: Հենց այդ նվիրյալներն էլ այսօր, ըստ նրա, ապահովում են կիրառական արդյունքը:

«Մենք էկոլոգիական լուրջ խնդիրներ ունենք հատկապես մետալուրգիական գործարանների գրեթե անփույթ, կասեի՝ թշնամի աշխատանքի պատճառով: Ոչ մի տեղ երկրորդային հումքը չի վերամշակվում, ամբարվում է ինչ-որ տեղ, հետո անձրեւը, ջուրը դրանք տանում են դեպի դաշտեր, այլ տարածքներ: Մեր ինստիտուտի բոլոր մշակումները հիմնականում գործարանների, արտադրության, կոնվեյերային գծերի հետ են կապված»,- ասում է դոկտոր Կնյազյանը, ով 40 տարուց ավելի աշխատում է ինստիտուտում:

Տեխնիկական գիտությունների թեկնածու Վոլոդյա Բաղրամյանի հետ շրջում ենք ինստիտուտի շենքում: Մի քանի լաբորատորիա ենք մտնում: Աշխատակիցների մի մասը երկար տարիների կենսափորձով է: Շենքը վերանորոգված չէ, սարքավորումները հիմնականում 70-80-ականների արտադրության են, սակայն մթնոլորտը ջերմ է, աշխատանքային:

Ինստիտուտն էլեկտրականությամբ է ջեռուցվում: Տնօրենը նշում է, որ գազի խողովակաշարը հասցրել է բակ, բայց քանի որ սեփականաշնորհման գրքույկ չունեն, գազը չեն անցկացնում: Ու չնայած էլեկտրականությամբ ջեռուցելու արդյունքում զգալի վճար է գոյանում, աշխատանքը կանգ չի առնում ու չի էլ կարող:

Նիկոլայ Կնյազյանը շեշտում է, որ իրենց ամենամեծ խնդիրը սեփականաշնորհման հարցն է, հավելում է, որ ինստիտուտը, պետական ոչ առեւտրային կազմակերպություն լինելով, պետք է նաեւ պետականորեն պաշտպանված լինի, մինչդեռ մարդիկ, ովքեր գիտական հիմնարկից խլել են տարածքը, այսօր սեփականաշնորհման վկայականներ ունեն, իսկ ինստիտուտը, որ այդ ամենի նախահիմքն է եղել, չունի:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter