Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ՊԵԿ պաշտոնյայի պահածոյացված ձկների բիզնեսը



Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանն արդեն մեկ տարի է` բիզնես ոլորտ է մտել: Նա որոշել է զբաղվել պահածոյացված ձկների բիզնեսով:

«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին՝ «Իշխան Արարատ» և «Վենլո» Հ/Ձ ընկերությունների կողմից: Ընթացքում մի քանի անգամ բաժնետերերը փոխվել են: Այժմ ընկերությունում 5-ական տոկոս բաժնեմաս ունեն Արմավիրի մարզի Արաքս համայնքի 5 բնակիչներ, ովքեր եղբայրներ ու ազգականներ են: Մնացած 75%-ը հավասարաչափ կիսում են ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը, վերջինիս դուստրը՝ Լենա Հակոբյանը և Առինջ գյուղի բնակիչ 25-ամյա Ծովինար Ղազարյանը:

Ծովինար Ղազարյանի հայրը՝ Մանվել Ղազարյանը, ֆինանսների նախարարության աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից 2016թ.-ին 5 տարի ժամկետով ստացել է աուդիտորի որակավորման վկայական: Նա մտերիմ կապեր ունի Հակոբ Հակոբյանի հետ:

«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն դրամ, որից 10 մլն-ը հավասարաչափ բաժին է հասնում Հակոբ և Լենա Հակոբյաններին: Այսինքն՝ ընկերության բաժնեմասերի կեսը Հակոբյանների ձեռքում է:

Ընկերությունը ձկնաբուծարան ունի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տեղեկատվության համաձայն՝ «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն 2016թ.-ի հունվարի 13-ին 3 տարի ժամկետով ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Նպատակը ձկնաբուծությամբ զբաղվելն է: Թույլատրելի տարեկան ջրօգտագործման ծավալը կազմում է 14.74 հազ. խմ: Օգտագործվում է մեկ խորքային հոր:

Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Հակոբ Հակոբյանը 1993 թվականից աշխատում է հարկային ոլորտում: Հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնում է 2008թ-ից:

Նա այս տարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի ու եկամուտների հայտարարագիր: Առաջին անգամն է, որ Հ. Հակոբյանը հայտարարագիր է ներկայացնում:

Ըստ այդ հայտարարագրի՝ նրա տարեկան եկամուտը կազմում է 7 մլն 163 հազար դրամ, որից 2 մլն 315 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը՝ ստացած վարկը: Թեև ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետը 20 մլն դրամ կապիտալ ունեցող ընկերության բաժնետեր է, իսկ հարկային մարմնի տեղեկացմամբ` ընկերությունը գործող է, սակայն նա շահաբաժնից եկամուտ չի հայտարարագրել:

«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն չկա նաև 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 14 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար:

Պաշտոնյան ունի նաև MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է նաև  2 առանձնատուն և 2 միավոր հողամաս:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Հարց հարգելի Գրիշաին08:33 - 25 հոկտեմբերի, 2017
Դուք գրում եք՝ - // նրա տարեկան եկամուտը կազմում է 7 մլն 163 հազար դրամ, որից 2 մլն 315 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը՝ ստացած վարկը:// - «վարկը», ինչքան գիտենք, դա բանկից վերցրած պարտք է: Ինչպես է այն «եկամուտ» համարվում (գուցե այդ տերմինը այլ իմաստ էլ ունի?) Այսպես ներկայացվում է նաեւ մի քանի այլ հոդվածներում, որը տարակուսանք է առաջացնում:
2. Գրիշա Բալասանյան15:03 - 25 հոկտեմբերի, 2017
Հարգելի ընթերցող, Հանրային ծառայության մասին օրենքով վարկը կամ ստացած փոխառությունը համարվում է եկամուտ:
3. ընթերցող15:56 - 25 հոկտեմբերի, 2017
2 - ին: Շնորհակալություն, բայց ահագին զարմացա! Բանն այն է, որ բարեկամներիցս մեկը երեսը պնդելով ինձնից անընդհատ փող է ուզում, ասելով թե վարկերի տակ ճկռած եմ: Հիմա կասեմ, այ անազնիվ մարդ, դու օրենքով ինձնից տասնապատիկ ավել եկամուտ ունես, գնա վայելի, քո սենցն ու ընենցը ....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ